Համեստ մի տան անկյունում, որն անասելի հեռու է աշխարհի այն անկյունից, որը ես հիմա իմ տունն եմ անվանում, նստած եմ իմ ծերացած հոր հետ: Այս տանն եմ ես մեծացել:
Թերևս երկուսս էլ փորձում ենք գտնել Ալաբաման Հայաստանի հետ կապող որևէ բան, թեև մեզնից ոչ մեկը չի խոստովանում դա:
«Հայաստանում անասուն պահու՞մ են», ուզում է իմանալ ծերուկը:
Նա դրանով է զբաղվել: Իսկ ես տանել չէի կարող, որովհետև երբեմն դա նշանակում էր, որ նրա դեռահաս որդին պետք է առավոտը շուտ վեր կենար տաքուկ անկողնուց և զբաղվեր այդ գարշահոտ անասուններով, իսկ հետո որքան էլ ձեռքերը լվանար, հոտը չէր անցնում, և նա ստիպված էր այդպես դպրոցական ավտոբուս նստել:
Ես ասացի հորս, որ կովերը, ոչխարները և խոզերը կարևոր տեղ են գրավում Հայաստանի գյուղական կյանքում և հայերի սեղաններին:
Հորս աշխարհում կատարված մեծագույն իրադարձությունն այն էր, որ մի քանի տարի առաջ այստեղ կառուցեցին մի սուպեր «ՈՒոլ մարթ» («ՈՒոլ մարթը» հանրախանութների մի հսկայական ցանց է, որն Ամերիկայի խորհրդանիշն է կամ էլ դժբախտությունը՝ կախված թե ինչ տեսանկյունով եք դրան նայում):
««ՈՒոլ մարթն» արդեն հասե՞լ է Հայաստան», հետաքրքրվում է հայրս:
«Եթե հասնի, ես նույն օրը կլքեմ երկիրը», ասում եմ ես: Ուզում եմ պատմել Երևանի վերնիսաժի մասին, բայց հետո գիտակցում եմ, որ ավելի լավ է որոշ բաներ առեղծված թողնել:
«Ինչպե՞ս էր այդ քաղաքի անունը, որտեղ ապրում ես»:
«Երևան»:
«Դերևա՞ն»:
«Երևան»:
«Հա՜»:
Խոսում ենք ուտելիքի մասին: Ես պատմում եմ, որ վերջերս գնացել էի խաշի՝ ճաշատեսակ, որով բուրում են հայկական խոհանոցները ձմռանը: Ծերուկս կնճռոտում է դեմքը, իսկ ես հիշեցնում եմ, որ հենց այս ալաբամյան տան խոհանոցում ես պատանի տարիքում սկյուռի ուղեղով ձվածեղ էի ուտում:
Պատմում եմ Հայաստանի համեղ մրգերի ու բնաջարեղենի մասին: Հայրս դանդաղ դուրս է գալիս սենյակից ու վերադառնում է ձեռքին մի տուփ, որի մեջ հողով լցված փոքրիկ անոթներ են: Նա դրանց մեջ լոլիկի սերմեր է ցանել:
«Ինձ դուր է գալիս տարբեր բաներ աճեցնել», ասում է նա: Իսկ ես փորձում եմ իմաստ գտնել այն բանում, որ 85-ամյա մարդը սպասում է դեռևս ծիլ չտված լոլիկի բերքին:
Նա ուզում է իմանալ, թե Հայաստանում ինչ մեքենաներ կան:
Ասում եմ, որ ամեն տեսակ մեքենա էլ կա, բայց գերիշխում են «Նիվա»-ներն ու «Վոլգա»-ները:
«Ռուսակա՞ն», ասում է նա:
Ասում եմ` այո, իսկ նա հարցնում է, արդյոք Հայաստանն ամեն ինչ ներկրում է: Նաև հարցնում է, արդյոք ելք ունի դեպի ծով, թե ինչպիսի կառավարություն ունի, ունի արդյոք նախագահ և այլն:
Իսկ հորս կինը հետաքրքրվում է կրոնով:
«Այնտեղ մեթոդիստներ ու բապտիստներ կա՞ն», հարցնում է նա:
«Ոչ, պարզապես քրիստոնյաներ, - ասում եմ ես, - ու նաև կոմունիստներ, ու նաև այնպիսիք, որոնք սպասում են մի լավ առաջարկի, որ իմանան, թե ում հավատան»:
Հարցերը գրեթե մանկական են: Իսկ պարզ պատասխանները զուրկ են այն կյանքի բարդությունից, որը հանգեցրել է այս պահին այս ծանոթ ու հիմա օտար տանը:
Այն սենյակում, որտեղ ես ժամանակին քնում էի, իմ սև-սպիտակ նկարն է` վեց տարեկանում: Ես նայում եմ այդ դեմքին, հետո` հայելուն, ու մտածում եմ այն աշխարհի մասին, որ տեսել եմ դրանց միջև: Եվ չեմ կարողանում պատկերացնել իմ հոր աշխարհը: Նա Առաջին համաշխարհային պատերազմի զավակն է, երկրորդի վետերանը, հայրը Վիետնամի վետերանի և պապը հիմա Բաղդադում ծառայող կրտսեր լեյտենանտի:
ՈՒ նաև հայրը մի որդու, որը կերտել է իր կյանքը աշխարհի ծայրին այնպիսի մարդկանց մեջ, որոնց ինքն էլ կսիրեր, եթե այդ հնարավորությունը նրան ընձեռվեր: Եվ ես մտածում եմ, թե որքան երախտապարտ եմ ես, որ ունեմ այդ հնարավորությունը:
Ես նրան տեսնում եմ միայն մի քանի տարին մեկ: Եվ այդ այցելությունների ժամանակ մեղքի զգացում եմ ունենում: Հայաստանը սովորեցրել է ինձ, որ ես լավ որդի չեմ: Ապրելով իմ նոր աշխարհում` ես սովորել եմ ընտանիքի արժեքները և կուզենայի, որ դրանք կիրառված լինեին այս տանը մեծացած պատանու նկատմամբ:
Իսկ միգուցե Հայաստանը այդ իրավունքը վաստակելու մի երկրորդ հնարավորությու՞ն է: Եվ ես Ալաբամայի իմ նախկին տնից զանգահարում եմ Հայաստան, որպեսզի իմանամ, թե ինչպես է իմ հղի սանիկը:
Կապեր: Փնտրում եմ կապեր:
Ես դուրս եմ գալիս այն սենյակից, որտեղ քնում էի, երբ սա իմ տունն էր, իսկ Հայաստանը ևս մի բան էր, որը պարզապես կարող էր չկատարվել ինձ հետ:
Պատին, որտեղ առաջ մի էժանագին նկար էր կախված, այժմ աշխարհի քարտեզն է: Եվ աշխարհի այն մասում, որը ես հիմա ավելի լավ գիտեմ, քան այս մեկը, քարտեզի մի քորոց է խրված փոքրիկ վարդագույն լաքայի վրա, որի վրա փոքր տառերով գրված է «Հայաստան»:
Եվ ինձ թվում է, թե այս քորոցն այն տղան է, որ ծնվել է այս տանը մի հորից, որը գուցեև երբեք չի հասկացել այս աշխարհը, բայց երբեք չի խանգարել իր որդուն նոր աշխարհներ բացելու:
Եվ ես գտնում եմ, որ ուրախ լինելու շատ հիմքեր ունեմ: |