|
«ԻԿՈՄՈՍ» 2002-2003 թթ. տարեգրքի «Վտանգված ժառանգություն» զեկույցը տեղեկություններ է ընդգրկում Ջուղայում հայկական խաչքարերի մասին |
Միջազգային կազմակերպությունն իր նոր զեկուցման մեջ անդրադարձել է Ադրբեջանի տարածքում հայկական պատմական հուշարձանների ոչնչացմանը:
Պատմական հուշարձանների և պատմական վայրերի պահպանության «Իկոմոս» միջազգային հասարակական կազմակերպությունը այս ամիս հրատարակված իր վերջին տարեգրքում դատապարտել է խաչքարերի վերսկսված ոչնչացումը Ադրբեջանի Ջուլֆա (Ջուղա) քաղաքում:
Իրենց հոդվածում «Իկոմոս/Հայաստան» կազմակերպության անդամ, հայկական մշակույթն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Հախնազարյանը և Դիթեր Վիքմանը ներկայացրել են Ջուղայի գերեզմանոցի պատմամշակութային նշանակությունը: Այստեղ եղել են վաղ միջնադարից մինչև 1605 թվականին քաղաքի կործանումն ընկած ժամանակաշրջանը ներկայացնող հազարավոր խաչքարեր:
Զեկույցն արձանագրում է, որ անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներին վերսկսվել է խաչքարերի ոչնչացումը, և ավելացնում է, որ այդ գործողությունները «չէին կարող իրականացվել առանց Ադրբեջանի կառավարության համաձայնության»:
Հոդվածն ավարտվում է այսպես. «Դժվար է խուսափել զուգահեռներ անցկացնելուց այս գործողությունների և Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի արձանների՝ ամբողջ աշխարհում բողոքի ալիք առաջացրած, նպատակաուղղված ոչնչացման միջև:
«Այս դեպքում ևս մենք գործ ունենք օտար մշակույթի կրոնական հուշարձանների սիստեմատիկ ոչնչացման հետ: Միակ տարբերությունն այն է, որ Նախիջևանում կատարվածը վերաբերում է եվրոպական քաղաքակրթության պատմությանը»:
Հայաստանը անդամագրվել է «Իկոմոս»-ին 2001 թվականին: «Իկոմոս/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը նշում է. «1998-1999 թվականներին այն մասունքները, որոնք մնացել էին պատմական Ջուղայի գերեզմանոցում, ադրբեջանցիները ոչ թե ավերում էին, այլ բուլդոզերներով տեղափոխում ու տեղահան անում:
«Այն ժամանակ բողոքի ձայն բարձրացրին Հայաստանի կառավարությունը, Մայր Աթոռը, մի շարք կազմակերպություններ, և բարբարոսական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Սակայն այդ ամենը վերսկսեց 2002-ին: Նրանք որոշեցին ոչնչացնել հուշարձանները թեման իսպառ փակելու համար», ասում է Գյուրջյանը:
|
Ներկայումս Ջուղայում մնացել է մոտ 500 խաչքար |
Այն պահին, երբ ադրբեջանցիները վերսկսեցին իրենց ավերիչ գործողությունները, Հայաստանն ահազանգ ստացավ Իրանից: Արաքսի մյուս ափից իրանահայ ճարտարապետները լուսանկարել էին կատարվածը և փաստացի լուսանկարները համապատասխան տեղեկությունների հետ միասին ուղարկել էին Հայաստան:
«Այս անգամ խաչքարերը ոչ թե տեղափոխել, այլ թաղել են հողի տակ, այսինքն՝ երկրի երեսից վերացնելու ակցիա են իրագործել», ասում է Գյուրջյանը:
Կատարված ոճրագործությանն իրենց բողոքներով միանգամից արձագանքեցին «Նախիջևան» հայրենակցական միությունը, Հայաստանի ճարտարապետների միությունը, Հայաստանի հուշարձանների պահպանության ընկերությունը, Հայկական հուշարձանների ուսումնասիրման միջազգային կազմակերպությունը, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում:
«Իկոմոս/Հայաստանը» դիմեց «Իկոմոսի» նախագահ Մայքլ Պեցետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ոչնչացումը դադարեցնելու, հուշարձանի նախկին տեսքը վերականգնելու նապատակով և դատապարտել Ադրբեջանի գործողությունները:
«Մենք խնդրում էինք, որ նրանք օգտագործեն իրենց լծակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով համապատասխան մասնագետներ տարածաշրջան ուղարկելու համար, որոնք հայ և ադրբեջանցի մասնագետների հետ միասին կքննեին խնդիրը», նշում է Գյուրջյանը:
2003 թվականի փետրվարի 24-ին ստացվում է Պեցետի նամակը, որով նա հայտնում է, որ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Նախիջևանում հայկական պատմամշակութային հուշարձաններին հասցված վնասը գնահատելու համար: Նա կարևորել է հարցի միջազգայնացումը, քանի որ աշխարհն անտեղյակ է դրանից: Նա խոստացել է համապատասխան նյութեր հրատարակել «Իկոմոսի» տարեգրքում:
«Արդեն տպագրել են, նշանակում է հասկացել ու կարևորել են մեր խնդիրը, և սա առաջին կարևոր քայլն է: Մեր նպատակն է, որ մասնագետներն այցելեն տարածաշրջան և տեղում ուսումնասիրեն փաստը», ասում է Գյուրջյանը:
«Այս հարցը հայ պատգամավորները բարձրացրել են նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշակութային հանձնաժողովում, որի արդյունքում որոշում է կայացվել համապատասխան հանձնախումբ ուղարկել տեղում հարցը ուսումնասիրելու նպատակով: Չնայած կայացված որոշմանը մինչ օրս հանձնախումբը չի այցելել տարածաշրջան», ասում է նա:
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժողովում՝ պահանջելով գնահատական տալ այդ բարբարոսությանը:
20-րդ դարի սկզբում Ջուղայում կար 10000 խաչքար: Դրանց մոտ կեսը ոչնչացվել է Ալեքսանդրապոլ-Թեհրան երկաթուղու շինարարության ընթացքում: Խորհրդային տարիներին խաչքարերը պահպանվել են:
Խորհրդային Միության փլուզումից հետո ոչնչացվել են ևս 1500 խաչքարեր, մի մասն էլ թաղվել է գետնի տակ: Այս ամենի արդյունքում մնացել է մոտ 500 խաչքար:
«Իկոմոսը» վերնագրել է 2002-2003 թթ. իր զեկույցը «Վտանգված արժեքներ»: Այն բաշխվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 106 երկրներին, որոնց թվում են Թուրքիան և Ադրբեջանը:
«Ջուղայի խաչքարերը անգամ ընդգրկված չեն Ադրբեջանի հուշարձանների պետական ցուցակում: Կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բարձրացվի այլ երկրներում հայկական պատմամշակութային արժեքների պահպանման հարցը: Այդ հուշարձանները պետք է ընդգրկվեն նույն այդ երկրների պատմական հուշարձանների ցանկում», նշում է Գյուրջյանը: |