|
Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարել է ադրբեջանցի զինվորականը
|
Հայ սպայի սպանությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի դասընթացներում ադրբեջանցի զինվորականի կողմից մեծացրել է լարվածությունը երկու երկրների միջև:
Փետրվարի 19-ի վաղ առավոտյան 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը կացնահարվել է քնած վիճակում: Սպանության մեղադրանքով կալանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարվածը դատապարտել է որպես «դաժանությամբ նախադեպը չունեցող վայրագ սպանություն»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը «ափսոսանք է» հայտնել միջադեպի կապակցությամբ, սակայն հայտարարել է, թե հայ զինվորականը հրահրել է 27-ամյա Սաֆարովին:
Երկու զինվորականները մասնակցում էին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրով անցկացվող անգլերեն լեզվի դասընթացներին: Մարգարյանը գտնվում էր Բուդապեշտում հունվարի 6-ից:
Բուդապեշտի ոստիկանությունը նկարագրել է դեպքը որպես «արտասովոր դաժանությամբ կատարված սպանություն»: Ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոփն ասել է. «Բացի կրծքի շրջանում դանակի բազմաթիվ հարվածների հետքերից, զոհի գլուխը փաստորեն հատված էր մարմնից»:
Ոստիկանությունը հայտնել է, որ ադրբեջանցի սպան մտել է Մարգարյանի սենյակը, երբ վերջինս քնած է եղել, և կացնի հարվածով սպանել նրան:
Մարգարյանի հունգարացի սենյակակիցը տագնապ է բարձրացրել և զանգահարել է ոստիկանություն, որի հավաստմամբ ձերբակալության պահին Սաֆարովը դիմադրություն ցույց չի տվել:
Բուդապեշտի քննիչները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության դրդապատճառները, սակայն երկուշաբթի օրը հունգարական ոստիկանությունը հայտնել է, որ ադրբեջանցի սպան նախապատրաստել է ոճրագործությունը մեկ ամսվա ընթացքում: Նրանք հերքել են Սաֆարովի և Մարգարյանի միջև կոնֆլիկտի վարկածը:
Գուրգեն Մարգարյանը Երևանի բնակիչ էր: Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը: Մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ էր: 1999-2001 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային բանակում, ապա զինվորական ծառայությունը շարունակել է ՊՆ թիկունքի վարչությունում: Ընկերների բնութագրմամբ զուսպ էր և հավասարակշիռ:
Հինգշաբթի օրը Գուրգեն Մարգարյանի աճյունը բերվեց Երևան: Հայ սպայի դին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները: Օդանավակայանում էին նաև սպանված զինվորականի հարազատներն ու քաղաքացիներ, որոնք պարզել էին «Արժանի պատիժ ազերի ոճրագործի'ն», «Ո'չ սպանդին, եղեռնին» պաստառները:
Գուրգեն Մարգարյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 28-ին Եռաբլուրում:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը «կատարված վայրագ սպանությունը գնահատում է որպես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության ակտիվացման և թշնամանքի սերմանման քաղաքականության անմիջական հետևանք» և հույս է հայտնում, որ «միջազգային հանրությունը համապատասխան եզրակացություն կանի»:
Ըստ ՊՆ հայտարարության դասընթացներին մասնակցող երկրորդ հայ սպան փրկվել է նույն ճակատագրից իր լիտվացի սենյակակցի միջամտության շնորհիվ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր խորը զայրույթն է արտահայտել՝ Հունգարիայի իշխանություններից պահանջելով ոճրագործին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:
«Այս հանցագործությունը տրամաբանական հետևանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի և վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետևողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հանրությունը», ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ն դատապարտել է սպանությունը և հույս է հայտնել, որ «ողբերգական միջադեպը» չի անդրադառնա ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության վրա:
«Դա հստակորեն քրեական հանցագործություն է, որը մենք, անշուշտ, խստորեն դատապարտում ենք: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածի ընտանիքին: Մեր մտքերը ներկա պահին նրա ընտանիքի հետ են», հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Պշչելը:
«Հայաստանը ծրագրի ակտիվ մասնակիցներից է: Մենք հուսով ենք և կոչ ենք անում Հայաստանին շարունակելու այդ մասնակցությունը»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես ցավակցություն է հայտնել՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ Մարգարյանը «շարունակաբար վիրավորել է Սաֆարովի արժանապատվությունը՝ որպես ադրբեջանցի սպայի և քաղաքացու»:
Ադրբեջանի ՊՆ խոսնակ Ռամիզ Մելիքովը Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ ադրբեջանցի սպան եղել է Ջեբրայիլի շրջանի բնակիչ, նրա հարազատները սպանվել են ղարաբաղյան պատերազմի տարիներին, ինչը կարող էր բացասաբար անդրադառնալ ադրբեջանցի սպայի հոգեբանության վրա:
«Մինչև դատարանի որոշումը ոչ ոք իրավունք չունի ադրբեջանցի սպային անվանելու մարդասպան: Դեռևս պարզ չէ, թե ով է սպանել հայ սպային», հայտարարել է Մելիքովը:
Ադրբեջանական «Զերկալո» և «Էխո» թերթերն այս կապակցությամբ հրապարակած իրենց հոդվածները վերնագրել են «Ո՞վ է սպանել հայ սպային Բուդապեշտում» և «Հայ սպայի սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի զինվորականը»:
Սաֆարովն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը և Թուրքիայի ցամաքային զորքերի բարձրագույն դպրոցը: Ըստ ադրբեջանական «Էխո» թերթի Բուդապեշտի դասընթացներին մասնակցող երկրորդ ադրբեջանցի սպան դեպքից մեկ օր հետո վերադարձել է Ադրբեջան:
Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Ակշին Մեհտիևն ավելի ռազմատենչ դիրքորոշում է որդեգրել: Նա խորհուրդ է տվել հայերին չքնել այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ-ի հարցը օրակարգում է. «Մինչև ԼՂՀ-ի հակամարտությունը չկարգավորվի, չի կարելի լիովին բացառել բուդապեշտյան միջադեպի կրկնությունը»:
Ոմանք Ադրբեջանում արդեն Սաֆարովին հերոս են հայտարարում: Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրություն կազմակերպությունը ստեղծել է Ռամիլ Սաֆարովի պաշտպանության կոմիտե, որին միացել են Ադրբեջանի մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ:
Ադրբեջանական «Զերկալո» թերթը գրում է. «Կազմակերպության մի անդամ կոչ է արել ժողովրդին բոլոր նորածին տղաներին անվանել Ռամիլ անունով: Սա մեր բարոյական աջակցությունը կլինի հայրենիքից»:
Հայաստանի իշխանությունները միջադեպը կապում են աշնանը Ադրբեջանում կայանալիք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցությանը պաշտոնական Բաքվի մերժողական դիրքի հետ: Անցյալ ամիս ՊՆ պատվիրակությունը չկարողացավ մասնակցել Բաքվում կայացած նախնական պլանավորման կոնֆերանսին:
ՆԱՏՕ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիգեն Չիտեչյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դո Հոոպ Սխեֆերի հետ և նրան է փոխանցել Վարդան Օսկանյանի նամակը: Գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել Մարգարյանի ընտանիքին:
Եվրոպայի հայերի համագումարը խստորեն դատապարտել է սպանությունը Բուդապեշտում. «Ադրբեջանցի սպայի այս բարբարոս գործողությունը ևս մեկ արյունալի ապացույց է այն իրողության, որ հայ ժողովուրդը չի կարող անվտանգ գոյատևել Ադրբեջանի իշխանության ներքո»:
Երիտասարդական կազմակերպությունները նույնպես իրենց զայրույթն են արտահայտել՝ բողոքի երթ կազմակերպելով դեպի արտգործնախարարություն, որտեղ սպանությունը դատապարտող նամակ են հանձնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դևիսին:
|
Միքայել Հարությունյանն ասում է, որ պարտություն կկրի այն կողմը, որը կսկսի պատերազմը
|
«Իմ տպավորությամբ բանակցությունները շարունակելով հանդերձ Ադրբեջանն, այնուամենյանիվ, նախապատրաստվում է պատերազմի», ասում է Ազգային ժողովրդական միության առաջնորդ և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով Մարգարյանի սպանությանը՝ նա նշում է. «Ես չեմ բացառում, որ դա Ադրբեջանում սկսված հակահայկական հիստերիայի արդյունք է: Իսկ հիստերիան սկսվում է պատերազմի նախապատրաստվելուց առաջ»:
Ըստ պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանի Ադրբեջանի զինված ուժերում տիրող իրավիճակը հիմք չի տալիս ասելու, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
«Ես համոզված եմ, որ ով առաջինը սկսի այդ պատերազմը, նա էլ կպարտվի: Իսկ մենք չենք պատրաստվում սկսել այդ պատերազմը», հայտարարել է Հարությունյանը:
|