Հայաստանի հեռուստակայաններից մեկում այն կարծիքին են, որ մարզվող մարդկանց ցուցադրող շոուն կարող է մեծ ժողովրդականություն վայելել բազմոցին փռված հեռուստադիտողների շրջանում:
|
«Առողջ ապրելակերպի սիրահարների ակումբի» պաստառը կոչ է անում բոլորին մասնակցելու միջոցառմանը. |
«Արմենիա» հեռուստաընկերությունը` ամենամեծ հեռուստալսարան ունեցող կայաններից մեկը Հայաստանում, նախատեսում է գարնանային երկու ամիսների ընթացքում եթերարձակել «Առողջ ապրելակերպի սիրահարների ակումբ» հաղորդաշարը: Շաբաթը երկու անգամ ծրագիրը կցուցադրի, թե ինչպես են մասնակիցները մրցում տարբեր մարզաձևերում` լող, բուոլինգ և վազք Երևանի փողոցներով:
Հաղթող, սակայն, կճանաչվի նա, ում ամենից շատ կհավանեն հեռուստադիտողները: Նրանք կքվեարկեն իրենց ընտրյալների օգտին հեռախոսազանգերի միջոցով: Սակայն շոուի երկու ամիսների ընթացքում հաղթողի թեկնածուների թիվն աստիճանաբար կնվազի, քանի որ ամենաքիչ աջակցություն ստացած մասնակիցներն ամեն շաբաթ հրաժեշտ կտան մրցույթին:
«Առողջ ապրելակերպի սիրահարների ակումբ» ծրագիրն ինչպես թեթև զվարճալիք է, այնպես էլ լուրջ քաղաքական ուղերձ է. ծրագիրն իր հովանու տակ է առել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ծրագրին աջակցում է նաև Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը, որը պատկանում է մի հանրահայտ սփյուռքահայ բարերարի: Հովանավորներն են «Նայքի», «ՍԱՍ գրուփ» և «ՍԻՍ նաչուրել» ընկերությունները:
Նախագահի մամլո խոսնակ Աշոտ Քոչարյանն ասում է, որ ծրագրի նպատակն առողջ ապրելակերպի խրախուսումն է:
«Նախագահն ինքը զբաղվում է սպորտով և առողջ ապրելակերպի կողմնակից է: Նա շատ է սիրում զբաղվել ջրային մարզաձևերով ամռանը և դահուկասահքով ձմռանը: Նախագահը սիրում է նաև բասկետբոլ խաղալ», ասաց նախագահի մամլո խոսնակը:
Ներկայումս «Արմենիա» հեռուստաընկերությունն ավարտում է մասնակիցների ընտրությունը: Ծրագրի հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը հավաստում է, որ մասնակցելու հայտ են ներկայացրել 18-78 տարեկան ավելի քան 800 հոգի:
Նրանցից կընտրվեն միայն հիսունը: Ղազանչյանն ասում է, որ դրանք պետք է լինեն 18 տարեկանից մեծ, չլինեն պրոֆեսիոնալ մարզիկներ, իրենց լավ զգան հեռուստախցիկի առաջ, լինեն գրավիչ և ունենան հումորի զգացում:
65-ամյա թոշակառու Արծրուն Բաբայանը դիմորդներից մեկն է: Նա ցանկանում է «ստուգել սեփական ուժերը և մարտահրավեր նետել տարիներին»:
Նա ավելացնում է. «Երիտասարդ տարիներիս զբաղվել եմ կարատեով, ինչը բազմիցս օգտակար է եղել կյանքում: Իսկ հիմա փորձում եմ լավ մարզավիճակ պահպանել, տանը սիրում եմ ռիթմիկ երաժշտության տակ մարզվել հանտելներով»:
24-ամյա Արամ Խաչատրյանը գրանցվել է հետաքրքրությունից դրդված: «Առաջ զբաղվում էի ռեգբիով, իսկ հիմա աշխատանքը շատ է, և հաճախ սպորտով զբաղվելու ժամանակ չի մնում, բայց շատ հետաքրքիր կլիներ մասնակցել այս շոուին», ասում է նա:
Մասնակիցների թվում է նաև 30-ամյա Գոհար Ղազարյանը: «Ես շատ եմ սպորտ սիրում: Զբաղվում եմ թեթև աթլետիկայով: Շատ եմ սիրում ձիասպորտ, բայց դրանով զբաղվելու հնարավորություն երբեք չեմ ունեցել»:
Շոուի ընթացքում մասնակիցները պետք է հրաժարվեն իրենց վատ սովորություններից: Նկարահանումները տևելու են օրական հինգ ժամ, և այդ ընթացքում ծխելն արգելված է լինելու ինչպես մասնակիցների, այնպես էլ նկարահանող խմբի համար:
|
Ավելի քան 1200 հոգի ցանկություն է հայտնել մասնակցելու «Առողջ ապրելակերպի սիրահարների ակումբ» ծրագրին . |
«Ինձ համար նույնպես այս շոուն յուրահատուկ փորձություն է, - ասում է Ղազանչյանը. - ուզում եմ փորձել կամքիս ուժը, տեսնեմ` կկարողանամ թողնել ծխելը մինչև ծրագրի ավարտը»:
Առավոտյան վազորդները բավականին հազվադեպ երևույթ են
Երևանում, իսկ ծխողների կարելի է տեսնել ամենուր: Հայաստանում ծխում են մեծահասակներն ու դեռահասները, տղամարդիկ ու կանայք, ծխում են տանը, գրասենյակում, ռեստորանում, գեղեցկության սրահներում, երթուղային տաքսիով երթևեկելիս և փողոցով քայլելիս: Ի տարբերություն բարեկազմ առավոտյան վազորդների, ծխողները կազմում են երևանյան կյանքի շատ բնական մի մասը:
Ըստ առողջապահության նախարարության տվյալների Հայաստանում ծխում են տղամարդկանց 60 և կանանց 3 տոկոսը, ընդ որում պաշտոնյաներն ընդունում են, որ իրական թիվը հավանաբար ավելի մեծ է:
22 հազար մարդ տառապում է քաղցկեղի տարբեր տեսակներից, այդ թվում՝ թոքերի քաղցկեղից: Թոքերի քաղցկեղի դեպքերի 90 տոկոսը մասնագետները համարում են ծխելու հետևանք:
Ծրագրի մասնակիցների հետ միասին առողջ ապրելակերպի քարոզչությանը կմասնակցեն նաև հանրահայտ դերասաններ, երգիչներ և նույնիսկ քաղաքական գործիչներ: Ակնկալվում է, որ հաղորդաշարի ավարտին նախագահ Քոչարյանն անձամբ կհանձնի հաղթողին առայժմ չհայտարարված գլխավոր մրցանակը:
Նախագծի հեղինակների հավաստմամբ հեռուստադիտողների համակրանքին արժանանալու դեպքում «Առողջ ապրելակերպի սիրահարների ակումբ» ակցիան կկրկնվի: Իսկ առայժմ Երևանի փողոցները պետք է պատրաստվեն մարզահագուստով վազորդների և նրանց հետապնդող նկարահանող խմբի տեսարանին:
|