Հայաստանում այս շաբաթ սկսել են պաս պահել՝ նախապատրաստվելով Զատկի տոնին:
Թեև պասը միշտ էլ եղել է քրիստոնեական տոնացույցում, սակայն ԽՍՀՄ-ի տարիներին այն գրեթե ամբողջությամբ մոռացության էր մատնվել: Այսօր պաս պահելու սովորույթը կրկին թարմացվել է և նույնիսկ որոշ չափով դարձել է մոդայիկ:
Ոմանք անհամբեր սպասում են դրան, ոմանք համարում են այն տանջալի փորձություն: Այս տարի պասը սկսվել է փետրվարի 23-ին և շարունակվելու է 48 օր՝ մինչև Զատկի տոնը ապրիլի 11-ին:
«Պահքի օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը, - ասում է Արարատյան hայրապետական թեմի մամլո դիվանի քարտուղար Էլզա Մանուկյանը: - Այդ օրերին ընդունված է օգտագործել բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք»:
Ազգագրագետների հավաստմամբ Հին Հայաստանում պաս պահելն ընդունված ավանդույթ էր, որին ենթարկվում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Պասը հսկելու համար տան երդիկից կախվում էր ակլատիսը, որը պետք է օգներ տնեցիներին չխախտելու պասը:
Ակլատիսը սոխ էր, որի մեջ խրում էին 7 փետուր՝ ի նշանավորումն պասի յոթ շաբաթների: Ամեն շաբաթ ակլատիսից հանում էին մի փետուրը, և վերջին փետուրի հետ պասի շրջանն ավարտվում էր: Սկսվում էր Զատկի տոնը, որը նշվում էր մեծ շուքով՝ շքեղ խորհրդանշաններով ու ճոխ սեղաններով:
Քանի որ պասի շրջանում օգտագործվում են միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ, ուստի այդ ընթացքում ընդունված էր ձու, յուղ, մսեղեն և այլ մթերքներ հավաքել, որոնցով էլ հետո խրախճանք էին անում: Այսօր չկան խիստ կանոններ, իսկ ակլատիսն էլ ամեն մեկի համար իր խիղճն ու կամքի ուժն է:
Ի տարբերություն անցյալ տարիների, երբ խանութներում ու սրճարաններում պասուց կերակուրների պակաս կար, այժմ պահանջարկը ստիպել է դրանցից շատերին հարստացնել իրենց տեսականին համապատասխան ուտեստներով:
«Կարապ» մթերային խանութի աշխատակից Արմինե Մնացականյանն ասում է, որ տեսնում է, թե ինչպես շատերն իրենց ուշադրությունը, հակառակ հայկական սովորության, մսեղենից, երշիկեղենից ու կաթնեղենից տեղափոխում են բուսական կերակուրների վրա:
«Ես վաճառում եմ աղցաններ ու պասի առաջին օրվանից զգում եմ տարբերությունը: Մարդիկ նախապատվությունը տալիս են կաղամբով, գազարով և այլ բանջարեղենային աղցաններին ու հայկական հայտնի պասուց տոլմային, ինչը սովորական օրերին հազվադեպ երևույթ է: Մենք էլ պասի օրերին ավելացնում ենք նման աղցանների տեսականին հաճախորդներին գոհացնելու համար», ասում է նա:
Պաս պահելը ոմանց համար ավելորդ քաշից ազատվելու միջոց է, ոմանց համար՝ ընկերների մոտ իրենց կամքի ուժը ցուցադրելու միջոց, իսկ ոմանց համար էլ՝ հոգու պահանջ:
«Պասը մի ժամանակահատված է, որի ընթացքում մարդ պետք է աշխատի ավելի մոտենալ քրիստնյա մարդու կերպարին՝ զրկելով իրեն հաճույքներից, որից մեկն էլ որոշակի կերակուրներից հրաժարվելն է: Պասի իմաստը միայն բուսական կերակուր օգտագործելը չէ, այլապես այն կկոչվեր դիետա», ասում է Սվետլանա Գևորգյանը:
«Ամեն տարի պաս եմ պահում օրգանիզմս բեռնաթափելու ու առողջությունս ինչ որ չափով վերականգնելու համար, - ասում է Էջմիածնի բնակչուհի Վարդուհի Մկրտչյանը: - Չնայած «բկլիկ եմ» ու պասի ողջ ընթացքում շոկոլադն ու խմորեղենն անընդհատ գայթակղում են ինձ, բայց մի կերպ զսպում եմ ցանկությունս՝ ինքս ինձ փորձության ենթարկելով: Շատ դժվար է»:
«Ինձ համար պաս պահելն ինքս ինձ ճանաչելու մի միջոց է, - ասում է նկարչուհի Դիանա Գալստյանը: - Երբ մարդն իրեն զրկում է որոշակի հաճույքներից, այդ թվում և ուտելիքից, ավելի անկեղծ է դառնում ինքն իր հետ ու հասկանում է մարդու էությունը:
«Ես համոզված եմ, որ պաս պահելու ընթացքում մարդիկ ավելի ուշադիր են դառնում շրջապատի հանդեպ: Իհարկե, եթե պաս պահելը հոգուց է բխում, այլ ոչ թե պարտադրանք է: Դա միայն սննդի հարց չէ»:
Մանուկյանն ասում է, որ շատերը չեն գիտակցում պասի իրական նշանակությունը: «Ս. Գրիգոր Տաթևացին ասում էր. «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում»:
«Ուստի պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է», ասում է Էլզա Մանուկյանը: |