ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 27, 2004




Հուշամատյան. երախտիքի տուրք իրենց կյանքը զոհած ազատամարտիկներին

Էդիկ Բաբայանի աչքերը փայլատակում են, երբ նա խոսում է իր ծննդավայրի՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի մասին: Ձայնը սկսում է դողալ, երբ պատմում է պատերազմի թեժ օրերից, մարտական ընկերներից:
Էդիկ Բաբայանը.

«Հադրութցիներին բնորշ է ազնվությունը, ուղղամտությունն ու վեհանձնությունը, սակայն նրանք ըմբոստանում են, երբ ոտնահարվում է նրանց ազգային արժանապատվությունը: Տարիներ շարունակ նրանք դառնացած էին սեփական հողի վրա ապրելու իրենց իրավունքի ոտնահարումից», ասում է նա:

61-ամյա Բաբայանը «Դիզակ» հայրենակցական բարեգործական միության նախագահն է: Միությունը ստեղծվել է 1990 թվականին և միավորում է 12 գյուղական համայնքներ: Նա ասում է, որ միությունը կոչվել է Հադրութի հին անվանումով: Շրջանում այսօր էլ կա Դիզափայտ լեռը, որից էլ առաջացել է գավառի Դիզակ անունը: Իսկ «հադրութ» նշանակում է երկու հոսող գետերի արանքում գտնվող տարածք:

Սկզբում միությունը հիմնականում զբաղվում էր Ադրբեջանից բռնագաղթվածներին օգնելով և շրջանի ինքնապաշտպանական ջոկատների համար միջոցներ հայթայթելով:

Բաբայանը պատմում է. «Պատերազմի օրերին քուն ու հանգիստ չունեինք: Մեկ ուղղաթիռ էինք բարձում, մեկ՝ բեռնատար: Գնում էինք Գորիս կամ Գյումրի վառելանյութ ու զենք բերելու: Հադրութցիներից կազմված ինքնապաշտպանական առաջին ջոկատը մարտի դաշտ դուրս եկավ 1991 թվականի հուլիսի 25-ին»:

1994 թվականին հայտարարված զինադադարից հետո «Դիզակ»-ում որոշեցին հրատարակել գիրք-հուշամատյան նվիրված Արցախի պատերազմում զոհված հադրութցիների հիշատակին:

«Այդ վճռին մեզ բերեցին կորստի ծանր ցավը և զոհվածների նկատմամբ ունեցած մեր հարգանքն ու երախտագիտությունը: Նրանք անմահացան դարերով», ասում է Բաբայանը:

2000 թվականին բարերարների օգնությամբ հրատարակվում է«Դիզակցիներ» գիրքը, որում ներկայացված են Արցախյան գոյամարտում նահատակված 333 հադրութցի ազատամարտիկների լուսանկարները համառոտ կենսագրական տեղեկություններով:

Բաբայանն ասում է. «Գրքում ներկայացրինք նաև պատերազմի տարիներին զոհված խաղաղ բնակիչներին: Նրանց բոլորի անունները գրանցվեցին ոչ միայն Արցախի ազատագրական պայքարի պատմության մեջ, այլև ապրողների հիշողության մատյանում: Նրանցից յուրաքանչյուրը մի տան կանթեղ էր, գերդաստանի սյուն, հույս ու հավատ: Մենք՝ ապրողներս, պարտական ենք նրանց»:

Գիրքը չի վաճառվում, այն անվճար տրվում է զոհվածների ընտանիքներին:

«Երբ գիրքը իրենց ձեռքն էին վերցնում նրանց մայրերը, կանայք ու երեխաները, միաժամանակ և՛ ուրախություն էին ապրում, և՛ հպարտություն: Նրանք շնորհակալ են, որ իրենց սիրելիների կյանքը գիրք-պատմության ենք վերածել», ասում է Բաբայանը:

Այսօր «Դիզակ» միությունը մտադիր է վերահրատարակել «Դիզակցիներ» գիրքը:

Բաբայանը բացատրում է. «Մտադիր ենք լրացնել նախորդ հրատարակության բացթողումները, ավելացնել զոհված ազատամարտիկների լուսանկարները, ինչպես նաև տեղեկություններ ներկայացնել մի քանի հրամանատարների մասին»:

«Դիզակը» նաև նախատեսում է միջոցներ հայթայթել մի քանի գյուղերում զոհված ազատամարտիկների հուշահամալիրներ կառուցելու համար: Սակայն Բաբայանն ասում է, որ միայն գրքի վերահրատարակման համար պահանջվում է 2400 դոլար:

«Այս խնդիրների իրականացման համար դիմում ենք տարբեր գերատեսչությունների և անհատ մարդկանց՝ խնդրելով օգնություն ցույց տալ», ասում է Բաբայանը:

Նրանք, ովքեր կցանկանան օգնել, կարող են գումարն ուղարկել կազմակերպության հաշվի համարով՝

Beneficiary's bank: ARMECONOMBANK
AMIRYAN STR. 23/1, YEREVAN 375002, ARMENIA
SWIFT: ARECAM 22
CHIPS NUMBER: 0365362

Bank corr: CITIBANK N.A., NEW YORK, USA
Swift: CITI US 33
ABA: 021000089
ACOUNT No: 36121242 of ARMECONOMBANK

Beneficiary: "DIZAK"
ACC 163008207520


According to Agnes
 

  Inside
 

History at Risk: Khachkars of Julfa suffer renewed destruction

Full story

 
 

Sweating on Screen: Healthy living show offers competitors fame through fitness

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Armenian Officer's Body in Yerevan Airport

Thursday, the body of Lieutenant Gurgen Margaryan killed by Azeri officer in Budapest last week was brought to Armenia in a closed coffin. Margaryan will be burried Saturday at Yerablur, cemetery of Karabakh war veterans.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.