 |
Սունդուկյանի թատրոնը նորից պատրաստ է ընդունելու հանդիսականներին |
18 ամիս տևած վերանորոգումից հետո Երևանի Սունդուկյանի անվան թատրոնը կրկին բացեց դռները իր 80-ամյա հոբելյանի ուշացած տոնակատարությամբ:
Քաղաքի գլխավոր թատրոնի 80 տարին լրացել է դեռ 2002 թվականին, սակայն վերանորոգման աշխատանքները թույլ չտվեցին նշելու հոբելյանը:
Ինչպես վկայում են փաստաթղթերը 1921 թվականի հուլիսի 16-ին նորաստեղծ Խորհրդային Հայաստանի կառավարությունն ընդունեց մի որոշում, որը հայտարարում էր, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն կարող ապրել առանց պետական թատրոնի:
1922 թվականի հունվարի 25-ին ծնվեց Հայաստանի առաջին պետական թատրոնը: Այն կոչվեց Գաբրիել Սունդուկյանի անվամբ, և առաջին ներկայացումը, որ բեմադրվեց նորաստեղծ թատրոնում, Սունդուկյանի «Պեպոն» էր:
Վերանորոգված թատրոնը ներկայացավ հանդիսատեսին փետրվարի 20-ին հիմնովին վերափոխված ճեմասրահներով, ձմեռային այգիով և պերճաշուք դահլիճով: Նշանավոր արվեստագետների հետ հոբելյանական հանդիսությանը ներկա էին նախագահ Քոչարյանը տիկնոջ հետ, Հայ առաքելական եկեղեցու հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, օտարերկրյա դեսպաններ ու այլ պաշտոնատար անձինք:
Հոբելյանական ներկայացումը սկսվեց հենց նախամուտքից: Դիմակահանդեսային հագուստներով դերասաններն ընդունեցին իրենց հյուրերին տոնական տրամադրությամբ, կայծկլտացող բենգալյան կրակներով և 80 մոմերով զարդարված հոբելյանական տորթով։ Մինչ բեմահարթակը ծածկվում էր ծաղկեփնջերով, բեմի վրա ներկայացվում էր թատրոնի պատմությունը` 1920-ականներից մինչև մեր օրերը:
Տոնական երեկոյի սցենարով թատրոնի պատմության 80 տարիները բաժանվել էին 4 մասի։ Ամեն քսանամյակ ներկայացվեց իր կարևոր էջերով ու անհատ արվեստագետներով՝ բեմադրիչ, դերասան, դրամատուրգ։
Մայր թատրոնի պատերը ներծծված են մեծերի ձայներով: Այն իր հպարտ գոյությամբ յուրատեսակ դպրոց ու ներշնչանք է եղել Հայաստանի բոլոր թատրոնների համար։
Այս թատրոնում ստեղծագործել են հայ բեմարվեստի գրեթե բոլոր մեծերը՝ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Արուս Ոսկանյան, Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Գուրգեն Ջանիբեկյան, Արուս Ասրյան, Մետաքսյա Սիմոնյան, Մհեր Մկրտչյան, Դավիթ Մալյան և այլք:
«Հայ բեմի երախտավորների ավանդն այս թատրոնում չափազանց մեծ է: Այդ հրաշալի ավանդույթների վրա հենվելով հանդերձ՝ մենք փորձում ենք ստեղծել այսօրվա թատրոնը», ասում է Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը:
Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման համար պահանջվեց 1 մլն 630 հազար դոլար: Թատրոնը «Լինսի» հիմնադրամի 17,5 միլիոն դոլարանոց ծրագրի շրջանակներում վերանորոգված 34 մշակութային օջախներից վերջինը վերաբացեց իր դռները: «Լինսի» հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր բարերար Քըրք Քրքորյանի միջոցներով:
Կատարվել են բազմաթիվ ներշենքային բարեփոխումներ: Փոխարինվել են թատրոնի լուսաձայնային սարքավորումները: Նորակառույց կաթսայատնով վերջապես լուծվել է թատրոնի ջեռուցման խնդիրը, որի շնորհիվ հանդիսատեսը կվերհիշի ներկայացումներն առանց վերարկուների վայելելու գրեթե մոռացված հաճույքը:
 |
Սունդուկյանցիները |
«Ցանկացած մահկանացու, որ մտնում է իր նորոգված բնակարանը, նոր լիցքեր ու ապրելու, ստեղծագործելու նոր մղումներ է ունենում: Սա մեզ համար տուն է, որտեղ մենք անցկացրել ենք մեր կյանքի մեծ մասը», ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:
Թատրոնի եռանդով լի կազմը նոր թատերաշրջանին ներկայանալու է նոր բեմադրություններով: Ինչպես նշեց Վահե Շահվերդյանը, վերանորոգման ընթացքում իրենք ձեռքները ծալած չեն նստել:
«Մեր խաղացանկային ներկայացումների կողքին կլինեն նաև պրեմիերաներ: Բեմադրելու ենք անգլիացի դրամատուրգ Ռեյ Քունիի «Համար 13» կատակերգությունը, Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» վիպակի թեմաներով ստեղծված ներկայացումը, Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» և Էդուարդ Օլբիի «Ամեն ինչ պարտեզում» պիեսը», ասում է Շահվերդյանը:
Անցյալ տարի, մինչ ընթանում էին թատրոնի վերանորոգման աշխատանքները, սունդուկյանցիները հյուրախաղեր ունեցան Մոսկվայում և Թբիլիսիում: Թբիլիսիում թատրոնը վերջին անգամ եղել էր 50 տարի առաջ, Մոսկվայում՝ 25 տարի առաջ:
«Թատրոնը հրավերներ ունի միջազգային փառատոներից: Արդեն երկրորդ անգամ հրավիրում են Թուրքիայից, որտեղ մայիսին կներկայացնենք Չեխովի «Բալենու այգին»»:
Շահվերդյանն ասաց, որ այս տարի թատրոնը ծրագրում է հյուրախաղերի մեկնել ԱՄՆ:
Թատրոնին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեցին նաև հանրահայտ ռուս թատերական գործիչներ Կիրիլ Լավրովն ու Սերգեյ Յաշինը:
Իսկ թատրոնի նոր գույներով լի դահլիճն ալիքվում էր ծափերի ու հիշողությունների տարափից:
«Ես մեծացել եմ այս թատրոնի շուքի տակ, ստացել այստեղի մեծ արվեստագետների դաստիարակությունը, և այսօր թատրոնի վերաբացմամբ կարծես վերադառնում ենք մեր ծաղկուն անցյալին, ու հույսով լցվում, որ նոր թատրոնը նոր ծիլարձակում կունենա, նոր անուններ կթողնի պատմության էջերում», ասաց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
|