«Ականաթ» պատկերասրահում բացվել է նոր ցուցահանդես: Սա «Աբստրակցիոնիզմի զարգացման դինամիկան Հայաստանում» շարքի վեցերորդ ցուցահանդեսն է։
|
«Ականաթ» պատկերասրահում ցուցադրվում են հայ աբստրակտ նկարիչների գործերը |
«Ճիշտ է, մի քանի նկար վաճառվում է, բայց այս ցուցահանդեսները առաջին հերթին մշակութային նշանակություն ունեն, դրանք ներկայացնում են հայ աբստրակցիոնիզմի պատմությունը, - ասում է ցուցասրահի տնօրեն Անի Սուքիասյանը: - Կտավների մեծ մասը բերել ենք անհատական հավաքածուներից ու տարբեր թանգարաններից։ Շատ նկարներ նկուղներում փոշու շերտի տակ թաղված էին»։
Ցուցադրված են 60-ականներից մինչև մեր օրերի 30 նկարիչների գործեր, ներառյալ՝ հայ աբստրակցիոնիզմի հայր Սեյրան Խաթլամաջյանի կտավները:
Ոչ ֆիգուրատիվ կտավներում իմաստ գտնելը անհնարին է թվում։ Կտավների մեջ միակ որոշակին անուններն են, ինչպես Կարո Մկրտչյանի զուգահեռ գծեր պատկերող կտավը՝ անվանված «Անսահմանություն»:
Այնուամենայնիվ, հանդիսատեսներից ոմանք իմաստ են փնտրում: ՈՒսանողուհի Ռոզա Ղարիբյանը կանգնած է Մկրտիչ Մաթևոսյանի երկու անվերնագիր կտավների առաջ, որոնցից մեկը՝ սև ու մուգ, մյուսը սպիտակ ու բաց տոներով է։
«Մթությունից հետո ստեղծվում է աշխարհը, լույսը քիչ-քիչ բարձրանում է, ու հաջորդ կտավում արդեն աշխարհը լուսավորված է», ասում է նա:
Հայաստանում աբստրակտ արվեստը սկզբնավորվեց 60-ականների խռուշչովյան հալոցքի տարիներին, երբ իշխանությունը որոշ ազատություններ տվեց հասարակությանը։ Սակայն աբստրակտ կտավները չհայտնվեցին ցուցահանդեսներում ու պատկերասրահներում։
Արվեստաբան Նազարեթ Կարոյանը ասում է, որ աբստրակցիոնիզմը հակադրության մի ձև էր սոցռեալիզմին և Հայաստանում այն համարվում էր մշակութային այլախոհություն։ Աբստրակցիոնիստները չէին հալածվում, սակայն մատնված էին անտարբերության, նույնիսկ Ժամանակակից արվեստի թանգարանում տեղ չունեին։
Երբ ԽՍՀՄ-ը փլվեց, և այլախոհության խնդիրը վերացավ, շատ նկարիչներ, իրենց տեղը չգտնելով նոր իրավիճակում, հեռացան Հայաստանից: Շատ նկարներ ցուցադրված են հեղինակների բացակայությամբ՝ Քիքի, Աշոտ-Աշոտ, Սև Հենդո և ուրիշներ։
«Երբ Խրուշչովը ազատություններ տվեց, պարզվեց, որ կա մի սահման, որից այն կողմ նկարիչները չեն կարող անցնել, - ասում է Կարոյանը: - Այդ սահմանը Մոսկվան չէր գծել, այն նկարիչների մեջ էր:
«Դա ֆիգուրատիվից այն կողմ անցնելու սահմանն էր, որ շատ քչերը կարողացան հաղթահարել։ Այսօր արդեն փոխվել է աբստրակցիայի խնդիրը ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում։ Այն ձևավորման (դիզայնի), արտադրության մաս է դարձել։ Եվ պատահական չէ, որ մեզանում ժամանակակից պոլիգրաֆիայի հիմնադիրների թվում էին աբստրակցիոնիստները (Վիգեն Թադևոսյանը, Մկրտիչ Մաթևոսյանը)»։
|