Անցյալ շաբաթ ես թվարկել էի Հայաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ ուրախ լինելու պատճառները: Այնպես որ այս շաբաթ՝ դրա հակառակ երեսի մասին:
Քաղաքական կուլտուրան Հայաստանում՝ համեմատած շատ այլ ոլորտների հետ, մնում է թերզարգացած ու թերհաս: Այն իրոք զգալի անկում է ապրել 1980-ականների վերջի ազատագրական պայքարի բուռն օրերից հետո, երբ «Ղարաբաղ» կոմիտեի հավաքական ողջամտությունը և քաղաքական իմաստությունը կարողացան մարտահրավեր նետել և ի վերջո տապալել բռնապետական կայսրությունը:
Այսօրվա քաղաքական դերակատարների համեմատությամբ այն գործիչներն իրենց վարկանիշով կարող էին կանգնել Ամերիկյան հեղափոխության հիմնադիր հայրերի կողքին: Սակայն ի տարբերություն իրենց ամերիկացի նախորդներից, այն մարդիկ, ովքեր իրականացրին հեղափոխությունը Հայաստանում, արդեն կլանվել են այդ հեղափոխության կողմից. այսօր նրանցից և ոչ մեկը երկրի քաղաքականության մեջ առաջատար դեր չի խաղում:
Սա քաղաքական մթնոլորտի տկարության պարզապես մեկ ցուցիչ է: Այն հանգամանքը, որ այստեղ շարունակում են ապավինել անհատների քաղաքականությանը, կուսակցությունները ձևավորվում են հզոր անհատների շուրջ և ոչ թե ընդհանուր գաղափարական ու քաղաքական պլատֆորմի վրա, ավելի է ընդգծում քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակը: Կուսակցություններ են կազմավորվում ու լուծարվում, միավորումներ են թխվում ու պառակտվում՝ կախված այն բանից, թե ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ դրանց անդամ անհատները:
Ամենից ցավալին, սակայն, երիտասարդների ինքնամեկուսացումն է քաղաքական գործընթացից, որոնք զզվանքով խորշում են համակարգում տիրող էնդեմիկ կաշառախտից: Երիտասարդները տեսնում են, որ մարդիկ մտնում են քաղաքականություն ոչ թե ծառայելու և պայքարելու ազնիվ նպատակներով, այլ որպեսզի պոկեն իրենցը, երբ գա իշխանությանը տիրանալու իրենց հերթը:
Անհնար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, որը կրկին ստիպեր հարյուր հազարավոր մարդկանց դուրս գալու փողոցներն ի նշան համերաշխության, ինչպես 1988 թվականին ղարաբաղյան պահանջատիրության սկզբում: Վրաստանի «վարդերի հեղափոխությունը» Երևանում շատերին հիշեցրեց, թե իրենք որքան են հեռացել այն օրերից:
Անգամ երբ մարդիկ դուրս են գալիս փողոցներ, դա միայն ընդգծում է քաղաքական ընդդիմության մեծ մասի թերհասությունը: Ճիշտ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը շատ մոտ էր նախագահ վերընտրվելուն աղաղակող ու համատածար կեղծիքներով ընտրությունների առաջին փուլում:
Ընտրությունների երկրորդ փուլին նախորդած այն լարված օրերին ընդդիմությունը անընդհատ հանրահավաքներ էր հրավիրում՝ կոչ անելով իր կողմնակիցներին ճնշում գործադրելու Քոչարյանի վրա հեռանալու պահանջով, և բոլոր հանրահավաքների վերջում հորդորում էր մարդկանց կրկին հավաքվել հաջորդ օրը:
Դրանք անիմաստ քայլեր էին, ոչ մի տեղ չտանող, և ի վերջո մարդկանց քանակը սկսեց նվազել. մարդիկ կորցրին հետաքրքրությունը ձմեռային ցուրտ եղանակին ժամերով դրսում կանգնելու և երկարաշունչ ելույթներ լսելու նկատմամբ: Ի տարբերություն Վրաստանի, ընդդիմությունը չգիտեր, թե բացի դժգոհության ցույցերից էլ ինչի համար է մարդկանց փողոց հանում:
Մարդկանց քանակի դանդաղ նվազման հետ Քոչարյանի վարչակարգը կարողացավ համոզվել, որ հակամարտությունն իր հանդեպ, այնուամենայնիվ, այնքան էլ խոր արմատներ չունի: Սակայն ես վերջերս իմացա, որ ընդդիմությունը շատ ավելի մոտ էր Քոչարյանին պաշտոնանկ անելու իր նապատակին, քան կարծում էր:
Որքան ինձ հայտնի է, կառավարական տարբեր մակարդակներում տեղի են ունեցել քննարկումներ, այդ թվում՝ զինվորականության և ոստիկանության շրջանում, Քոչարյանին լքելու և ընդդիմության «ժողովրդական» ուժերի կողմն անցնելու մասին, եթե ցույցերը զորանալով վերածվեն հասարակական դժգոհության համատարած ելույթների:
Քոչարյանի ճակատագիրը փետրվարյան այն օրերին կարծես իսկապես մազից էր կախված: Սակայն ընդդիմությունը չուներ պահից օգտվելու քաղաքական հմտությունը, և վտանգն անցավ: Այժմ ընդդիմության առաջնորդները կրկին փորձում են ստանալ հասարակության աջակցությունը՝ նախագահի դեմ ուղղված «վստահության հանրաքվե» պահանջող ցույցեր կազմակերպելով:
Դա չի աշխատի. Քոչարյանը գուցեև զուրկ է պետական գործչի որոշ հատկություններից, սակայն նա կենսունակ քաղաքական գործիչ է և գիտե, թե ինչպես պահպանել իշխանությունը: Բացի այդ ընդդիմությանը միավորող միակ բանը (այն էլ բավականին թույլ կերպով) Քոչարյանին տապալելու ցանկությունն է: Նրանք ոչ մի հստակ ծրագիր չունեն, թե ինչ են անելու հետո, եթե հասնեն հաջողության:
Եվ այդպես էլ շարունակվում է. կլանային կապերի և կաշառախտի հիմքի վրա ձևավորված մի փակ խավ վերաճել է ինքնավերարտադրող քաղաքական օլիգարխիայի, իսկ երկրի մնացած մասը՝ նողկանքից կամ հնազանդությունից, մեջքով է դարձել դեպի իշխանությունը:
Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել նման ճահճացած ջրերում, և դա է Հայաստանի առաջ կանգնած իրական վտանգը: Քանի դեռ չեն գտնվել երիտասարդ սերնդին արթնացնելու և երկրի ապագան կերտելու մեջ նրանց ներգրավելու ուղիները, քաղաքական կուլտուրան կշարունակի իր ողորմելի գոյությունը, իսկ կաշառախտի թարախապալարը, որից այդքան շատերն են գանգատվում, կծորա ավելի զազրելի գարշահոտությամբ: |