|
Անանյանի հավաստմամբ շատերն աչք
ունեին պոլիկլինիկայի տարածքի վրա |
«Սկսվել է մշակութային տարածքների կողոպուտ, մեր երկրի ամբողջ բարոյական պաշարը սպառվել է: Սա մեր պետության հերթական խայտառակությունն է»:
Այս խոսքերով Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը դատապարտեց միության 400 անդամներին 44 տարի անվճար սպասարկած պոլիկլինիկայի վաճառքը:
Գրողների միության հիմնադրած պոլիլկլինիկայի շենքն աճուրդի է դրվել Արաբկիրի թաղապետարանի կողմից: 151 քառակուսի մետր տարածքը վաճառվել է ոմն Սերգեյ Մելիքյանի ընդամենը 4 մլն 400 հազար դրամով (մոտ 7700 դոլար) այն դեպքում, երբ այդ շրջանում դրա կեսի չափ տարածքների գները սկսվում են 50 հազար դոլարից:
«Այս տխուր երևույթը մեր օրերի համար օրինաչափ է: Մշակույթի կազմակերպություններին պատկանող տարածքները, անկախ նրանց գործունեության տեսակից, կարևորությունից և ազգաշահ բնույթից, աճուրդի են հանվում ու հապճեպ սեփականաշնորհում», ասում է Անանյանը:
Սակայն այս դեպքում նախագահը առանձանապես «անբարո» գործարք է համարում այն՝ նշելով, որ «եթե պիտի վերցնեն ծեր, հիվանդ գրողի վերջին հանգրվանը, որտեղ նա բուժվում է, էլ ինչի՞ մասին է խոսքը»:
Գրողների միության պոլիկլինիկան վարձակալում էր Կասյան փողոցի վրա գտնվող տարածքը՝ խորհրդանշական վճար մուծելով թաղապետարանին իր գործունեության մարդասիրական բնույթի շնորհիվ: Պոլիկլինիկայի ատամնաբուժարանը նաև վճարովի ծառայություններ էր մատուցում բնակչությանը, և այդ միջոցներն օգտագործվում էին բուժանձնակազմի վարձատրման համար:
2002 թ․ տարածքային վերաբաշխման ժամանակ պոլիկլինիկան անցել է Արաբկիրի թաղապետարանի հաշվեկշռին։ Գրողների միությունը երկու գրավոր առաջարկ է ներկայացրել նախկին թաղապետին և ներկա թաղապետ Լևոն Հարությունյանին պոլիկլինիկայի տարածքը սեփականաշնորհելու իրենց պահանջի ու ցանկության մասին։
Սակայն մշտապես ստացել է նույն պատասխանը՝ «Կդնենք ավագանու նիստին ու ձեզ կտեղեկացնենք»։
Անանյանի հավաստմամբ իր համար պարզ էր դարձել, որ բավականին հրապուրիչ վայրում գտնվող պոլիկլինիկայի տարածքի վրա շատերը աչք ունեն, և չնայած թաղապետի գրավոր և բանավոր խոստումներին, տարածքը դրվել է աճուրդի առանց միությանը տեղյակ պահելու:
«Պարզ է, որ 7700 դոլարով չի վաճառվել այդ տարածքը, այդ թիվը միայն փաստաթղթերում է գրված, իսկ իրականում տասն անգամ ավելի գին է տրվել մեր տարածքն առգրավելու համար», ասում է Անանյանը:
Միության նախագահը պատմում է, որ մի քանի օր առաջ հանդիպել է Արաբկիրի թաղապետ Լևոն Հարությունյանի հետ ու հարցրել նրանց, թե ինչպես կարելի էր մշակույթի գործիչներին, գրողներին բախտի քմահաճույքին թողնել և ոտնահարել նրանց օրինական իրավունքները: Անանյանի այս հարցին թաղապետը պատասխանել է. «Դե առանց այն էլ 7-8 բարձրաստիճան պաշտոնյա մեզ զանգահարել է պոլիկլինիկան աճուրդի դնելու համար, մենք էլ ստիպված դրել ենք»:
Ըստ միության շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանի թաղապետարանն իրավունք չուներ վաճառելու պոլիկլինիկան: Գրողների միությունն ավելի քան 40 տարի օգտագործել է այդ տարածքը, և ըստ «Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքի» 18 հոդվածի պետք է տեղի ունենար ուղղակի վաճառք հիմնադրին:
Արաբկիրի թաղապետարանի լրատվական ծառայության պետ Լիլիթ Մելքոնյանը պնդում է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում:
«Աճուրդի մասին հայտարարությունը տպագրված է եղել «Հայաստան» թերթում, դրա մասին տեղեկացվել է պոլիկլինիկայի ղեկավար, «Մագնոլիա» ՍՊԸ-ի տնօրենը, որն էլ հրաժարվել է մասնակցել աճուրդին», ասում է Մելքոնյանը:
Սակայն Բաղդասարյանը պնդում է, որ «Մագնոլիան» ոչ մի իրավունք չուներ համաձայնություն տալու կամ չտալու, քանի որ դրա իրավաբանական կողմը և հիմնադիրը Գրողների միությունն է, իսկ միությունն այդ մասին իմացել է միայն գործարքը կնքվելուց հետո:
«Մենք շատ պատահականորեն ենք իմացել, որ մեզ պատկանող շենքը վաճառվել է: Մի քանի օր առաջ մեր գրողներից մեկը գնացել է պոլիկլինիկա՝ վնասված մատը վիրակապելու, և մի մարդ նրան այնտեղից դուրս է հրավիրել՝ հայտարարելով, որ դա այլևս պոլիկլինիկա չէ, գրողներինը չէ, և որ ինքն աճուրդով գնել է այդ տարածքը», պատմում է Անանյանը:
Ըստ Միության նախագահի թաղապետարանի արդարացումը, թե աճուրդի մասին հայտարարություն է տրվել, չի մեղմացնում կատարված անարդարությունը:
«Ես անշարժ գույքի գործակալ չեմ, որ ամբողջ օրը թերթերում հայտարարություն կարդամ տեսնեմ, թե ով ինչ է վաճառում: Բացի այդ նրանց հայտարարությունն անբարեխիղճ է արված. այնտեղ գրված է, թե վաճառվում է տարածք Կասյան, 3 հասցեով: Դե արի իմացիր, թե խոսքն ինչի մասին է», վրդովված ասում է Անանյանը:
Գրողների միությունը մտադիր է իր իրավունքները պաշտպանելու համար դիմել դատարան, չնայած Անանյանն այն կարծիքին է, որ այս գործարքն ավելի մութ է, քան թվում է:
Անանյանի հավաստմամբ Գրողների միության անդամների 60 տոկոսը տարեց մարդիկ են ու ապրում են չնչին թոշակով: Նրանց համար անվճար բուժում ստանալու միակ հնարավորությունը պոլիկլինիկան էր, որի ցուցանակն արդեն փոխարինվել է ավիաուղիներ գովազդող ցուցանակով:
«Սա ծրագրված հակամշակութային քաղաքականություն է, որի
հետևանքով վերջին տարիներին կորցրեցինք Մշակույթի հայկական ֆոնդի տարածքները, Հանրագիտարանի շենքը, Փոսի թատրոնը և այլն», ասում է գրող Արևշատ Ավագյանը: |