Եթե դուք 16 տարեկան աղջիկ եք և որոշել եք ամուսնանալ (ինչը հազվադեպ երևույթ չէ մեր օրերում), ապա ստիպված եք առնվազն ևս մեկ տարի սպասել՝ Հայաստանի նոր օրենքը չխախտելու և ամուսնությունն օրինա կանորեն գրանցելու համար:
Կառավարության առաջարկած նոր ընտանեկան օրենսգիրքը, որն ուղղված է ամուսնական օրենսդրության արդիականացմանը, կքաջալերի ապագա նորապսակներին կարգավորել ոչ միայն նրանց ռոմանտիկ համատեղ կյանքը, այլ նաև ֆինանսական հարաբերությունները:
«Նոր օրենսդրական նախագծի մշակումը չափազանց կարևոր էր, քանի որ ամուսնության և ընտանիքի նախորդ օրենսգիրքն ընդունվել էր 1970-ականներին և հնացել էր», ասում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր մասնագետ Աստղիկ Մատինյանը:
«Հաշվի առնելով ժամանակի պահանջը և մյուս երկրների փորձը տվյալ բնագավառում՝ նոր ընտանեկան օրենսգիրքը ներառում է մի շարք դրույթներ ամուսնական պայմանագրի, պարտավորությունների և այլ հարցերի մասին, որոնք նախկինում անգամ չէին շոշափվում»:
Թեև նոր օրենսգիրքը դեռ չի ընդգրկվել Ազգային ժողովի կողմից քննարկվելիք նախագծերի մեջ, սակայն արդեն առաջ է բերել ոչ միայն իրավաբանների, այլև շարքային քաղաքացիների հետաքրքրությունը: Օրենսգրքի առանձին դրույթներ արդեն հասցրել են բազմաթիվ հեռուստաբանավեճերի ու քննարկումների թեմա դառնալ:
Նոր օրենսգիրքն անդրադառնում է ամուսնությունների, ամուսնալուծությունների, գույքի բաժանման, երեխաների անվանափոխության, ամուսնական պայմանագրերի և այլ հարցերի, որոնք կարող են նոր մակարդակի վրա բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Օրենսգիրքը շատ բան կփոխի՝ սկսած ընտանեկան պայմանագրերից մինչև գույքի բաժանումն ու իրավունքների պաշտպանությունը, - ասում է արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանը: - Նոր օրենքով ամեն ինչ կլինի նորովի»:
|
Շատ նորապսակներ չեն ցանկանում մտածել ամուսնալուծության մասին հարսանիքից առաջ
|
Նոր օրենսգրքում ամրագրված է նաև ամուսնության պայմանագիր հասկացությունը, որով ապագա ամուսինները սահմանում են իրենց պարտավորություններն ու իրավունքները: Երևանի ամուսնական գրասենյակների աշխատակիցները հույս են հայտնում, որ նոր ամուսնական պայմանագրի շնորհիվ կպակասի ամուսնալուծության հետ կապված քաշքշուկը:
«Գույքի բաժանման պայմանագիրը Հայաստանում գոյություն ունի արդեն երեք տարի, սակայն ընդամենը մեկ ընտանիք է օգտվել դրանից, - ասում են նրանք: - Շատ դեպքերում, երբ խոսք է լինում ամուսնական պայմանագրերի մասին, շատերը նեղանում ու ասում են, որ ամուսնանում են երջանիկ լինելու համար, և մտադիր չեն հենց սկզբից մտածել ամուսնալուծության մասին: Սակայն երբ հետո գործը հասնում է ամուսնալուծությանը, տղամարդիկ շատ մանրախնդիր են դառնում, և կինն ու երեխան շատ դեպքերում հայտնվում են փողոցում: Այս պարագայում նոր օրենսգիրքն իսկական փրկություն կարող է դառնալ»:
Բացի ընտանեկան գույքի ու պարտավորությունների մասին պայմանագրերից, օրենսգիրքը նաև հետաքրքիր դրույթներ է պարունակում ամուսնացողների առողջության վերաբերյալ, ինչը նորություն է Հայաստանում:
Օրենսգրքի 19-րդ հոդվածը պարունակում է հետևյալ դրույթը. «Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության գրանցման պահին իր մոտ վեներական հիվանդության կամ մարդու իմունային անբավարարության վիրուսի, հոգեկան հիվանդության կամ թմրամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի դիմելու դատարան ամուսնությունն անվավեր ճանաչելու համար»:
«Շատերն ամուսնանում են՝ անտեղյակ լինելով իրենց զուգընկերոջ առողջական խնդիրներին, ինչը կարող է հանգեցնել բազմաթիվ պրոբլեմների և նույնիսկ՝ ամուսնալուծություն, - ասում է առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը: - Այնպես որ նախօրոք իմանալը՝ արդյոք իրենք կարող են երեխա ունենալ, կան արդյոք վարակիչ հիվանդություններ, ավելի լավ է, քան անտեղյակությունը»:
Առողջապահության նախարարության մոր և մանկան պահպանության վարչության պետ Կարինե Սարիբեկյանի հավաստմամբ նոր օրենքը հնարավորություն կընձեռի զույգերին մինչ ամուսնությունը բուժստուգում անցնելու, ինչը կնպաստի առողջ ամուսնություններին:
«Մարդիկ պետք է հարգեն միմյանց իրավունքները և կարողանան պաշտպանել իրենց, և այդ հարցում նրանց կօգնի օրենսգրքի ընդունումը, - ասում է Կարինե Սարիբեկյանը: - Այնպես որ նախնական բուժստուգումը, որը, ի դեպ, անվճար կլինի անապահով խավերի համար, շատ կարևոր է: Այն լուծում կտա բազմաթիվ հարցերի, որոնց մենք շատ հաճախ բախվում ենք որպես մոր և մանկան պաշտպաններ»: |