|
Երեք շաբաթ դատարկ են ընդդիմության
տեղերը Ազգային ժողովում
|
«Արդարություն» և «Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն արդեն երրորդ շաբաթն է բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները` փորձելով օրակարգի մեջ մտցնել նախագահ Քոչարյանին վստահության հանրաքվե անցկացնելու մասին օրենքը:
Քսանհինգ պատգամավորներ պնդում են, որ չեն վերադառնա խորհրդարան, մինչև իշխող մեծամասնությունը չհաստատի, որ պատրաստ է բանավեճ սկսելու հանրաքվեի մասին օրենքի ընդունման մասին:
Փետրվարի 2-ին խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող օրինագիծն օրակարգում ընդգրկելուն:
Քվեարկությունից առաջ «Արդարություն» և «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Հաջորդ օրն այդ երկու խմբակցությունները հանդես եկան խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին համատեղ հայտարարությամբ:
«Նախագահական խայտառակ ընտրություններից հետո Սահմանադրական դատարանը 2003 թ. ապրիլի 16-ին ընդունեց որոշում՝ առաջարկելով նորընտիր ԱԺ-ին և հանրապետության նախագահին «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանը և մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Սակայն չընտրված նախագահը և իշխանական կոալիցիան ոչինչ չձեռնարկեցին այդ որոշումը իրագործելու համար», ասված է հայտարարության մեջ:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը մեղադրում է ԱԺ մեծամասնությանը կանոնակարգը կոպտորեն խախտելու մեջ` «Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխելու ընդդիմության նախաձեռնությանը խոչնդոտելու միջոցով:
«Այս պարագայում մենք բոյկոտեցինք անօրինական քվեարկությունը և առկախում ենք նման խորհրդարանի աշխատանքներին մեր մասնակցությունը», ասաց նա:
Ընդդիմադիրները պնդում են, որ «ապօրինի ռեժիմը հիմնովին ձախողվել է» և' ներքին, և' արտաքին քաղաքականության մեջ:
«Մենք միասնական և վճռական ենք Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու և օրինական իշխանություն հաստատելու հարցում: Հոգևարքի մեջ գտնվող ռեժիմի տապալումը կանխորոշված է», ասված է հայտարարության մեջ:
Բոյկոտելով խորհրդարանի աշխատանքները` ընդդիմությունը, սակայն, չի պատրաստվում վայր դնել մանդատները, և շարունակում է օգտվել խորհրդարանում հայտարարություն անելու հնարավորություններից:
«Խնդիրը մանդատը չէ, եթե հարկ լինի, միշտ էլ վայր կդնենք, - ասում է Շավարշ Քոչարյանը, - բայց այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ընդդիմությունը, նշանակում է, որ մանդատները մեզ դեռ պետք են: Մենք պետք է հասնենք այն իրավիճակին, որ խորհրդարանում մեծամասնությունը ժողովրդի ճնշման տակ պատրաստ լինի գնալու այդ քայլերին»:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի մեկնաբանությամբ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման մեջ կոնկրետացված չէ, թե «սուբյեկտը ով է»:
«Միայն կարելի է ենթադրել, թե ՍԴ-ն նկատի է ունեցել նախագահին», ասում է նա՝ պնդելով, թե ՍԴ-ն պարտավոր էր իր որոշման մեջ ուղղակիորեն նշել, թե ում նկատմամբ պետք է վստահության հանրաքվե անցկացվի:
Հանձնաժողովի նախագահի այսպիսի մեկնաբանությունը ըստ Դալլաքյանի «զավեշտական է»: «Դա ցույց է տալիս, որ իշխանությունները խուճապի մեջ են կապված հանրաքվեի անցկացման հետ, - ասում է նա: - «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունն արդեն իսկ ավտոմատ կարգով օրակարգում է: Ժողովրդի հետ կգնանք ու կստիպենք, որ կատարվի Սահմանադրական դատարանի որոշումը»:
Ըստ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի Հայաստանի ընդդիմության ձեռնարկած քայլերը լավ մտածված չեն եղել` ի տարբերություն Վրաստանի ընդդիմության վերջին հաջող իշխանափոխությունից:
«Պետք է մտածված իշխանափոխության գնալ, այնպես, որ վաղը, մյուս օրը խիղճներս հանգիստ լինի, - ասում է Գեղամյանը: - Ջրի երեսին եղած անօրինականությունների մասին գիտենք, իսկ ստորգետնյա այնպիսի զարհուրելի հանցագործություններ կան, որոնք, բնականաբար, կբացահայտվեն իշխանափոխության հենց հաջորդ օրը»:
Տպավորություն է ստեղծվում, որ «Արդարություն» և «Ազգային միաբանություն» ընդդիմադիր թևերը ի վերջո միավորվել են, թեև այդ մասին հայտարարություն դեռ չի արվել:
Ընդդիմությունն իր բոյկոտով հայտարարում է, որ երկրում սկսվել է խորհրդարանական ճգնաժամ, որի հանգուցալուծումը կլինի իշխանափոխությունը: Իշխող կոալիցիան բնականաբար չի կիսում այդ կարծիքը:
«Խորհրդարանական ճգնաժամ չկա այն պարզ պատճառով, որ մեծամասնությունը առկա է, մեծամասնությունը որակյալ է և որակյալ մեծամասնությունը շարունակում է օրինաստեղծ գործունեությունը», ասում է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Մկրտչյանը:
«Իհարկե, ինձ համար ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը մասնակցեր Ազգային ժողովի աշխատանքներին, բայց դա իրենք են որոշում, և պարտադրելու կամ ազդելու հնարավորություն չունենք, և ցանկություն էլ չկա: Բայց ցանկալի կլիներ, որ մասնակցեին», հայտնել է լրագրողներին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Չորեքշաբթի օրը իշխանամետ հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նախագահ Քոչարյանն անդրադարձել է բոյկոտի հարցին. «Անկեղծ ասած՝ ես բոյկոտ չեմ տեսնում: Այն, ինչ կա այսօր, պարտավորությունների բոյկոտ է, - ասաց նախագահը, - Իմ գնահատմամբ դա փորձ է ցույց տալու, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ կա»:
Իսկ ընդդիմության հնչեցրած իշխանափոխության, արտահերթ ընտրությունների մասին կոչերի և իրենց ուժերի միավորման մասին հայտարարությունների կապակցությամբ Քոչարյանն ասաց. «Միավորումն ընդդեմ մեկի ոչ մի երկրում ոչ մի լավ արդյունքի չի բերում»:
Նախագահն ասաց, որ իշխանությունները կդիմեն համապատասխան միջոցների, եթե օրենքը խախտվի: Նա նաև ասաց, որ իշխանափոխության միակ օրինական ճանապարհը սահմանադրական ճանապարհն է, և որ ինքը հրաժարական տալու մտադրություն չունի: |