ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 20, 2004




Անուշ ուղերձ. քարոզարշավ քաղցկեղի դեմ` շոկոլադով

Շուտով խանութներում հավանաբար կհայտնվեն շոկոլադե կոնֆետների այսպիսի տուփեր առողջական կենտրոնի ուղերձով

Նոր մեկնարկած դրամահավաք քարոզարշավը նախատեսում է բարձրացնել կրծքի քաղցկեղի մասին հասարակության իրազեկվածությունը Հայաստանում` տարածելով իր ուղերձները հատուկ պատրաստված շոկոլադի տուփերի միջոցով:

Երևանում հիմնադրված Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը (ՀԱԱԿ) հույս ունի, որ սրտիկներով վարդագույն տուփերը ընդունելություն կգտնեն ինչպես իրենց խորհրդի, այնպես էլ համեղ պարունակության համար:

Տուփի վրա գրված է, որ յուրաքանչյուր տուփի վաճառքից ստացված գումարի մի մասը հատկացվելու է Հայաստանում կարիքավոր կանանց և տղամարդկանց կրծքի զննման ծրագրին:

Հանրապետությունում մարդասիրության և գործարարության դեռևս հազվադեպ այս նախաձեռնության շրջանակներում կենտրոնը համագործակցում է Հայաստանում հրուշակեղենի արտադրության առաջատար «Գրանդ քենդի» ընկերության հետ և հույս ունի քարոզարշավը հասցնելու հաջող ավարտի:

«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք «Գրանդ քենդիի» հետ այդ մարդասիրական առաքելության կապակցությամբ, - ասում է ՀԱԱԿ-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: - Սակայն շոկոլադի զանգվածային արտադրությունը կախված կլինի 45 փորձնական տուփերի հաջողությունից: Մենք բաժանել ենք դրանք մեր գործընկերներին ու բարեկամներին Հայաստանում և ԱՄՆ-ում: Մենք ուզում ենք ուսումնասիրել շուկան և պարզել՝ կաշխատի՞ այն արդյոք Հայաստանում»:

Դրամահավաքի գաղափարն առաջարկել է ՀԱԱԿ-ի նախագահ Ռիտա Բալյանը, որը 1997 թվականին հիմնադրել է Մամոգրաֆիայի հայ-ամերիկյան կենտրոնը, որը հետագայում վերանվանվեց առողջական կենտրոն, որպեսզի ավելի լավ արտացոլի իր գործունեության շրջանակները:

Կենտրոնը, որը գործում է դոնորների (հիմնականում ԱՄՆ-ից) ներդրումների և օժանդակության շնորհիվ, ապահովում է կրծքի քաղցկեղի վաղ հայտնաբերում և բուժում: Այստեղ օգնություն են ցույց տալիս նաև մի շարք կանացի հիվանդությունների դեպքում:

Հակոբյանի հավաստմամբ կենտրոնի մասնագետներն արձանագրել են կանանց կրծքի քաղցկեղի դեպքերի տագնապալի աճում. յուրաքանչյուր 10 կանանցից մեկի մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի ախտանիշներ:

Կրծքի զննման ինքնարժեքը կենտրոնում 60 դոլար է, սակայն հիվանդներից գանձում են միայն 10000 դրամ (մոտ 18 դոլար): Ծախսերի մնացած մասը ծածկում է կենտրոնը: Առ այսօր կենտրոնում կրծքի զննում է անցել մոտ 47000 կին և տղամարդ:

«Այդուհանդերձ շատերը չեն կարող վճարել այդ 18 դոլարը տարին մեկ անգամ զննում անցնելու համար: Հենց այդ պատճառով էլ մենք փորձում ենք լրացուցիչ միջոցներ հայթայթել, որպեսզի կարիքավորները կարողանան անվճար զննում անցնել», ասում է Հակոբյանը:

Նա հավատում է, որ բացի միջոցներ հավաքելուց քարոզարշավը կբարձրացնի մարդկանց իրազեկվածությունը կրծքի քաղցկեղի մասին և կքաջալերի նրանց զննման ենթարկվելու և այդպիսով հոգալու սեփական առողջության մասին:

Գալստյանը հավատացնում է, որ «Գրանդ քենդին»
ուրախ է մասնակցելու այս քարոզարշավին

Փորձնական արտադրանքը 12 շոկոլադե կոնֆետ պարունակող տուփեր են, որոնց վրա «Գրանդ քենդիի» և ՀԱԱԿ-ի լոգոներն են: Տուփերը զարդարված են կանացի կրծքի ուրվագիծը երիզող վարդագույն ժապավենով, որը կրծքի քաղցկեղի մասին իրազեկվածության խորհրդանիշն է:

«Գրանդ քենդիի» գործադիր տնօրեն Գայանե Գալստյանն իր համերաշխությունն է հայտնում քարոզարշավի գաղափարին:

«Եթե նման բարեգործական միջոցառումները սովորական երևույթ են Եվրոպայում և ԱՄՆ-ում, ապա Հայաստանում սա աննախադեպ ակցիա է: Մեր հասարակությունը կասկածամտությամբ է վերավերվում այն ամենին, ինչ անսովոր է, հատկապես եթե դա կապված է բարեգործության հետ», ասում է Գալստյանը:

«Բայց ես հավատում եմ, որ որոշ ժամանակ հետո մեր հասարակությունում նույնպես կնախընտրեն գնել որոշակի շոկոլադ` իմանալով, որ վճարած գումարը կօգնի ինչ-որ մեկին բուժում ստանալ»:

Գալստյանն ասում է, որ քարոզարշավի համար նախատեսված շոկոլադի գինը և ծավալները դեռ որոշված չեն:

«Սկսենք, իսկ հետո կհամաձայնեցնենք բոլոր հարցերը, - ասում է նա: - Գաղափարը մեզ դուր եկավ, և փորձնական արտադրանքի համար, որը մեզ վրա 200 դոլար նստեց, կենտրոնից գումար չենք վերցնի»:

«Գրանդ քենդին» հրուշակեղենի խոշորագույն արտադրողն է Հայաստանում: 2000 թվականին գործարար Հրանտ Վարդանյանի հիմնադրած ընկերությունն արտադրում է ավելի քան 250 տեսակի կոնֆետ, մարմելադ, թխվածքաբլիթ ու վաֆլի, ինչպես նաև պաղպաղակ և խյուս (պաստա): Ընկերությունն ունի նաև մանուկների ու երիտասարդների համակրանքը վայելող ժամանակակից ձևավորմամբ սրճարանների ցանց Երևանում:

Ե'վ «Գրանդ քենդին», և' ՀԱԱԿ-ը հույս ունեն, որ իրենց բարեգործական ծրագիրը առաջ կբերի հասարակության աջակցությունը և սկիզբ կհանդիսանա այլ մարդասիրական նախաձեռնությունների համար:


According to Agnes
 

  Inside
 

Matters of the Heart: The “prenup” comes to Armenia in new code on the family

Full story

 
 

Medical Malpractice: Writers' Union accuses district government of stealing its hospital

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Ombudsman Appointed

Ombudsmanship proves to be women's job in South Caucasus. Larisa Alaverdyan, Armenia's first ombudsman, was appointed by President Kocharyan, Thursday, February 19. Armenia is the third country of the region to appoint a woman for this position of human rights protector.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.