ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 20, 2004




Դիվանագիտական առաքելություն ոտքով. ժողովրդական դիվանագետն աշխարհին է ներկայացնում Ղարաբաղի հարցը

Ժողովրդական դիվանագետը

71-ամյա Սերգեյ Մարտիրոսյանը, «կովբոյական» գլխարկով, ուսապարկն ուսին գցած, բավականին արագ քայլում է Երևանի փողոցներով: Նույնքան արագ էլ վերջին 10 տարիների ընթացքում նա անցել է 45000 կմ աշխարհի 67 երկրներով՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

«Եթե հասարակածը 40000 կմ է, ապա ես արդեն երկրորդ պտույտն եմ սկսում», ասում է նա:

Տարվա այս ամիսներին նա արձակուրդ է տալիս ինքն իրեն՝ օրերն անցկացնելով կնոջ՝ Սվետլանայի, աղջկա՝ Աելիտայի ու թոռների՝ Յուլիանայի և Դիանայի հետ: Տարվա մնացած մասը նա ճանապարհին է:

«Տասն ամսվա ընթացքում հասցնում եմ անցնել 8-10 երկիր՝ ամեն օր վեց-յոթ ժամում քայլելով 30-35 կմ», հպարտությամբ ասում է Սերգեյը:

Նա ուսապարկից հանում է բազմաթիվ լուսանկարներ ու պատմում է դրանց մասին: Բոլոր նկարներում նա վերնաշապիկով է, որի վրա անգլերեն ու հայերեն գրված է «Հայաստան» և «Ղարաբաղ»: Ձեռքին Հայաստանի դրոշն է, որի մյուս երեսն Արցախի դրոշն է: Հայ ժողովրդական դիվանագետը հենց այս արտաքինով է հայտնի աշխարհին:

«Սա Դամասկոսի դարպասն է, սա՝ Յաֆայինը, այստեղ ես Հորդանանում եմ: Այս մեկում Ռիո դե Ժանեյրոյից գնում եմ Բուենոս Այրես, սա Սպիտակ տունն է, սա՝ Կապիտոլիումի շենքը, այստեղ Էյֆելյան աշտարակի տակ եմ, սա Դուբայն է, այստեղ եգիպտական բուրգերի մոտ եմ», զարմանալի արագությամբ բացատրում է Սերգեյը:

Լուսանկարներում նա միշտ շրջապատված է մեծ թվով մարդկանցով՝ հայերով ու օտարերկրացիներով, որոնք խանդավառ դիմավորում են նրան:

Նա խոստովանում է, որ երբևէ չի մտածել, որ դառնալու է ճանապարհորդ ու ժողովրդական դիվանագետ: Բաքվում ապրելու տարիներին զբաղվում էր սպորտով, օրական վազում էր 5-10 կմ: 1988-ին շատ հայերի նման Բաքվից տեղափոխվում է Երևան: Հետո գնում է Ստեփանակերտ կռվելու Ղարաբաղի համար:

«Ադրբեջանի ու Թուրքիայի քարոզչական ապարատը բավականին լավ էր աշխատում: Նրանք աշխարհով մեկ տարածում էին, որ հայերը զավթիչներ ու ագրեսորներ են, - ասում է նա: - Մտածում էի՝ բա մեկը չլինի՞, որ գնա Եվրոպա ու ասի, որ այդպես չէ: Կինս ասաց ինձ. «Դու ասում ես, դու էլ գնա ու արա»: ՈՒ գնացի»:

Մարտիրոսյանն սկսեց իր մարաթոնը Ստեփանակերտից 1993 թվականի օգոստոսի 6-ին: Հազարավոր մարդիկ էին հավաքվել նրան ճանապարհելու: Մարտիրոսյանին պաշտոնական աջակցություն ցույց տվեց Ղարաբաղի կառավարությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որն այն ժամանակ ԼՂՀ նախագահն էր:

Այստեղ էլ հասանք

Ժողովրդական դիվանագետին տրամադրեցին «Երազ» մակնիշի մի ավտոմեքենա, որն ամբողջությամբ ծածկված էր «Հայաստան», «Ղարաբաղ» և «Արցախ» բառերով: «Երազի» գլխին ծածանվում էր եռագույնը: Ճանապարհորդության ընթացքում Սերգեին ուղեկցում էին բուժքույրը, մենեջերը, վարորդն ու քարտուղարը:

Հայաստանը նրա այցելած առաջին երկիրն էր:

«Իմ նպատակն է աշխարհին ինֆորմացիա տալ Հայաստանի ու Ղարաբաղի մասին: Մենք լավ գիտենք մեր երկիրը, բայց դրսում շատերը անգամ չեն լսել Հայաստանի մասին, չգիտեն Հայաստանի տեղը քարտեզի վրա», ասում է նա:

1993 թվականին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Մարտիրոսյանին տալիս է հատուկ անցագիր, որը նրան հնարավորություն է տալիս իրականացնելու իր շուրջերկրյա մարաթոն-ճանապարհորդությունը: Նա նշում է, որ շատ երկրներ թույլ են տալիս անցնել իրենց սահմանն այդ փաստաթղթով, թեև որոշ երկրներ էլ վիզա են պահանջում: Մարտիրոսյանն իրեն համարում է խաղաղասեր մարաթոնիստ:

Մինչև տվյալ երկիրն այցելելը մենեջերը տեղյակ է պահում իրենց գալստյան մասին հայկական դեսպանատանը (եթե այդպիսին կա) կամ էլ տեղի սփյուռքահայ համայնքի առաջատար ներկայացուցիչներին: Բոլոր երկրներում Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է անցկացնում: Հայ ճանապարհորդի նկարները հայտնվում են տարբեր թերթերում, նա հեռուստատեսությամբ պատմում է սեփական երկրի մասին:

«Իհարկե, ես արտգործնախարարության աշխատակից չեմ, բայց ես սևագործ
աշխատանք եմ անում ու ներդրում եմ իմ լուման: Ինձ հետ տանում եմ բազմաթիվ լուսանկարներ Հայաստանի ու Ղարաբաղի մասին: Ընդհանուր տեղեկություններ եմ տալիս տարածքի ու բնակչության մասին, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն, թե ով ենք մենք: Բաժանում եմ հայկական դրոշներ», ասում է նա:

Մինչև հիմա Մարտիրոսյանը մաշել է 46 զույգ «Ադիդաս» մարզակոշիկներ, որոնք ընկերությունը նրան տրամադրում է անվճար: Մի անգամ Ֆրանսիայում նրա մարզակոշիկները ծակվում են հենց Էյֆելյան աշտարակի մոտ, և մի ֆրանսիացի 200 ֆրանկ է առաջարկում դրանց համար՝ որպես հուշանվերի:

Սերգեի կոստյումի վրա շողում է «Երախտագիտության շքանշանը», որով ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նրան պարգևատրել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Մարտիրոսյանը դեռ չի հասցրել լինել Ավստրալիայում և Կենտրոնական Ասիայում: Նրան են սպասում Պակիստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան: Նա ասում է, որ խոստացել է քայլել մինչև 75 տարեկանը, և հույս ունի ավարտին հասցնել իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:

Մարտիրոսյանը եղել է Ալժիրում, Մարոկկոյում, Թունիսում, Լիվիայում և շատ է ցանկանում այցելել Եթովպիա, Նիգերիա ու Քենիա:

Սերգեյը քայլել է Վոլգայի ողջ երկայնքով՝ Աստրախանից մինչև Նիժնի Նովգորոդ: Շատ քաղաքներ նրան պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել: Մոսկվայում նրան ընդունել է քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Մարտիրոսյանի մարզակոշիկների 47-րդ,
բայց ոչ վերջին զույգը

«Ինձ համար առանձնահատուկ էր հանդիպումը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողության հետ, որտեղ ես դասախոսություն կարդացի: Հիշարժան են այն երեք օրերը, որ անցկացրի բարերար Վահագն Հովնանյանի տանը Նյու Ջերսիում», սիրով պատմում է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն ասում է, որ ճանապարհորդության ընթացքում խնդիրներ չեն ունենում, բացի ֆինանսականից: Ամսական ծախսում են մոտ 1500 դոլար: Հաճախ հետներն ուտելիք են վերցնում, հատկապես՝ հայկական պահածոներ: Շարունակում են օգտվել իրենց «Երազից», որը թեև բավականին մաշվել է, սակայն շարունակում է գրավել մարդկանց ուշադրությունը:

«Արտասահմանում կան շատ բարերարներ, որոնք օգնում են ինձ ճանապարհորդության ընթացքում, և ես շատ շնորհակալ եմ նրանց: Հիմնականում գումարները ծախսում ենք գիշերային օթևանի վրա: Թեև երբեմն մեզ ընդունում են որպես հյուրի և իրենց վրա են վերցնում հյուրանոցի ծախսերը», պատմում է նա:

Մարտիրոսյանը մտադիր է նաև այցելել Բաքու: Մի անգամ այդպիսի փորձ արդեն արել է, սակայն նրան տեղեկացրել են, որ չեն կարող երաշխավորել նրա անվտանգությունը:

«Այնուամենայնիվ ես չեմ հրաժարվում այդ մտքից: Պետք է գնամ ու ասեմ, որ այսպես չի կարող շարունակվել, հարկավոր է հաշտվել», ասում է նա:

Սերգեյ Մարտիրոսյանը երկու ցանկություն ունի. որ Արցախը ճանաչվի դե յուրե, իսկ Հայաստանն աշխարհում ճանաչվի որպես արդար երկիր:

«Մեզ հիմա ագրեսոր ու զավթիչ երկիր են պիտակում: Երբ դադարեն մեզ այդպես անվանելուց, ես կհասկանամ, որ բախտավոր մարդ եմ ու այլևս անելիք չունեմ», ասում նա:

«Դրանից հետո կանցնեմ թոշակի: Հարևաներիս հետ բակում կնստեմ ծառի տակ ու նարդի կխաղամ»:


According to Agnes
 

  Inside
 

Matters of the Heart: The “prenup” comes to Armenia in new code on the family

Full story

 
 

Medical Malpractice: Writers' Union accuses district government of stealing its hospital

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Ombudsman Appointed

Ombudsmanship proves to be women's job in South Caucasus. Larisa Alaverdyan, Armenia's first ombudsman, was appointed by President Kocharyan, Thursday, February 19. Armenia is the third country of the region to appoint a woman for this position of human rights protector.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.