ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 20, 2004




Նոր սկիզբ. տեղահանված հայերը փորձում են նոր կյանք կերտել

Անիչկան (ձախից), Քնարիկը և նրանց թոռան թոռը

«Էն սպիտակ մորուքավորին փառք, իրեն չեմ տեսնում, ինքը ինձ տեսնում ա, որ օխտը պորտով փրկվեցինք», աչքերը վեր հառած ասում է Եղիշ դային ու դատարկում օղու բաժակը։

Քարվաճառի առաջին վերաբնակիչներից է Գետաշենից փախստական 66-ամյա Եղիշ Մարկոսյանը իր 22 հոգիանոց գերդաստանով։

Քարվաճառը Ղարաբաղի և Հայաստանի միջև ընկած նախկին ադրբեջանական Քյալբաջար քաղաքն է, որը հայկական զորամիավորումները գրավեցին 1993 թվի ապրիլին։

Քարվաճառը Քաշաթաղից (Լաչին) դեպի հյուսիս ընկած շրջանն է, որ բաժանում էր իրարից երկու հայկական պետությունները։

1999 թվին 2000 քառակուսի կիլոմետրանոց այս տարածքը կազմավորվեց որպես Ղարաբաղի վեցերորդ շրջան ու սկսեց վերաբնակեցվել՝ ձուլելով իրար Հայաստանն ու Ղարաբաղը։ Շրջանը վերանվանվեց Շահումյան, քանի որ այստեղ սկսեցին վերաբնակվել փախստականներ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող Դաշտային Ղարաբաղի Շահումյանի շրջանից ու Գետաշենից։

«Գետաշենը թողել ենք էնտեղ, որ քամին փչում ա, հոտը գալիս ա», ձյունածածկ Մռավ լեռան կողմը ցույց տալով ասում է 42-ամյա Չալոն` Եղիշի միջնեկ որդին։ Սարից այն կողմ Շահումյանի շրջանն է ու Գետաշեն գյուղը։

Գետաշենի ենթաշրջանը իր հարակից հայկական գյուղերով 1988 թվին իրեն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի մաս։ Ադրբեջանցիների հարձակումները մի քանի անգամ հետ մղելուց հետո 1991 թվի գարնանը ժողովուրդը ստիպված էր հեռանալ տանկերով Գետաշեն ներխուժած խորհրդային բանակի ճնշման տակ:

Այն ժամանակներում Եղիշ դային հայտնի մարտիկ ու անասնագող էր, որ ադրբեջանցիներից իր որդիների հետ հարյուրավոր գլուխ անասուն էր գողանում։ Մսի մի մասը բաժանում էին մարտիկներին, մի մասը ուղղաթիռով բերում Երևան ու վաճառքից գոյացած փողով զենք գնում։

Եղիշի մասին ասում են` գիշերը ավելի լավ է տեսնում, քան ցերեկը։ Նա Գետաշենի շրջափակումից գիշերով հանում է մոտ 230 մարտիկների, իսկ հետո իր երեք որդիների հետ շարունակում կռվել պատերազմի դաշտում։

Գետաշենում նա թողնում է 600 ոչխար ու 60 կով: Նոր տնտեսություն է դնում Սևանա լճի մոտ գտնվող Աղբերք գյուղում, սակայն ցուրտ կլիման և Գետաշենի հիշողությունը ստիպում են նրան ավելի մեղմ կլիմայով տեղ փնտրել։

«Ութ տարի էնտեղ մնացի, Էնտեղ ի՞նչ էր, «վիսիլկի» տեղ», ասում է նա: Եվ 1999 թվին Մարկոսյանները գետաշենցիների ու շահումյանցիների 35 այլ ընտանիքների հետ դառնում են Քարվաճառի առաջին վերաբնակիչները:

Ամենագլխավոր առավելությունն այստեղ այն է, որ Քարվաճառը նրանց ավելի է մոտեցնում Գետաշենին։ «Ինչքան էլ ստեղ կյանքը լավ լինի, կարոտել եմ, բա կգայի՞ ստեղ Աղբերքից, ֆերմա ու տուն կթողնեի՞», ասում է Չալոն, իսկ հայրը ավելացնում է. «Մեր նպատակն էն ա, որ թուրքը մի հատ էլ սխալվի, ստեղից խփենք, մեր Գետաշենը հետ վերցնենք»։

Եղիշ Մարկոսյանը և նրա կինը՝ Սիլվան

Մարկոսյանի կրտսեր որդին` 37-ամյա Վանեսը, փորձում է «վերականգնել» Գետաշենը Քարվաճառում՝ տնկելով ազնվամորու թփեր։ Ազնվամորին Գետաշենի հիմնական եկամտի աղբյուրն է եղել։ Գետաշենցիները ափսոսանքով հիշում են, թե ինչպես էին տարին երկու անգամ տոննաներով բերք հավաքում ու տանում Երևան, Թբիլիսի ու Բաքու:

Ազնվամորու սեզոնին ամենաաղքատ գետաշենցին մի մեքենայի փող էր աշխատում։ Այս տարի Վանեսը 20-30 դույլ ազնվամորի կհավաքի, հաջորդ տարի՝ ավելի շատ, բայց ինչ էլ անի, Գետաշենի բերքին չի հասնի։

Գերդաստանում ամենափոքրը Եղիշի մեծ որդու թոռ Մալինան է (ռուսերեն՝ ազնվամորի), իսկ ամենամեծերը՝ Եղիշի մայրը` 84-ամյա Անիչկան, և զոքանչը` 87-ամյա Քնարիկը: «Չէ, էստեղը Գետաշենին չի հասնի, անտառներով էլ, բախչեքով էլ Գետաշենը հարուստ ա։ Էստեղ ի՞նչ, ով կով ունի, էն ա ապրում», ասում է Անիչկան։

Մարկոսյանի գերդաստանը մոտ 300 գլուխ անասուն ունի, որ բերել է Աղբերքից։ Ի տարբերություն Աղբերքի այստեղ անասունը ամբողջ տարին արոտավայրում է։ «Էնտեղ հարյուր տոն խոտ էինք հավաքում ձմեռվա համար, ստե՝ հինգ տոն, էն էլ մնում ա։ Բնությունը կա, փետը կա, ապրի», ասում է Չալոն։

Սակայն ոչ բոլորն են Քարվաճառում այդքան հաջողակ: Մյուս վերաբնակները եկել են առանց ունեցվածքի և հազիվ են օրվա հաց հայթայթում: «Էստեղ մարդ կա, որ սոված նստել ա մինչև անասնավարկը ստանալը, էն էլ նրանով պարտքերն ա փակել։ Առաջին բնակիչները, որ մենք ենք, թազա էկողին կաթ ենք տվել, գառ ենք տվել, որ կարանան ապրեն», ասում է Չալոն։

Նախկինում Քարվաճառում 42 հազար բնակիչ է եղել։ Այսօր ավերված քաղաքը մոտ 500 բնակիչ ունի: Քաղաքապետ Ժորա Գրիգորյանը հիշում է, որ առաջին օրերը քնապարկում է քնել, կոշիկները՝ գլխի տակ, մինչև մի փոքր սենյակ է կառուցվել։ Այժմ ամբողջ շրջանում տասնչորս բնակավայր է կառուցվել։

«Սկզբում ոչ լույս կար, ոչ ջուր, էս ավերակներում միայն տներ էին կառուցում։ Հետո ջրագիծ քաշվեց, գեներատոր բերվեց, որ օրը 3-4 ժամ հոսանք էր տալիս», հիշում է Գրիգորյանը։

Ըստ նրա այս պահին Շահումյանում վերաբնակվել ցանկացողների 600 դիմում կա, սակայն տարեկան հազիվ 40 տուն է կառուցվում, և դեռևս հնարավոր չէ բոլորին բնակարանով ապահովել։

Շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Վասիլ Նալբանդյանը նույնպես տուն չունի և բնակվում է Մարկոսյանի տանը։ Նա նույնպես գետաշենցի է և եղել է Գետաշենի պաշտպանության հրամանատարը։ Պատերազմից հետո աշխատել է Երևանի օդանավակայանում, իսկ երբ վեց ամիս առաջ նրան առաջարկել են այս պաշտոնը, սիրով ընդունել է:

Նալբանդյանը մոսկովյան մի գործակալությանը պատվիրել է տեսանկարել Գետաշենը, որպեսզի նայի ու կարոտն առնի: «Ծնողներս էնտեղ են թաղված, ո՞նց չկարոտեմ։ Նայում եմ, որ կարոտս առնեմ, ու տխրում եմ. բոլոր գերեզմանները ավերված են»։

Բնակիչները ասում են, որ նոր ղեկավարը շատ բարեփոխումներ է կատարել: Վեց ամիս առաջ մարդիկ այստեղ դեռևս մոմի լույսի տակ էին նստում, իսկ այժմ քաղաքը և մյուս բնակավայրերը ապահովված են էլեկտրաէներգիայով։ Անասնավարկը և միանվագ ֆինանսական օգնությունը տրվում են ժամանակին։ Շաբաթը մեկ անգամ ավտոբուսները Քարվաճառից գնում են Ստեփանակերտ և Վարդենիս։ Կառուցվում է մարզամշակութային կենտրոն, ֆուտբոլի թիմ է ստեղծվում։

Սակայն շրջանում դեռևս չկա հեռախոսակապ, և ոչ մի հեռուստաալիք հնարավոր չէ դիտել:

«Ավելի լավ, որ տելեվիզրը չի բռնում, որ չենք իմանում աշխարհում ինչ ա կատարվում։ Մի բան ենք իմանում, որ էս հողը պիտի պահենք», ասում է Վանեսը:

Սփյուռքահայ բարերարների միջոցներով շրջանում կառուցվել են տասը դպրոց և մի գյուղ: Սակայն ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել և ֆինանսական ներդրում անել Շահումյանի ու Քաշաթաղի (Լաչին) շրջաններում. գործարարները վստահ չեն, որ դրանք կմնան Ղարաբաղի կազմում։

Նալբանդյանը օգնության խնդրանքով դիմել է տարբեր կազմակերպությունների ու անհատների: Շրջանին պետք է ամեն ինչ՝ դպրոցական նստարաններից մինչև կաթի ու պտղի վերամշակման արտադրամասեր: «Գարունը բացվի, կերևա, թե ով ինչքանով կօգնի։ Մեր հարուստները որ մի հատ կազինո չգնան, էստեղ վեց հատ արտադրամաս կբացեն»։

 

 


According to Agnes
 

  Inside
 

Matters of the Heart: The “prenup” comes to Armenia in new code on the family

Full story

 
 

Medical Malpractice: Writers' Union accuses district government of stealing its hospital

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Ombudsman Appointed

Ombudsmanship proves to be women's job in South Caucasus. Larisa Alaverdyan, Armenia's first ombudsman, was appointed by President Kocharyan, Thursday, February 19. Armenia is the third country of the region to appoint a woman for this position of human rights protector.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.