|
Ամսագիրը կբացի էջեր, որոնք առաջ փակ էին լեզվական արգելքի պատճառով
|
«Ինքնամփոփ գրականությունը նեխում է, ինչպես ինքնամփոփ միտքն է նեխում», ասված է «Արտասահմանյան գրականություն» նորահայտ հանդեսի խմբագրականում:
Նեխած մտքերից ու ինքնամփոփ գրականությունից հեռու մնալու ձգտումով էլ հունվարի 25-ին լույս է ընծայվել հանդեսի առաջին համարը` լիովին նոր ոճով և նոր մտահղացումներով:
«Հայ գրական կյանքն ընդհանուր առմամբ ճահճացած է ու թարմ արյան կարիք ունի: Հանդեսը հենց այդ թարմ արյան դերն էլ կկատարի», ասում է «Արտասահմանյան գրականություն» ամսագրի նորանշանակ գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանը:
Ամսագիրը և նրա օնլայն տարբերակը՝ www.artgrak.am ինտերնետային հանդեսը, հայ ընթերցողին հնարավորություն են ընձեռում իրենց մայրենի լեզվով ծանոթանալու արտասահմանյան գրականության այնպիսի ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Դոնալդ Բարթելմը, Վենեդիկտ Երոֆեևը, Ջոն Թոլքինը, Էնն Հևրթին, Վիլյամ Ֆոլքները: Հաջորդ համարում կներկայացվեն Էդգար Ալան Պոն,Պաուլ Ցելանը, Չառլզ Բուկովսկին և այլք, որոնք ցայսօր փակ էջ են եղել շատերի համար լեզվական խոչընդոտի պատճառով:
Ըստ խմբագրի ը նտրվել են ոչ միայն հանրահայտ գրողների նախկինում հայերեն չթարգմանված բարձրարժեք գործեր, այլև ժամանակակից գրողների գործեր, որոնք համարվում են նոր գրականության վերջին «ճիչը»:
«Մեր գրական ասպարեզում շատ մեծ բացթողումներ կան. հեռուստաէկրաններին երևում են միևնույն դեմքերը, գրադարակներում նույն հին գրականությունն ու գրողներն են, - ասում է Սամվել Մկրտչյանը: - Կարելի է ասել, որ հայերեն լիարժեք միայն Շեքսպիր ունենք թարգմանած, ուրիշ ոչինչ, և մեր հիմնական նպատակը հենց հայ ընթերցողին ժամանակակից խոշորագույն գրողներին ներկայացնելն է, որոնք մինչև այժմ անհասանելի էին շատերին»:
Սա ամսագիրը հիմնադրելու փաստորեն չորրորդ փորձն է վերջին տարիներին: Լույս է տեսել հանդեսի երեք համար, սակայն չի հաջողվել պահպանել պարբերականությունը: Թարգմանություններն էլ հիմնականում կատարվել են բնագրերի ռուսերեն թարգմանություններից, այսինքն՝ միջնորդ լեզվից, ինչը ամսագրի նոր խմբագիրը (որը թարգմանիչ է) համարում է անընդունելի:
|
«Հանդեսը թարմ արյան դեր կկատարի», ասում է Մկրտչյանը
|
«Մեզ հետ համագործակցում են լավագույն թարգմանիչները, և մեր նպատակը նաև շնորհալիներին միավորելն է մի հետաքրքիր գործի շուրջ, - ասում է Մկրտչյանը: - Գործերը թարգմանվում են բնագրից, և դրանք լավագույն թարգմանություններն են` լավագույն մասնագետների շնորհիվ, ինչն ընթերցողը արդեն գնահատում է: Լավ թարգմանությունը թարմ արյուն է. եթե մենք լավ գործը լավ ենք թարգմանում, նշանակում է հայ գրականության մեջ թարմ արյուն է մտնում, իսկ եթե դա չկա, ուրեմն այն ճահճանում է»:
Ըստ Մկրտչյանի թեև ամսագիրը մի քանի օր է, ինչ հրատարկվել է, սակայն արդեն հասցրել է նամակներ և արձագանքներ ստանալ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Հանդեսը և նրա ինտերնետային տարբերակը 7-8 բաժին ունեն, սակայն յուրաքանչյուր համարի հետ այդ թիվը կարող է ավելանալ կամ պակասել:
Նախատեսվում է, որ 2004 թվականին հանդեսը լույս կտեսնի եռամսյակը մեկ, իսկ 2005-ին` ամիսը մեկ անգամ: Սակայն հանդեսի ինտերնետային տարբերակը կթարմացվի ավելի հաճախ, և շուտով այնտեղ կգործի նաև ֆորում, որտեղ ընթերցողները կարող են մասնակցել քննարկումների ու բանավեճերի:
«Փոփոխություններ դեռ շատ կլինեն, սակայն այս պահին պետք է մտածենք այն մասին, որ լավ թարգմանությունը մեծ աշխատանք է, որը պետք է լավ վարձատրվի», ասում է Մկրտչյանը:
«Արտասահմանյան գրականության» առաջին համարը լույս է տեսել Գրողների միության ֆինանսավորման շնորհիվ, սակայն թարգմանիչների հոնորարները մենք պետք է վճարենք հովանավորների միջոցով: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ հանդեսի նոր համարը լույս կտեսնի առանց ուշացման` մարտի սկզբին», ասաց Մկրտչյանը: |