ë

ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 20, 2004


Ծաղիկների հանդես. առևտուրն աշխուժանում է գարնան առաջին ծաղիկների հետ


Փոքրիկ ծաղկեփնջերը երկար ճանապարհ են անցնում Վրաստանից մինչև Երևանի փողոցները

Ամեն ձմեռ` փետրվարին, Մարտինա Դանիելյանը, նրա երեխաները և թոռները ձնծաղիկներ, մանուշակներ ու զառ-մանուշակներ են հավաքում Վրաստանում:

Մարտինան դրանցից փնջեր է կազմում` ընդամենը 500-600 հատ, յուրաքանչյուրում 25-30 ծաղիկ: Հետո փաթաթում է փնջերը թերթի մեջ, դնում է պայուսակների մեջ և ուղևորվում
Երևան` վաճառելու:

Ձմեռվա ամիսներին փոքրիկ ծաղկեփնջերը Երևանում լավ են վաճառվում: Այդ ծաղիկները Հայաստանում էլ են աճում, սակայն ավելի ուշ են ծաղկում: Այնպես որ այժմ դրանք բերում են հիմնականում Վրաստանից` Բաթումից ու Բոլնիս Խաչենի շրջանից:

Մի փունջն արժե 50-100 դրամ (10-20 սենթ): Դանիելյանի և Բոլնիս Խաչենի այլ բնակիչների համար դա ձմռան ամիսներին փող աշխատելու մի ձև է:

Դանիելյանը ծնվել է Հայաստանում, բայց ամուսնացել է վրացու հետ: Նրա ընտանիքն աղքատ է, նրանց համար դժվար ժամանակներ են: Նա ասում է, որ եթե չվաճառի իր 600 ծաղկեփունջը, ապա երեխաները ստիպված կլինեն դպրոց գնալ քաղցած:

Մեկ այլ ծաղկավաճառ` 31-ամյա Նաիրան, նույնպես Երևան է եկել Վրաստանից: Նա ծաղիկ է վաճառում մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Թբիլիսիում նա մի ծաղկեփունջը գնում է 10 տետրիով (մոտ 5 սենթ) և վաճառում է Երևանում 50 դրամով:

Նաիրան ասում է, որ ծաղիկները լավ են վաճառվում, բայց տեղի ոստիկաններն օրական 1000 դրամ են ուզում մետրոյի կայարանի մոտ ծաղիկ վաճառելու համար:

Նման առևտուրը կայուն վաստակ չէ. մի օր կարող է 400 ծաղկեփունջ վաճառվել, մյուս օրը` 25: Ավտոբուսի տոմսը Բոլնիս Խաչենից Երևան 3500 դրամ է (մոտ 6 դոլար), և միայն ծախսերը ծածկելու համար պետք է վաճառել 180 ծաղկեփունջ:

Ձնծաղիկներ ու մանուշակներ վաճառում են նաև տեղացի վերավաճառողները: 54-ամյա Ջուլիետան ծաղկի խանութ ունի Բաղրամյան պողոտայի վրա: Բացի վարդերից, հերբերաներից ու խոլորձներից նա իր հաճախորդներին առաջարկում է նաև նվազ պայծառ, բայց նույնպես շատ գրավիչ գարնանային ծաղիկներ: Ջուլիետան ասում է, որ ձնծաղիկներն ու մանուշակներն արագ են վաճառվում, քանի որ ավելի էժան են: Հաճախորդներին գրավում է ինչպես դրանց գինը, այնպես էլ գեղեցկությունը:

Հաճախորդներից մեկը` 23-ամյա Հասմիկ Չանկարյանը, յոթ ծաղկեփունջ է գնել և ասում է, որ նվիրելու է իր մորն ու ընկերուհիներին:

«Ձնծաղիկներից գարնան ու երջանկության բուրմունք է գալիս: Երբ դրանք երևում են, նշանակում է ձմեռը շուտով վերջանալու է», ուրախ ասում է նա:

«Այս ծաղիկները նվիրելն առանձնապես հաճելի է, քանի որ դրանք շատ գեղեցիկ են, և երևում է, որ դրանք ոչ թե ջերմոցում են աճեցվել, այլ ծաղկել են անտառում», ասում է մեկ այլ հաճախորդ` ուսանող Ջանար Ամանկուլովը Ղրղզստանից:

Գարնանն ավելի մոտ Հայաստանում նույնպես սկսում են ծաղկել գարնանային ծաղիկները: Այստեղ նույնպես դրանք շատերի համար ապրուստի միջոց են: Ամեն վաճառող սեզոնի ընթացքում հավաքում է միջին հաշվով 10000 ծաղիկ և թեև չի հաջողվում բոլորը վաճառել, կարողանում է մի քիչ փող վաստակել:

Գարնան փխրուն մունետիկները

Վաճառողների համար գարնանային առաջին ծաղիկները փող աշխատելու միջոց են: Գնողների համար դրանք մատչելի միջոց են ուրախացնելու իրենց և ուրիշներին: Երբ գարնանային ծաղիկները սկսում են ծաղկել, շատերը գնում են Ծաղկաձոր, Արզնի, Նոյեմբերյան դաշտերում ու անտառներում ծաղիկ հավաքելու:

Սակայն և' վաճառողները, և' սովորական ծաղիկ հավաքողներն իրենց գործողություններով վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Զանգվածային ծաղկահավաքի ավանդույթը Հայաստանում կարող է հանգեցնել այդ ծաղիկների վերացմանը:



Հայաստանի բնապահպանության նախարարության բուսական ռեսուրսների բաժնի վարիչ Կարեն Աֆրիկյանի հավաստմամբ վաղ գարնանային դաշտային ծաղիկները հանրապետությունում վերացման եզրին են, չնայած 1989 թվականին դրանք ընդգրկվել են Հայաստանի կարմիր գրքում: Կարմիր գրքում ընդգրկված են վերացման վտանգի տակ հայտնված ֆլորայի և ֆաունայի շուրջ 300 տեսակներ:

«Ծաղիկ հավաքելիս մարդիկ ոտնատակ են տալիս անտառները, ոչնչացնում են ծաղիկները, արմատախիլ են անում դրանք առանց կարգի ու վերահսկողության», ասում է նա:

Աֆրիկյանը նաև «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության համակարգողն է և մտնում է այն հանձնաժողովի կազմի մեջ, որն աշխատում է Հայաստանի նոր կարմիր գրքի ստեղծման վրա: «Գարնանային ծաղիկների ոչնչացման նման տեմպերի դեպքում 5-10 տարի հետո դրանք Հայաստանում ամբողջությամբ կվերանան: Հազվագյուտ տեսակները կմնան միայն բուսաբանական այգիներում և դենդրապարկերում», ասում է նա:

Ներկայումս ծաղիկներ հավաքելու համար օրենսդրությամբ որևէ պատիժ չի նախատեսվում: Զանգվածային ծաղկահավաքին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ծաղկման փետրվար-ապրիլ ժամանակահատվածը համընկնում է մի շարք տոների հետ:

Փետրվարի 13-ին Տրնդեզն է, 14-ին` Վալենտինի օրը: Մարտի 8-ը կանանց տոնն է, իսկ ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնն է: Ամեն տարի այդ օրերին ծաղկավաճառների սեղանները լիքն են այս փխրուն գարնանային ծաղիկներով:


According to Agnes
 

  Inside
 

Matters of the Heart: The “prenup” comes to Armenia in new code on the family

Full story

 
 

Medical Malpractice: Writers' Union accuses district government of stealing its hospital

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Ombudsman Appointed

Ombudsmanship proves to be women's job in South Caucasus. Larisa Alaverdyan, Armenia's first ombudsman, was appointed by President Kocharyan, Thursday, February 19. Armenia is the third country of the region to appoint a woman for this position of human rights protector.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.