ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 23, 2004




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ինչպե՞ս կարող է մարդ մեխակներ դնել հեռավոր անցյալում նահատակված իր ազգակիցների հիշատակը հավերժացնող կրակի շուրջը՝ իմանալով, որ ինքն ահաբեկել է այն նույն մարդկանց հետնորդներին, որոնց կորուստը սգում է:

Սա մի հարց է, որի մասին պետք է մտածել այս ապրիլի 24-ին:

Տեսախցիկների և դեպքի կապակցությամբ պատշաճորեն մռայլ թիկնապահների ուղեկցությամբ՝ Հայաստանի Զորեղ մարդիկ իրենց այցով հանդիսավոր հայտարարություն կանեն Եղեռնի հուշահամալիրում: Ինչպես և ամեն տարի ամբողջ արարողությունը՝ նախագահի, նրա նախարարների և ողջ շքախմբի մասնակցությամբ, կենդանի եթերում կհեռարձակվի Հայաստանով մեկ:

Հետին պլան չմղվելու համար, հատուկ ընտրված մեկ այլ ժամի նույն ճանապարհը կանցնեն նախագահի ընդդիմադիրները՝ ոչ պակաս անկեղծ դեմքերով:

Զոհերի հիշատակը հարգելու արարողությանն անկեղծորեն կմասնակցեն բոլորը, սակայն այն նաև պետք է ստիպի նրանց, ովքեր վերջին ամսվա ընթացքում հայերին հրահրում էին հայերի դեմ, խորհելու այդպիսի դժվարությամբ ժառանգած հայրենիքին չդավաճանելու իրենց պարտքի մասին:

Կողմերից յուրաքանչյուրը կքայլի համակված հպարտության զգացումով: Սակայն արժանապատվությունը պետք է վերապահվի նրանց, ովքեր վաստակել են այն, իսկ սրանք չեն վաստակել: Եթե պատվիրակություններից որևէ մեկն ունակ լինի ինքնավերլուծության, ապա, անշուշտ, կնկատի զղջալից հեգնանքը նրանց շարժուձևում:

Եղեռնի հիշատակի օրն այս տարի նշվում է անհարմարության զգացումով, և դրանում մեղավոր են այս մարդիկ:

Նախագահը և նրա նախարարները արժանի են կշտամբանքի այն բանի համար, որ իրենց թողտվությամբ նպաստել են կլանային բարքերի հաստատմանը:

Վերջին երեք շաբաթների ընթացքում, գրեթե Ծիծեռնակաբերդի սրաձողի քթի տակ քաղաքացիներին վերաբերվել են ինչպես պետության թշնամիների՝ հաճախ ընդամենն իրենց դժգոհությունը բարձրաձայնելու համար: Իսկ հաճախ էլ՝ առանց որևէ պատճառի:

Երբ վաղը պարոն Քոչարյանը և պարոն Սարգսյանը և նրանց բազմաքանակ ենթակաները հարգանքի տուրք մատուցեն զոհվածներին, կբավականացնի՞ արդյոք նրանց համարձակությունը մի պահ անդրադառնալու կենդանի մարդկանց նկատմամբ իրենց ցուցաբերած աղաղակող ու դաժան քամահրանքին:

Ես իսկապես կուզենայի լսել Զորեղներից որևէ մեկի բացատրությունները,
թե ինչպես է ինքը ծառայում հանրապետությանը, երբ ոստիկանությունը, պաշտպանության նախարար իր խմբավարով, ներխուժում է քաղաքական կուսակցության գրասենյակ, քարշ տալով դուրս է հանում մթության մեջ կծկված 13 կնոջ ու ծեծի է ենթարկում նրանց:

Անի Կիրակոսյանը, անկասկած, ունի նախնիներ, որոնց հիշատակը պետք է հարգի՝ բարձրանալով Ծիծեռնակաբերդի բլուրը: Բայց 22-ամյա աղջկա համար այսօր հեշտ չէ քայլելը. նրա ներքին օրգանները ճզմված են ծեծից, իսկ հոգեվիճակը խաթարված է խմբակային բռնաբարության սպառնալիքից:

Զորեղներից և ոչ մեկը մատով անգամ չի դիպել երիտասարդ կնոջը: Սակայն փոքր մարդիկ, որոնց իր պարտականություններում թերացող վարչակարգն օժտել է իշխանությամբ, գործողությունների այնպիսի ազատություն են ստացել, որ Անիի և նրա նմանների վերջին օրերը վերածել են մղձավանջի:

Չկարծեք, թե կառավարության այս դատապարտումով պաշտպանում ենք ընդդիմությանը: Ընդդիմության առաջնորդները նույնպես նվազ մեղավոր չեն իրենց կողմնակիցների (որոնք կրկնում են իրենց հերոսների անբովանդակ երգերը) ընդվզումը խրախուսելու համար: Եվ եթե բողոքի բացականչությունները ընդդիմության ուսերին իջնող մահակների սարսափելի թրմփոցն են, դրանք նաև արձագանքն են իրենց առաջնորդների սին ճառերի:

Կհարգե՞ն, արդյոք, ընդդիմության առաջնորդները վաղվա օրը, պարզ կդառնա այսօր երեկոյան:

Վերջին օրերի ընթացքում, երբ այդ առաջնորդները հանրահավաքների կոչեր էին անում, իշխանությունները փակում էին Երևան բերող ճանապարհները՝ զրկելով շրջանների բնակիչներին իրենց բողոքն արտահայտելու հնարավորությունից: Պարզապես հնարավոր չէ պատկերացնել, թե Եղեռնի հիշատակի օրը այդ ճանապարհները կարող են փակել:

Կօգտվի՞ արդյոք ընդդիմությունը հնարավորությունից և կհրավիրի՞ հանրահավաք Հայաստանի պատմության այդ ամենատխուր օրը: Պատասխանը կտա վաղվա օրը, և այդ պատասխանը շատ բան կասի:

Իրավիճակը Երևանում անկայուն է, հատկապես ոչ վաղ անցյալում հայրենասերի համբավ վայելող մարդու վրա հինգշաբթի օրը կատարված ու չմեկնաբանված հարձակումից հետո: Վիճակը նյարդային է. պարզ չէ, արդյո՞ք վերջին խժդժությունները և բռնության առանձին միջադեպերը կվերաճեն քաոսի՞, կհանգեցնեն հեղափոխությա՞ն, թե՞ գթասրտությամբ ու խաղաղությամբ կհանդարտվեն՝ փոխակերպվելով սովորական քարոզչական բանավեճերի:

Ամբողջ աշխարհում վաղը հայերը միավորվելու են մի ահավոր կապով: Լոնդոնից Լոս Անջելես, Փարիզից Բուենոս Այրես, Օտտավայից Թբիլիսի և այլուր՝ ամբողջ Սփյուռքը միավորվելու է մեկ գաղափարի շուրջ: Այստեղ նույնքան մարդ կբարձրանա դեպի Ծիծեռնակաբերդի հավերժական կրակը: Հայաստանը կմիավորվի Ծիծեռնակաբերդ բարձրացող հայերով, իսկ հետո նրանք կիջնեն բլրից դեպի պառակտված մայրաքաղաք:

Ո՛չ, ոչ պառակտված, պարզապես գագաթից ճաք տված:

Քանի որ, ճիշտն ասած, մոռացված հոդվածներից և անցած կապտուկներից հետո, Հայաստանի մեծ մասին չի հուզում ընդդիմության հրահրած և իշխանության պատրաստակամորեն իրականացրած բռնությունը: Սակայն ոչ ոք զերծ չէ հասարակությանը համակած հավաքական տրամադրությունից:

Ափսոս, որ այդ տրամադրությունը տիրում է հենց այս օրը:

Պատմությունը Հայաստանի գերեզմանափորն է: Այս մարդկանց, որոնք վաղը քայլելու են դեպի Ծիծեռնակաբերդ, կարիք չկա հիշեցնելու այդ մասին: Եվ եթե նրանց ղեկավարների դեմքի հոռի հեգնանքը հասու է օտարերկրացուն, ապա այն ավելի քան ակնհայտ է Եղեռնը վերապրածների զավակներին:

 

According to Agnes
 

  Inside
 

Random or Planned?: Attack on former politician raises questions

Full story

 
 

Rural Tragedy: Anthrax suspected in death of cattle

Full story

 
Our Best in Budapest?: Can Armenia's choice handle the environment of an international murder trial?

Full story
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holywood

In honor of each of Armenia's Catholicoses, 131 evergreens were planted on the grounds of Saint Gregory the Illuminator Cathedral in Yerevan, April 18.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.