ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 23, 2004




Դժոխային գիշեր. տուժածի պատմությունը ոստիկանության վայրագությունների մասին

Անի Կիրակոսյանը 22 տարեկան է: Նա թույլ չտվեց իրեն լուսանկարել, որովհետև վախենում է: Դատելով ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա ոստիկանության հարձակման ընթացքում նրա հետ կատարվածից՝ վախն արդարացված է:

Անին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և առաջարկ է ստացել աշխատելու «Հանրապետություն» կուսակցության ինտերնետային թերթում:

Ապրիլի 13-ի երեկոյան Անին կուսակցության գրասենյակում է եղել: Դա ընդդիմության ղեկավար Արամ Սարգսյանի գրասենյակն է, սակայն Անին կուսակցության անդամ չէ և իրեն ապաքաղաքական մարդ է համարում: Աշխատանքը թերթում նրա համար գործ է, ոչ թե կոչում:

Ոստիկանությունը ներխուժել է գրասենյակ, որտեղ աշխատում է Անին, իշխանությունների հրահանգով՝ ընդդիմության անդամների կալանումների շրջանակներում: Այդ գիշեր ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ և պայթուցիկ փաթեթներ, ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկել հարյուրավոր մարդկանց:

Գիշերվա ժամը 2-ի մոտ ոստիկանները հասել են Օպերայի շենքի մերձակայքում գտնվող «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ:

Ոստիկանները նախ տարել են գրասենյակում եղած տղամարդկանց, հետո եկել են կանանց հետևից: Անին եղել է 13 կանանցից մեկը:

«Հանգցրել էինք լույսերն ու սպասում էինք,- պատմում է Անին: - Ես սարսափելի վախենում էի: Երբ մեր պատուհանի տակ ոստիկանները սկսեցին ծեծել մի կնոջ, ես մոտեցա պատուհանին, մտածում էի օգնել նրան, հենց այդ պահին սկսեցին ուժեղ թակել մեր դուռը»:

Գրասենյակում այդ պահին մի տղամարդ կար՝ Արտակ Զեյնալյանը, որը Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ է (կորցրել է ձախ ոտքը): Վերջինս փորձել է միջամտել, երբ ներխուժել են ոստիկանները, սակայն նրան հրել գցել են գետնին:

«Մեզ, կոպտորեն քաշքշելով ու հայհոյելով, մտցրեցին մեքենա,- վերհիշում է Անին: - Տարիքով մի կին կար, իրեն շատ վատ էր զգում, խնդրեցինք գոնե նրան բաց թողնել, բայց մերժեցին»:

Անիի հարցին՝ «Մեզ ո՞ւր եք տանելու», ոստիկանը պատասխանել է. «Չգիտեմ, որտեղ ազատ տեղ լինի»:

Այդ երեքշաբթի վաղ առավոտյան կալանքները հասել էին իրենց գագաթնակետին. ձերբակալվել էր 400-ից ավելի մարդ: Դրանց հաջորդելու էին նոր ձերբակալություններ:

Կանանց տարել են Էրեբունի համայնքի ոստիկանություն: Անիին հարցաքննել է Գրիգոր Միտոյանը:

«Սկզբում 4-5 ոստիկանների հետ սենյակ մտավ Միտոյանը, ապա բարձրաստիճան մի ոստիկան եկավ, բոլորը ոտքի կանգնեցին: Ես նստած էի, նայում էի, չգիտեի, թե ինչ կլինի հիմա,- պատմում է Անին: - Նա մոտեցավ ինձ ու քացով խփեց՝ «Կանգնի՛ր, քեզ ասում եմ»: Ես կանգնեցի և նա սկսեց քացիներով խփել ոտքերիս, փորիս, ձեռքերով դեմքիս էր հարվածում: Ես լաց էի լինում, բայց ոչինչ չէի ասում: Նա ինձ հայհոյում էր ամենավերջին խոսքերով: Ես վախից միզեցի տակս»:

Անին ասում է, որ իրեն 10-15 րոպե ծեծի է ենթարկել Պողոսյան ազգանունով մի սպա: Խմբի կանացից մեկը հայտնել է, որ դա Էրեբունի համայնքի փոխոստիկանապետ Կամսար Պողոսյանն է:

Վերջինիս հեռանալուց հետո, մյուս ոստիկանները ջուր և տաք հագուստ են տվել Անիին:

«Ես հարցրեցի՝ ի՞նչ եմ արել, ինչո՞ւ է ինձ ծեծում: Նա կարող է իմ տարիքի աղջիկ ունենալ: Ոստիկաններն ասացին, որ ինձ ոչ ոք չի ծեծել, և դա ինձ միայն թվում է»:

Քիչ անց միջանցքում գոռգոռոցի ու հայհոյանքի ձայներ են լսվել: Ոստիկաններն անմիջապես հետ են վերցրել ջուրն ու Անիի վրայի տաք հագուստը: Այդ պահին սենյակ է մտել Էրեբունի համայնքի ոստիկանապետ Նվեր Հովհաննիսյանը:

«Չեմ հիշում, կանգնած էի այդ պահին... Նա հարձակվեց վրաս ու քացիներով խփում էր: Ես երեք անգամ միզեցի տակս: Ընկել էի ծնկներիս վրա, լաց էի լինում, ի՞նչ եմ արել, ինչո՞ւ եք ծեծում»,- պատմում է Անին:

«Դու միտինգում էիր, ես քեզ տեսել եմ, առաջին շարքերում էիր,- ասել է ոստիկանապետը: - Նախագահ էի՞ր փոխում»:

«Ես նրան ասում էի՝ Դուք ինձ շփոթում եք, բայց նա շարունակում էր քացիներով խփել մեջքիս ու փորիս»:

Անին ասում է, որ ոստիկանապետը սպառնացել է. «Ներս կբերեմ բոլոր ոստիկաններին՝ քեզ կբռնաբարեն, կամ էլ կկալանեմ»:

Տասներեք կանանցից մեկին՝ Օղիդե Հարությունյանին, ոստիկանություն են տարել 19 տարեկան դստեր հետ: Նրանց պահել են 36 ժամ, տարբեր սենյակներում:

45-ամյա Հարությունյանն իրավաբանական կրթություն ունի, նախկինում աշխատել է պաշտպանության համակարգում և մայորի զինվորական կոչում ունի:

Նա ասում է, որ փորձել է պաշտպանել կանանց՝ խոսելով ոստիկանների հետ նրանց իրավունքների մասին: Նա ասում է, որ ոստիկաններից մեկն ասել է. «Ի՞նչ է, դու Հայաստանից չե՞ս, օրենքը վերևում է, ինչ ասում են, այն էլ անում ենք»:

Վերևի հարկից Հարությունյանը ճիչեր էր լսում և վախենում էր, որ դա կարող է իր դուստրը լինել (Հարությունյանի հավաստմամբ՝ Հովհաննիսյանը ծեծել է նաև իրեն ու իր դստերը):

«Երրորդ հարկից պարզ լսվում էին մի աղջկա աղեկտուր ճիչերը: Ես չգիտեի, ի՞մ աղջիկն է, թե՞ ուրիշ մեկը: Ավելի ուշ իմացա, որ Անի Կիրակոսյանն է»,- պատմում է Հարությունյանը:

Հովհաննիսյանի հեռանալուց հետո (ըստ Անիի նա իրեն ավելի երկար է ծեծել, քան փոխոստիկանապետը) Անին շարունակել է բարձրաձայն լաց լինել: Ոստիկաններից մեկը նրան խնդրել է ցածր լացել. «Եթե լսի, որ լաց ես լինում, կգա ու էլի կծեծի»:

Ոստիկանները ստիպված են եղել Անիին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տեսնելով աղջկա ոտքերի և մեջքի կապտուկները՝ ընդունարանի բուժքույրերից մեկը հարցրել է. «Ընկե՞լ ես»:

«Ասացի, որ ինձ ծեծել են ոստիկանությունում,- ասում Անին: - Խոսակցությանը ներկա բժիշկը ընդհատեց բուժքրոջը, իսկ ինձ շատ կոպիտ էր վերաբերվում: Ես տեսա, որ քննիչը սպասում է միջանցքում»:

Վախենալով, թե կարող է գիտակցությունը կորցրած լինի՝ Անին խնդրել է, որ գինեկոլոգը զննի իրեն, սակայն մերժում է ստացել:

Նրան զննել են սոնոգրաֆիական սարքով, ապա պահանջել են վճարել 5-6 հազար դրամ, սակայն Անին ասել է, որ հետը փող չունի:

Հիվանդանոցում նրան որևէ բժշկական փաստաթուղթ չեն տվել:

«Այդպես էլ չիմացա, թե ինչ է կատարվել ինձ հետ: Ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, բայց նրանց դեմքերն ինձ այլ բան էին ասում»,- պատմում է Անին:

(Ներկայումս Անին ապաքինվում է տանը: Նա սուր ցավեր ունի որովայնի շրջանում: Բժիշկներն ասում են, որ նրա ներքին օրգանները ճզմված են):

Հիվանդանոցից հեռանալիս Անին մուտքի մոտ տեսել է ծնողներին ու հարազատներին, սակայն քննիչը թույլ չի տվել խոսել նրանց հետ և կրկին տարել է Էրեբունու ոստիկանատուն:

Ոստիկանությունում 15 ժամ անցկացնելուց հետո 13 կանանցից յոթին հավաքել են մի սենյակում: «Նրանց բոլորին ծեծել էին, բայց ոչ այդքան շատ, որքան ինձ,- ասում է Անին: - Նրանց մեջ կար մեկը, որին նույնպես շատ էին ծեծել: Բոլորս միասին լաց էինք լինում»:

Երեկոյան ժամը 7-ին 5 կանանց, նրանց մեջ Անիին, ազատ են արձակել:

Երբ Անին փորձել է պարզել, թե ինչու միայն հինգին, ոստիկանները պատասխանել են. «Որովհետև դուք անմեղ եք»:

Խմբագրի կողմից՝ Հոդվածը պատրաստելիս «ԱրմենիաՆաուն» երկու անգամ փորձեց ոստիկանության պաշտոնատար անձանցից ճշտել հոդվածում առաջադրված պնդումները: Մենք ոստիկանության ներկայացուցչին հայտնեցինք, որ մեղադրանքներ են ներկայացվել, և ոստիկանությունը պետք է արձագանքելու հնարավորություն ստանա:

Էրեբունի համայնքի ոստիկանության օպերատիվ բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը կտրականապես հերքում է բաժանմունքում կանանց ծեծի ենթարկելու փաստը:

ՀՀ ոստիկանության մամուլի և հասարակայնության վարչության աշխատակից Մուշեղ Կռոյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին». «Եթե այդ կանանց նկատմամբ բռնություն է կիրառվել, թող դիմեն դատախազություն: Բնական է, որ Էրեբունու ոստիկանատանը չեն խոստովանելու, թե ծեծել են նրանց»:


According to Agnes
 

  Inside
 

Random or Planned?: Attack on former politician raises questions

Full story

 
 

Rural Tragedy: Anthrax suspected in death of cattle

Full story

 
Our Best in Budapest?: Can Armenia's choice handle the environment of an international murder trial?

Full story
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holywood

In honor of each of Armenia's Catholicoses, 131 evergreens were planted on the grounds of Saint Gregory the Illuminator Cathedral in Yerevan, April 18.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.