ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 23, 2004




Պատահականությո՞ւն, թե՞ ծրագրված գործողություն. նախկին քաղաքական գործչի վրա կատարված հարձակումը հարցեր է առաջ բերում

Հինգշաբթի օրը տեղի ունեցած հարձակումն ընդդիմության աչքի ընկնող գործչի դեմ առաջ բերեց իշխանության հակառակորդների վրդովմունքը: Նրանք կարծում են, որ հարձակումը կանխամտածված էր և իրականացվել է իշխանությունների հրահանգով:

Մանուչարյանը «քողարկված» ընդդիմությունից է

Երևանի Թումանյան փողոցում օրը ցերեկով դաժան ծեծի է ենթարկվել Աշոտ Մանուչարյանը: 1980-ականների վերջին Մանուչարյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, հետագայում` նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում, ներքին գործերի նախարար և նախագահի անվտանգության հարցերով խորհրդական:

Իրավապաշտպան Գայանե Մարկոսյանը, որը միջադեպի պահին եղել է Մանուչարյանի հետ, պատմում է, որ հարձակվողները երեք հոգի են եղել` սափրած գլուխներով: Մարկոսյանի հավաստմամբ, հարձակվողներից մեկը մի կողմ է հրել իրեն, իսկ մյուսները ծեծի են ենթարկել Մանուչարյանին` հարվածներ հասցնելով ձեռքերով ու ոտքերով: Մանուչարյանը բազմաթիվ վնասվածքներով և ծնոտոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության:

1994 թվականին, տարաձայնությունների պատճառով Տեր-Պետրոսյանից բաժանվելուց հետո, Մանուչարյանը հեռացավ ակտիվ հրապարակային գործունեությունից, սակայն, ինչպես պնդում են, շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ ներկա ընդդիմության վրա:

Նա բավական ակտիվ գործունեություն է ծավալել Մտավորականների ֆորումում` չափավոր ընդդիմադիր մի միավորում, որը չի հարում ոչ մի կուսակցության, սակայն հակադրվում է իշխող վարչակազմին: Ինչպես հայտնում են, Մանուչարյանը գնում էր հենց Մտավորականների ֆորում, երբ ենթարկվեց հարձակման:

Մանուչարյանի ընկերներից մեկը, որը նրա հետ միասին ակտիվորեն մասնակցել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությանը, հայտնեց «ԱրմենիաՆաուին», թե հարձակումն «առանց որևէ կասկածի» կապված է ներկա ընդդիմադիր շարժման հետ:

«Այս հարձակումը,- ասաց Մանուչարյանի ընկերը,- ցույց է տալիս (իշխանությունների) հուսալքության աստիճանը, որը վախեցնող է»:

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, որը դարձել է ընդդիմության նշանավոր դեմքերից մեկն այն բանից հետո, երբ, ի նշան բողոքի ընդդիմության նկատմամբ կիրառված բռնությունների դեմ, հետ է վերադարձրել նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացած պետական պարգևը, այսպես է արձագանքել Մանուչարյանի վրա կատարված հարձակմանը.

«Հայաստանում ծեծը դարձել է քաղաքականության հիմնական միջոց և պետական ահաբեկության ամենաազդեցիկ բաղկացուցիչ մասը: Ուժի կիրառման բոլոր դեպքերը պետք է դիտարկվեն այդ տեսանկյունից»:

Ոստիկանությունը հարձակման վերաբերյալ տեղեկություն չի տվել` արձանագրելով միայն, որ ընթանում է հետաքննություն:

Նախագահի մամլո խոսնակ Աշոտ Քոչարյանն ասաց, թե Մանուչարյանի վրա կատարված հարձակման կապակցությամբ Քոչարյանը հայտարարություն չի անելու, սակայն ավելացրեց, որ կարող է նախագահի անունից հայտնել, որ վերջինս «դատապարտում է» հարձակումը:

Հարձակումը Մանուչարյանի վրա տեղի ունեցավ այն նույն շաբաթ, երբ ձերբակալվել էր ընդդիմության առնվազն 76 կողմնակից` երեք շաբաթ առաջ ընդդիմության սկսած հանրահավաքների ընթացքում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասցնելով 500-ի:


According to Agnes
 

  Inside
 

Random or Planned?: Attack on former politician raises questions

Full story

 
 

Rural Tragedy: Anthrax suspected in death of cattle

Full story

 
Our Best in Budapest?: Can Armenia's choice handle the environment of an international murder trial?

Full story
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holywood

In honor of each of Armenia's Catholicoses, 131 evergreens were planted on the grounds of Saint Gregory the Illuminator Cathedral in Yerevan, April 18.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.