ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 23, 2004




Քարտեզից դուրս. այցելություն մոռացված գյուղ

Գեղաքար գյուղը աշխարհի հետ կապվում է, երբ հալվում է ձյունը։
Գեղաքարը կապվում է աշխարհի հետ, երբ ձյունը հալչում է

Աշխարհի հետ միակ կապը գրեթե անանցանելի ճանապարհն է, և երբ բնությունը փակում է այն,
Երևանից մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած Գեղաքարը ձմեռվա քուն է մտնում։

Մինչև 1989 թվականը գյուղը, որի նախկին անվանումը Ենիքենդ էր, ադրբեջանաբնակ էր և տարածքի ամենահարուստ անասնապահական բնակավայրերից մեկը։ Սակայն գյուղի բնակչության կազմը և գործունեության բնույթը փոխվեցին շատ այլ բաների նման, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Այսօր Գեղաքարը, Սևանի ավազանի շատ այլ գյուղերի նման, բնակեցված է Ադրբեջանից եկած փախստականներով:

Ռուբեն Կարապետյանը 25 տարեկան է: 1990 թվականին, երբ նա 11 տարեկան էր, նրա ընտանիքը փախավ Բաքվից (որտեղ ապրելը հայերի համար դարձել էր անհնար) ու դարձավ գյուղաբնակ: Փախստականներ եկան նաև Կիրովաբադից, և նախկին ադրբեջանաբնակ գյուղը տուն դարձավ նրանց համար:

«Էս գեղը քարտեզի մեջ ո՞նց ա ընկել, զարմանալու բան ա»,- ասում է Ռուբենը:

Տասը տարի առաջ գյուղում եղել է հեռախոսագիծ։ Բնակիչները հիշում են, որ Վարդենիսից եկավ ինչ-որ մեկը, հեռախոսագծերն ու սյուները կտրեց տարավ՝ հայտարարելով, թե ոչ ոք չի կարող բողոքել իր դեմ։ Փախստականները, որոնք որևէ թիկունք չունեին, չեն կարողացել փրկել հեռախոսագծերը։

«Էն ժամանակ խաբեցին,- ասում է կիրովաբադցի փախստական Ռոման Կարապետյանը,- ասին՝ գյուղը կզարգացնենք, գազ կքաշենք, ու լցրին «Իկարուս» բերին»:

Այստեղի կյանքը շատ տարբեր է Կիրովաբադի ու Բաքվի կյանքից:

Բնակիչներն ապրում են հիմնականում կարտոֆիլ ու ցորեն մշակելով, ինչին շատ խանգարում է այն, որ գյուղը չունի ոռոգման համակարգ։ Բնակիչներն ասում են, թե վարելահողերը չեն կարող մշակել, քանի որ տեխնիկա չկա, եթե լինի էլ՝ վառելիք չեն կարող գնել:

Գյուղում բնակվում է 13 ընտանիք, մոտ 50 մարդ, սակայն գրանցվածները երեք անգամ ավելի են՝ 150 հոգի։ Պաշտոնական բնակչության երկու-երրորդն իրականում բնակվում է յոթ կիլոմետր հեռու՝ Լուսակունք գյուղում: Նրանք գալիս են գյուղ միայն անասուններին արոտավայր բերելու և գյուղապետ ընտրելու ժամանակ։ Գյուղապետը նույնպես Լուսակունքից է և հազվադեպ է այցելում իր ընտրողներին (ընդհանրապես շրջանի փախստականներով բնակեցված գրեթե բոլոր գյուղերի գյուղապետերը տեղացիներ են)։

Գյուղում ամենաաղքատը Բաքվից փախստական Բորիս և Իրինա Կուլիկյաններն են: Նրանք յոթ երեխա ունեն:

«35 տարի քաղաքում ենք ապրել, ի՞նչ անենք, էս ա, էլ էթալու տեղ չունենք»,- ասում է Բորիսը, որ ծանր հիվանդ է ու ֆիզիկական աշխատանք այլևս չի կարողանում անել։ Մեծ որդին, որ տան հիմնական աշխատողն էր, զորակոչվել է:

«Ամառը մի կերպ յոլա գնում ենք, բայց ձմեռը շատ ա վատ։ Հազիվ 500-600 կիլո կարտոլ ենք ծախում, փետ առնում։ Ուժս էլ չի պատում մշակեմ։ Էն էլ սելավը էկավ, կարտոլի հորերը տարավ (նկատի ունի մարտի սկզբի հեղեղումը և փոթորիկը, որ շրջանին մեծ վնաս հասցրեց։ Գեղաքարում փոթորիկը շատ տների կտուրներ քանդեց)։

Ընդհանրապես Գեղաքարը հարուստ պաշարներ ունի՝ ընդարձակ արոտավայրեր, վարելահողեր ու քարհանք։ Սակայն գյուղացիների պնդմամբ դրանցից իրենք չեն օգտվում. քարհանքը պատկանում է վարդենիսցի մի գործարարի, և այնտեղ աշխատում են միայն վարդենիսցիներ, վարելահողերի մեծ մասն էլ տրված է վարձակալության։

«Ամբողջ խոտհարքներն էլ գյուղապետինն են, նա մենակ իրա գրպանի մասին ա մտածում»,- ասում է գյուղացիներից մեկը։ «ԱրմենիաՆաուի» թղթակցին չհաջողվեց հանդիպել գյուղապետի հետ, քանի որ նա ոչ Գեղաքարում էր, ոչ էլ մշտական բնակատեղում՝ Լուսակունքում։

Գյուղում կա բուժկետ, բայց այն մշտապես փակ է։ Բուժքույրը Լուսակունքից է և, ըստ գյուղացիների, երկու ամիսը մեկ է հայտնվում գյուղում:

Բաքվից փախստական 62-ամյա Էմմա Ծատուրյանն է գյուղի «շտապ օգնությունը», որ խնամում է հիվանդներին, ներարկումներ անում, ծնունդներ ընդունում (1992 թվականից 11 ծնունդ է ընդունել)։ Սակայն ծառայությունների դիմաց պետությունից աշխատավարձ չի ստանում, բնակիչներից էլ ոչինչ չի վերցնում, նույնիսկ փոքր նվեր. ձեռքը չի գնում։

«Բաքվում մանկաբարձ էի աշխատում,- ասում է Էմման։ - Որ փախչում էինք, չկարողացա վերցնել բժշկական տեխնիկումի դիպլոմս։ Գյուղապետը չթողեց, որ բուժքույր աշխատեմ, ասեց՝ դիպլոմ չունես (բուժքույր նշանակում է շրջանի բուժմիավորումը, սակայն գյուղապետը կարող է իր թեկնածուին առաջադրել)»:

Գյուղում ընդամենը մի մեքենա կա, այն էլ շատ հին, հազիվ է շարժվում։ Երբ ծանր հիվանդ է լինում, այդ մեքենայով են հասցնում քաղաք, իսկ եթե մեքենան չի աշխատում, կամ բենզին չկա, կամ էլ ձյունը փակում է ճանապարհը, ձիով են հիվանդին իջեցնում։ Ռոմանը հիշում է, որ երբ իր աղջիկը ծանր հիվանդ է եղել, սահնակով է քաղաք տարել։

Իսկ եթե հիվանդը չի կարող տեղաշարժվել, նա կմնա գյուղում ճակատագրի ողորմությանը, քանի որ անհնար է շտապ օգնություն կանչել։ Այս ձմեռ մեկն այդպես մահացել է։

Գեղաքարում դրական փոփոխություն առանձնապես չկա: Միակ առաջընթացը դպրոցի շենքն է, որ կառուցվել է սփյուռքահայ բարերարների միջոցներով։ Ութամյա դպրոցում սովորում է 12 աշակերտ։ Ութերորդ դասարանից հետո ուսումը շարունակել ցանկացողները պետք է գնան Լուսակունքի դպրոց։ Սակայն քչերը կդիմեն նման քայլի, քանի որ պետք է ամայի ճանապարհով օրական 14 կիլոմետր քայլել: Ռոմանն ասում է, որ իր աղջիկը գերազանցիկ է, սակայն ութերորդ դասարանից հետո էլ չի շարունակի ուսումը։

Մեկ ամիս առաջ սկսել է մինչև Վարդենիս երկու շաբաթը մեկ ավտոբուս աշխատել, սակայն հայտնի չէ, թե որքան կաշխատի այդ երթուղին։

«Էն ժամանակ (երբ փախստականները նոր էին վերաբնակվել) գոնե խանութ կար,- ասում է Ռոման Կարապետյանը։ - Հիմա գնա մեռի, ոչ ոք չի իմանա։ Ձեռս-ոտս տեղը, ամեն ինչ ձեռիցս գալիս ա, ամեն մասնագիտություն ունենք, բայց պարապ նստած ենք։ Հազիվ մի երկու ոչխար, կով ենք պահում, որ յոլա գնանք: Էսի շնո՞րհք ա, քաղաքացիներին բերել լցրել են էս սարերը»։


According to Agnes
 

  Inside
 

Random or Planned?: Attack on former politician raises questions

Full story

 
 

Rural Tragedy: Anthrax suspected in death of cattle

Full story

 
Our Best in Budapest?: Can Armenia's choice handle the environment of an international murder trial?

Full story
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holywood

In honor of each of Armenia's Catholicoses, 131 evergreens were planted on the grounds of Saint Gregory the Illuminator Cathedral in Yerevan, April 18.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.