ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 23, 2004




Արդյո՞ք Բուդապեշտում են մեր լավագույն ուժերը. կարո՞ղ է պետության ընտրած փաստաբանը հաջողության հասնել սպանության միջազգային դատավարությունում

Քաղաքական լարվածությունը Երևանում շեղել է հասարակության ուշադրությունը հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության Հունգարիայում կայանալիք դատավարությունից:
Երևանում վառ են պահում սպանված սպայի հիշատակը

Մարգարյանը սպանվել է փետրվարի 19-ին Բուդապեշտում, ուր մեկնել էր ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի անգլերենի դասընթացներին մասնակցելու համար: Սպանության մեջ ամբաստանվում է ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:

Հայերը ցնցված էին Մարգարյանի վայրագ սպանության լուրից: Նրանց նաև զայրացրին Բաքվի մեկնաբանությունները, որոնք Սաֆարովին ազգային հերոս էին դարձնում:

Ադրբեջանում ստեղծվել են Սաֆարովի պաշտպանության հիմնադրամներ, նրան կանոնավորապես այցելում են նրա ճակատագրով անհանգստացած համերկրացիները: Գործի հետաքննության վրա փորձում են ազդել ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչներ, փաստաբաններ, երկրի օմբուդսմենը: Սաֆարովի ընտանիքը դրամական օգնություն է ստանում հատուկ այդ նպատակի համար ստեղծված «Ռամիլ Սաֆարովի հիմնադրամից»:

Մինչդեռ Մարգարյանի ընտանիքը գրեթե մոռացության է մատնված:

Օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան նամակ է հղել հունգարացի պաշտոնատար անձանց` «հիշեցնելով», որ Սաֆարովը հայկական ագրեսիայի զոհ է: Իրավապաշտպան ակտիվիստներից մեկը նամակին կցել է փաստաթուղթ «Խոջալուում հայ հրեշների գործած վայրագությունների» մասին:

Պետք չէ առանձնակի խորաթափանցություն եզրակացնելու, որ Ադրբեջանի ձեռնարկած միջոցներն ուղղված են լինելու Բուդապեշտում բարենպաստ արդյունքի հասնելուն: Եվ ոչ էլ որևէ կասկածի տեղիք է տալիս, որ մեր արևելյան հարևանները ձգտելու են հասնել այնպիսի դատավճռի, որը, ըստ էության, մեղադրելու է Հայաստանին` արդարացնելով Սաֆարովին որպես զոհի, որը վրեժխնդիր է եղել իր ընտանիքի մահվան համար:

Պարզապես Բուդապեշտում կա մարդասպան, վկաներ, հանցագործության գործիք, իսկ երևանյան մի գերեզմանում՝ մի զոհ: Սակայն այն, ինչ առանց գործը հեշտացնող այս հանգամանքների կարող էր լինել շարքային դատավարություն, խոստանում է վերաճել արտասովոր մի ներկայացման, որտեղ քննվելու են երկու հանրապետությունների հարաբերությունները:

Այն հանգամանքը, որ սպանությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անմիջական սահմանների մերձակայքում և ոչ «խաղաղության», ու ոչ էլ «համագործակցության» օրինակ է ծառայել, հավատ չի ներշնչում հայ-ադրբեջանական համագործակցության նկատմամբ գալիք համատեղ գործողություններում, մասնավորապես` սեպտեմբերին Ադրբեջանում կայանալիք զորավարժություններում:

Տրամաբանական է ենթադրել, որ ՆԱՏՕ-ն կարող էր տուժածի կողմն անցնել այս թշնամական դիմակայությունում, որը ոչ միայն սրեց հայ-ադրբեջանական ատելությունը, այլև վարկաբեկեց ՆԱՏՕ-ին:

Սակայն առայժմ նման կողմնապահության վկայություն չկա, ակնհայտ է միայն Ադրբեջանի շահագրգռությունը: Քիչ բան է հայտնի նաև, թե ինչպես է հայկական կողմը պաշտպանելու իր քաղաքացու շահերը և իր պատիվը:

Հայտնի է միայն, որ Մարգարյանի շահերը պաշտպանելու է երևանցի փաստաբան Նազելի Վարդանյանը: Իսկ Վարդանյանի մասին հայտնի է միայն, որ նա մասնագիտացել է շրջակա միջավայրի օրենսդրության բնագավառում:

Արդար չէր լինի դատել փաստաբանի մասնագիտական հմտության մասին, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ապացուցելու այն: Սակայն բնավ անարդար չէ, որ դատավարությանը տեղյակ մտահոգ քաղաքացիները հարց են բարձրացնում, թե ինչու է նման առաջադրանքը հանձնարարվել այսպիսի մասնագիտացում ունեցող փաստաբանի:

Այն լրագրողներին, ովքեր ցանկանում են պատմել հասարակությանն այս կնոջ մասին, սաստում են` ասես նրա բուն անձը պետական գաղտնիք է: Վարդանյանն ինքը մեզ խորհուրդ տվեց դիմել հինգ փաստաբաններից կազմված հանձնաժողովին, որն այս գործում համագործակցելու է նրա հետ: Հանձնաժողովից տեղեկություն ստանալու մեր փորձերը թեև անհաջող չէին, սակայն պատասխանները խուսափողական բնույթ էին կրում:

Փաստաբանի տոհմաբանությունը պարզելու կարիք չէր լինի, եթե սա լիներ պարզապես մի քաղաքացու գործ ընդդեմ մեկ այլ քաղաքացու: Սակայն ակնհայտ է, որ այդպես չէ:

Փորձության է դրված հանրապետության հեղինակությունը, դատական ճարտասանությունը դիտվում է որպես պետության արտաքին քաղաքականության դրսևորում: Մի՞թե այդ դեպքում Հայաստանի ժողովուրդն արժանի չէ իմանալու, որ իր ներկայացուցիչը վաստակել է այդ վստահությունը:

Ինչո՞ւ է Հայաստանի փաստաբանների միջազգային միությունը շրջակա միջավայրի մասնագետ փաստաբանի նշանակել մի գործում, որը կարող է բացառիկ հետևանքներ ունենալ: Եվ, ինչն ավելի կարևոր է, ինչո՞ւ է պետությունն անտարբերությամբ արձագանքել այդ նշանակմանը: Գաղտնապահությունը, որպես կանոն, հատուկ է հետաքննության փուլին: Իսկ պաշտպանության գաղտնապահությունը նոր բան է Հայաստանի համար:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը (էլ չխոսենք զոհի շահերի մասին) պատշաճ մակարդակով է ներկայացված պետության նշանակած փաստաբանով՝ Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասաց.

«Գալիք դատական մարտերը չափազանց շատ կլինեն մեկ փաստաբանի համար, որքան էլ նա տաղանդավոր ու խելոք լինի: Ես կարծում եմ, որ պետք է լինեին առնվազն երկու փաստաբան և Ղարաբաղի խնդրի հարցով մեկ փորձագետ, քանի որ պարզ է, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է օգտագործել այս դատավարությունը Հայաստանի և Ղարաբաղի դեմ հրապարակային դատ կազմակերպելու համար: Բացի այդ, որքան ես գիտեմ, Նազելի Վարդանյանը բավականաչափ փորձ չունի քրեական գործեր, մանավանդ քաղաքականությամբ և միջպետական հարաբերություններով «ծանրաբեռնված» հանցագործությունների գործեր վարելու առումով»:

Ալավերդյանի կարծիքով անընդունելի է, որ երկրորդ մեղադրանքը Սաֆարովի դեմ՝ մահափորձ մեկ այլ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ, ամբողջությամբ անտեսվել է: Օմբուդսմենն այն կարծիքին է, որ հայ սպաների դեմ հանցագործությունը կանխամտածված էր և ուներ հեռուն գնացող քաղաքական նպատակներ:

«Գալիք դատավարությունում հայկական կողմի պատշաճ ներկայացուցչության ապահովումը կառավարության պատասխանատվությունն ու պարտքն է»,- ասում է Ալավերդյանը:

Այդ դեպքում ինչո՞ւ վստահել այդ գործը մի փաստաբանի, որը հարգանք է վայելում որպես «էկո-իրավաբան», սակայն անփորձ է քրեական դատավարության բնագավառում:

Անցյալ տարվա հոկտեմբերին Վարդանյանը մասնակցել է Հունգարիայում անցկացված բնապաշտպանական կոնֆերանսին: Հնարավո՞ր է, արդյոք, որ պետությունն ընտրել է նրան որպես Մարգարյանի և Հայաստանի շահերի ներկայացուցիչ, միայն այն պատճառով, որ նրա անձնագրում հունգարական կնիք կա:

Իհարկե, սա անհեթեթություն է թվում: Սակայն տեղեկությունների բացակայության պայմաններում մեզ մնում է միայն ենթադրություններ անել:

Ինչ խոսք, բուդապեշտյան դատավարությունում «միջավայրը» կարևոր դեր կխաղա: Եվ դա, հավանաբար, կլինի միջավայր հագեցած փոխադարձ հարձակումներով ու մեղադրանքներով: Այդուհանդերձ, մենք հուսով ենք, որ հայ իրավաբանին Բուդապեշտ են ուղարկել ոչ շրջակա միջավայրի օրենսդրության իմացության համար, այլ որովհետև նա իսկապես մի ինչ-որ գաղտնի զենք է և կարդարացնի այդ ամբողջ գաղտնապահությունը:

Քանի որ պարզ է՝ մեր հարևանները ջանք ու միջոց չեն խնայում, պատրաստվելով Բուդապեշտի դատավարությանը: Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը պատրաստակամություն է հայտնել վարձելու Եվրոպայի լավագույն փաստաբանին «ազգային հերոսի» պաշտպանության համար: Տխրահռչակ ադրբեջանցի գործարար Ֆիզուլի Մամեդովը (Ալ Կապոնե մականունով) առաջարկել է ֆինանսավորել պաշտպանության բոլոր գործողությունները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը հունգարացիներին է հրամցնում Ղարաբաղյան հակամարտության իրենց ուրույն մեկնաբանությունը:

Ի՞նչ կլինի Հայաստանի պատասխանը: Ի՞նչ կկարողանա անել մեր կառավարության ներկայացուցիչը Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը, և համապատասխանաբար՝ մեր ազգային արժանապատվությունը պաշտպանելու առումով:

Մենք սպասում ենք և անհանգստանում ենք: Դատավարության սկզբից տակավին մի քանի օր առաջ Վարդանյանին օժանդակող փաստաբանների խումբը գանգատվում էր, թե իրենք դեռ չեն ստացել Հունգարիայի քրեական օրենսգիրքը: Ասում էին, որ արտաքին գործերի նախարարությունն ուշացնում է թարգմանությունը: Նաև գանգատվում էին, որ Հայաստանի առաջատար փաստաբան Վարդանյանը չունի անգամ գոգդիր համակարգիչ ու ռոումինգի ծառայություն իր բջջային հեռախոսի համար, ինչը կարող է խոչընդոտել կապ հաստատելուն, եթե ոչ լիովին անհնար դարձնել այն:

Ներքին մտահոգությունն ընդդիմության վերջին գործողությունների կապակցությամբ մղել է միջազգային նշանակություն ունեցող այս դատավարությունը Երևանի գերակայությունների ցուցակի հետին պլան:

Հայ սպայի շահերը և հանրապետության անունը պաշտպանելու կոչված փաստաբանների վերաբերյալ մեր ունեցած բոլոր հարցերից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան հետևյալը (թեև մյուս հարցերն էլ պատասխան չեն ստացել).

Արդյոք սա՞ է առավելագույնը, ինչին ընդունակ է մեր կառավարությունը: Եվ մի՞թե այն արժանի չէ հասարակության ուշադրությանը, նույնիսկ երբ
Երևանի ուշադրությունը բևեռված է քաղաքական քաշքշուկին:


According to Agnes
 

  Inside
 

Random or Planned?: Attack on former politician raises questions

Full story

 
 

Rural Tragedy: Anthrax suspected in death of cattle

Full story

 
Our Best in Budapest?: Can Armenia's choice handle the environment of an international murder trial?

Full story
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holywood

In honor of each of Armenia's Catholicoses, 131 evergreens were planted on the grounds of Saint Gregory the Illuminator Cathedral in Yerevan, April 18.

 

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.