ճանաչված սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականներով, որոնք պատրաստ էին գրկելու Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհուն:
 |
Ես սիրահարվել եմ այս երկրին ու ժողովրդին
|
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ եկած հանդիսականների թվում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և առաջին տիկին Բելլա Քոչարյանը:
90-րոպեանոց համերգի ծրագրում ընդգրկված էին ճաշակով ընտրված արիաներ տարբեր օպերաներից՝ Ռոսինիի «Շամիրամ» և «Սևիլյան սափրիչը», Մոցարտի «Հովիվ թագավորը», Պուչինիի «Բոհեմ» և «Ջանի Սկիկի», Տիգրանյանի «Անուշ» օպերաներից:
Բեյրութում ծնված կանադահայ երգչուհին հմտորեն ու հանգիստ էր հաղթահարում Ռոսինիի բարդ պասաժներն ու բարձր նոտաները: Նուրբ, բայց հնչեղ ձայնով, դերասանական անկաշկանդ վարպետությամբ նա կատարեց Շամիրամի արիան:
Սակայն առավել հետաքրքիր ու յուրօրինակ էր «Ասում են ուռին» երգի կատարումը «Անուշ» օպերայից: Հանդիսատեսին լավ ծանոթ այս երգը, որը սովորաբար ներկայացվել է կոլորատուրային սոպրանոյի կատարմամբ, այս անգամ հնչեց նուրբ ու պարզ ձայնով: Երգչուհու նազելի կատարումը պատկերեց Անուշի գեղջկական, մաքուր ու անմեղ կերպարը:
Բայրաքդարյանի հայաստանյան դեբյուտը հաջորդեց նրա 2002-2003 թթ. թատերաշրջանին, երբ նա, մասնավորապես, առաջին անգամ հանդես եկավ Փարիզում՝ Սուսաննայի դերակատարմամբ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում: Նա նաև հանդես եկավ Կատերինայի դերերգով («Հայացք կամրջի վրայից») Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում» և Զերլինայի դերերգով «Դոն Ջովանի» օպերայում Զալցբուրգի փառատոնում:
2000 թվականին Բայրաքդարյանը հաղթող է ճանաչվել Պլաչիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթում և արժանացել է Եղիսաբեթ II թագուհու «Ոսկե հոբելյան» մեդալին: Բայրաքդարյանի ձայնը հնչում է «Գրեմիի» մրցանակակիր «Երկու աշտարակ» («Մատանիների տիրակալը» եռերգության երկրորդ ֆիլմը), ինչպես նաև Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում:
Կանադայում 2002 թվականի մարտին լույս ընծայված նրա առաջին «Լույս ուրախության» ձայներիզն առաջին տեղ գրավեց դասական երաժշտության վարկանիշային աղյուսակում:
Երգչուհու հետաքրքրությունները չեն սահմանափակվում օպերայով: Իրականում նրա առաջին սերը հոգևոր երգերն են եղել: Բեյրութում նա մեծացել է Կոմիտաս և Սայաթ-Նովա երգելով:
«Հավատքս միշտ զորավոր է մնացել, քանի որ եկեղեցական երգեցողությունը գալիս է հոգուց և սրտից,- ասում է Իզաբելը: - Լուսինե Զաքարյան շատ եմ լսել, գուցե դրանից է, որ այդքան շատ եմ սիրում եկեղեցական երգեցողություն: Նրա ձայնը միշտ ականջիս մեջ է եղել»:
Բայրաքդարյանի առաջին այցը Հայաստան կվերածվի ֆիլմի. նրա հետ ժամանել է կանադական հեռուստատեսության նկարահանող խումբը:
Երգչուհին պետք է եզրափակեր այցը՝ ապրիլի 24-ին երգելով Եղեռնի հուշահամալիրում կազմակերպված արարողության ժամանակ: Սակայն Բայրաքդարյանը ստիպված էր մեկնել երեկ՝ ապրիլի 22-ին, որպեսզի վաղը Պլաչիդո Դոմինգոյի խնդրանքով ելույթ ունենա Լոս Անջելեսի օպերայում:
Այցելության ընթացքում երգչուհուն հաճախ էին հարցնում, թե ինչու է այսքան ուշ եկել Հայաստան, արդյոք ներքին մղում չի ունեցել շուտ տեսնելու հայրենիքը: Բայրաքդարյանը չէր շփոթվում հարցերից` տալով դիպուկ պատասխան. «Ոչ մի բանի համար երբեք ուշ չէ։ Անկեղծ ասած, կարող էի փոխել դժվար արտասանվող ազգանունս ու ավելի հեշտ ճանապարհ հարթել, բայց ցանկացել եմ, որ աշխարհի տարբեր կետերում, թեկուզ դժվարությամբ, հնչի այն՝ փաստելով հայ լինելս»։
«Հայաստան գալով հայությունս ավելի զորացավ,- ասաց Բայրաքդարյանը: - Արդեն մեկ շաբաթ հայրենիքում եմ ու չեմ ուզում գնալ, սիրահարված եմ հողին, ժողովրդին: Հայրենիքը միայն նկարներով ու գրքերով ճանաչելը մի բան է, հայրենի հողի վրա լինելը՝ բոլորովին այլ բան: Այստեղ ես զգում, թե որքան երկար պատմություն կա քո հետևում, և դու պիտի որոշես՝ շարունակելո՞ւ ես այդ պատմությունը, թե՞ ոչ: Ուրախ եմ, որ եկա, այսուհետ հաճախ եմ գալու»:
Երեքշաբթի Երևանում Բայրաքդարյանն արժանացավ բուռն ու երկրարատև ծափահարությունների և, հանդիսականների պահանջով վերադառնալով բեմ, ասաց երկրպագուներին. «Անչափ հուզված եմ, դժվարանում եմ խոսել»:
Զգալով, որ դժվարանում է խոսքերով արտահայտել իր երախտիքը, նա կատարեց Բարսեղ Կանաչյանի «Օրորը»՝ մեղմ, լայնաշունչ ձայնով, արցունքներ բերելով շատ հանդիսականների աչքերից:
|