Գայանե Աբրահամյան
§²ñÙ»ÝdzܳáõǦ
թղթակից |
«Նա ծեր է ու նաև ժամանակակից, ինչպես վաղվա օրը, ամեն օր բոլորովին նոր է, ու նաև անսահման է, ինչպես ժամանակը, կյանքը նրա հետ նման է ճյուղավորումների լաբիրինթոսում լինելուն», այսպես է ջազի պիոներ Դյուք Էլինգթոնը բնորոշել երաժշտության այս ժանրը, որը բուռն կյանք է ապրում Հայաստանում:
 |
Ամսվա երաժշտության մի մասն էին «բիգ բենդի» հնչյունները
|
Ապրիլի 7-17-ը ջազի երևանաբնակ սիրահարները վայելեցին ջազային հնարքների անվերջանալի լաբիրինթոսում գտնվելու հաճույքը:
Երրորդ տարին է, ինչ Հայաստանում ապրիլը հայտարարվում է Ջազի նշանավորման ամիս: Այն իրականացվում է Սմիթսոնյան ազգային պատմության թանգարանի և ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ և նպատակ է հետապնդում ծանոթացնել հասարակությանը ջազի պատմությանն ու հարուստ ժառանգությանը:
Ջազային բազմաբնույթ միջոցառումների շարքն սկսվեց ապրիլի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում, որտեղ ելույթ ունեցավ «Գրեմի» մրցանակի դափնեկիր, ամերիկացի սաքսոֆոնահար Բիլ Քիրշները:
ԱՄՆ-ում Քիրշները դասավանդում է ջազի պատմություն, ջազի կոմպոզիցիա, պարտիտուրային վերլուծություն և Դյուք Էլինգթոնին նվիրված դասընթացներ Նյու Յորքի «Նյու Սքուլ համալսարանում», Նյու Ջերսիի համալսարանում և Մանհեթենի երաժշտական դպրոցում:
Երևանում նա նույնպես շարունակեց իր ուցուցումը՝ մի քանի վարպետության դասեր տալով կոնսերվատորիայում և ջազի քոլեջում:
«Ես քիչ եմ ծանոթ հայկական ջազին, բայց ինձ ուղղակի ապշեցրեց ոչ միայն հայ ջազմենների բարձր մակարդակը, որը, անշուշտ, համապատասխանում է միջազգային չափանիշներին, այլև հանդիսատեսի պատրաստվածությունը»,- ասում է Քիրշները:
Եթե նյու-յորքցի ջազմենի ելույթը միջոցառման, թերևս, գլխավոր խայծն էր, ջազի ամիսը, անշուշտ, պատկանում էր տեղի երաժիշտներին:
Երևանյան ջազի վետերան, դաշնակահար Լևոն Մալխասյանը կրքոտ իմպրովիզացիաններից բացի, հանդես եկավ նաև թեթև «սվինգ» ոճով կատարումներով՝ մի երիտասարդ երաժշտի հետ: Վահագն Հայրապետյանի եռյակի կատարումները «հարդ բոփ» ոճով էին:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության ջազ բենդը դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, ըստ ավանդույթի, հանդես եկավ ավելի պոպ, քան ջազային համարներով, ինչպիսին են «Օտարականները գիշերով» ("Strangers in the Night"), «Բեսամե մուչոն», Սինատրայի «Իմ ուղին» և այլ պարային անմահ մեղեդիները:
«Չիկո և ընկերներ» քառյակը Արմեն «Չիկո» Թութունջյանի (հարվածային գործիքներ) ղեկավարությամբ կատարեցին հին ջազային մեղեդիներ՝ «Հիշողություններ քո մասին», «Բարի եղեք, տիկին», «Ճիշտ քեզ նման», «Ցատկոտում ենք Բադի հետ»: «Թայմ ռիփորթ» խումբը, սաքսոֆոնահար Արսեն Ներսիսյանի «Կակտուս» լատինո-ջազ և կիթառահար Արմեն Պետրոսյանի ֆլամենկո-ջազ սեքստետները, չհեռանալով ջազային ավանդույթներից, ցույց տվեցին արդի և ազգային նոր երանգներ ստացած երաժշտական իմպրովիզացիաներ:
Ջազի ամիսը նշանավորվեց երկու հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառումներով` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված «Ջազի գույներ» և «Սվինգ-դանս» երեկույթներով, որտեղ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության ջազ բենդի և «Տրոպիկալ» ջազ բենդի մի քանի ժամ տևած կատարումները ջազային տաքարյուն ռիթմերով ստիպեցին պարել անգամ ամենաերկչոտ հանդիսատեսին:
«Ջազային ամսվա» 9-րդ օրը միջոցառմանը մասնակցելու հնարավորություն տրվեց ոչ միայն երաժիշտներին, այլև նկարիչներին:
Ապրիլի 15-ին Նկարիչների միության ցուցասրահում ուսանող նկարիչները կտավին հանձնեցին ջազային երաժշտությամբ ոգեշնչված իրենց հույզերը:
Ջազային հնչյուններին միաձուլվել էր յուղաներկի բույրը, իսկ արդյունքը երևում էր ազատ վրձնահարվածներում, որոնցից ծնվում էին պատկերներ հեռավոր և առասպելական Նոր Օռլեանի մասին: Նկարիչները պատկերում էին աֆրամերիկացիներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում երաժշտության միջոցով՝ իրենց զգացումներով սնելով ջազի արմատները:
Նկարչական ուսումնարանի ուսանողուհի Կարինե Առուստամյանի նկարում ջազը արտահայտված է առանց որոշակի պատկերների. նրա կարծիքով ջազը տրամադրություն է, հոգու պոռթկում, որոնք մարդու էության գույներն են:
 |
Նկարիչների միության սրահում երիտասարդ նկարիչներն արարում էին ջազ նվագախմբի հնչյունների տակ
|
Երիտասարդ նկարիչներին իրենց հույզերն արտահայտելու համար տրված էր երկու ժամ, որից հետո նկարները հանձնվեցին ժյուրիի դատին: Բոլոր մասնակիցներն արժանացան դիպլոմների և զանազան նկարչական պիտույքների, ընտրվեց երեք լավագույն աշխատանք, որոնց հեղինակները պարգևատրվեցին առավել թանկարժեք նկարչական պիտույքներով (յուղաներկեր, գունամատիտներ, վրձիններ և այլն):
«Ջազը ոչ թե պարզապես երաժշտություն է, այլ ապրելակերպ, կյանք, մտածելակերպ և հույզ»,- ասում է ջազի վարպետ Վահագն Հայրապետյանը, որը տարբեր երկրներում հայկական կրքով ներկայացնում է ավանդական ամերիկյան ջազը:
Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, որ դեռ 70-ականներից է տարվել ջազով, կարծում է, որ ջազը մտքի ազատություն է և փիլիսոփայություն: Նա հիշում է, որ կար ժամանակ, երբ ջազն արգելված էր ԽՍՀՄ-ում, և միայն 60-ականներին որոշ չափով թուլացան կապանքները, և կոմպոզիտորներ Կոնստանտին Օրբելյանը, Մարտին Վարդազարյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Ստեփան Շաքարյանը սկսեցին լուրջ գործունեություն ծավալել այս ոլորտում՝ իրենց շուրջ համախմբելով Արթուր Վարդանյանին (դաշնամուր), Ալեքսանդր Զաքարյանին (սաքսոֆոն), Արմեն Զաքարյանին (հարվածային գործիքներ), Ալեքսանդր Տիտարենկոյին (կոռնետ) և այլ ջազմենների։ Իսկ այդ տարիների միակ ջազային երգչուհին Հայաստանում Լոլա Խոմյանցն էր։
«Այն ժամանակ մենք ամեն ինչ կտայինք, եթե մի ջազային ձայնապնակ գտնեինք, եթե քաղաքում մեկը լավ ձայնապնակ էր ունենում, ապա այն պտտվում էր քաղաքով մեկ, բոլորը խոսում էին դրա մասին»,- ժպտալով հիշում է Երզնկյանը:
1978 թվականին Կույբիշևում կայացած ջազ փառատոնին առաջին անգամ մասնակցեց հայկական ջազ քառյակը և դարձավ դափնեկիր: Քառյակի կազմում էին այսօրվա ջազի կնքահայրեր Մալխասյանը, Զաքարյանը, Թութունջյանը և Երզնկյանը։
1970-ականներին արդեն ջազ էին քարոզում երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը: Այսօր նրանք բոլորն էլ բնակվում են ԱՄՆ-ում և շարունակում են ջազ երգել: 1980-ականներին նրանց հաջորդեցին Զառա Երզնկյանը, Իրինա Մալխասյանը, Շուշան Պետրոսյանը, իսկ այսօր նոր քայլեր են անում երիտասարդ կատարողներ Լուսինե Կչոզյանը, Իլոնա Սակիևան և այլոք:
Ջազի նշանավորման ամսվա ավանդական իրադարձություններից է նաև «Առագաստ» սրճարանում անցկացվող համերգը, որին արդեն երեք տարի է մասնակցում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տարբեր երկրների դեսպաններ ու այլ բարձրաստիճան այրեր: Եվ ապրիլի 16-ին, մինչ Մատենադարանի մոտ հավաքված ժողովուրդը հուժկու բացականչություններով պահանջում էր Քոչարյանի հրաժարականը, նախագահը վայելում էր ջազի առավել բուռն հնչյունները: |