Հայ ըմբիշները նվաճեցին երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ Շվեդիայի Հապարանդա քաղաքում անցյալ շաբաթ անցկացված Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի 51-րդ առաջնությունում: Սակայն Հայաստանի հավաքականը տուն վերադարձավ միայն մեկ ոսկե մեդալով և մեկ վեցերորդ տեղով, քանի որ հաջողության հասած մյուս հայ ըմբիշները ներկայացնում էին այլ երկրներ:
Առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացված էր վեց ըմբիշով, որոնք յոթ քաշային կարգերից վեցում մրցեցին 32 երկրներից ժամանած 205 մարզիկների հետ (Հայաստանը ներկայացված չէր միան 96 կգ քաշային կարգում):
Հայաստանի համար ոսկե մեդալ վաստակեց 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Ջուհարյանը Գյումրիից: Կիսաեզրափակիչում նա հաղթանակի հասավ թուրք ըմբիշ Էմիկ Բունյամինի նկատմամբ, իսկ եզրափակիչում պարտության մատնեց Դավոր Ստեֆանեկին (Սերբիա-Չեռնոգորիա):
66 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանը: Նույն քաշային կարգում 6-րդ տեղը գրավեց էջմիածինցի Ժորա Վարդանյանը:
Հունաստանը ներկայացնող Արտյոմ Կյուրեղյանը 55 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի: Եզրափակիչում նա զիջեց թուրք ըմբիշ Բայրամ Օզդեմիրին:
Հայաստանի հավաքականը 15 միավորով կիսեց 10-րդ տեղը Իսրայելի և Լեհաստանի հավաքականների հետ: |