Հինգշաբթի մոտ հազար ցուցարար անձրևի տակ փողոց էր ելել բողոքելու Բաղրամյան պողոտայում երեքշաբթի օրը տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության ցուցաբերած (ցուցարարների արտահայտությամբ) դաժանությունների դեմ:
|
Կարո՞ղ ես ազատ խոսել
|
Ցուցարարները, որոնց մեծ մասն ուսանող էր, տանում էին պաստառներ «Ո՛չ ոստիկանապետությանը» և «Ազատություն» մակագրություններով: Նրանք շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ փուչիկներ ամրացրին խորհրդարանի ցանկապատին՝ ի նշան բռնությունների ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած տասնյակ մարդկանց հետ համերաշխության: Որոշ ցուցարարներ կրում էին սպիտակ շապիկներ «Ես եմ ժողովուրդը» մակագրությամբ:
Այս միջոցառումն արդյունք էր ավելի վաղ Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կենտրոնում իրավապաշտպան կազմակերպությունների անցկացրած հանդիպման, որի մասնակիցներն իրենց բողոքը հայտնեցին Հայաստանում քաղաքացիական ազատությունների զանգվածային խախտումների դեմ:
«Մենք հիմա գտնվում ենք նույն վիճակում, ինչ 70-ականներին Խորհրդային Միությունը, երբ ցանկացած հասարակական գործունեություն անիմաստ էր դարձել,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: - Մենք հիմա այդ անկման դեմ ենք պայքարում»:
Ըստ իրավապաշտպանների՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարումներ ընդդիմադիր կուսակցությունների վերջին երկու շաբաթվա ցույցերի ընթացքում, ակնհայտ հետընթաց է դեպի խորհրդային ժամանակաշրջան:
«Այսօր Հայաստանում պետական ահաբեկություն է կատարվում սեփական ժողովրդի դեմ,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: - Մարդու իրավունքների խախտումները համատարած են, և դրանք համակարգել հնարավոր չէ»:
Հանդիպմանը ներկա էր ոստիկանության ներկայացուցիչ, իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Նա ծափահարությունների արժանացավ, երբ հաստատեց, որ Երևան բերող մայրուղիները ոստիկանությունը վերջին օրերին իրոք փակել էր, որպեսզի կանխեր ցուցարարների մուտքը մայրաքաղաք:
Կանանց հիմնախնդիրներով զբաղվող յոթ հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ նշվում էր, որ կանանց և անչափահասներին վերաբերող հարցերում տիրում է «վախի և անհանդուրժողության մթնոլորտ»:
Հանդիպմանը ներկայացված էր շուրջ 70 հասարակական կազմակերպություն, որոնք վստահեցրին, որ իրենք հետամուտ են ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական նպատակների:
|
Անձրևի տակ ցույցի էր դուրս եկել մոտ հազար մարդ
|
«Այդ պայթյունների ձայնից (ոստիկանության կիրառած պայթուցիկ փաթեթների) ամբողջ քաղաքի քունը խանգարվել էր, և նրանք դեռ խոսում են ցուցարարների բարձրացրած աղմուկի մասի՞ն,- հարցնում է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: - Մենք ՀՅԴ-ի և Հանրապետականի հետ ցույցեր, միտինգներ ենք արել, պիկետներ ենք արել՝ դաշնակցական կալանավորներին ազատելու համար: Ի՞նչ է, այն ժամանակ կարելի՞ էր, իսկ հիմա, երբ իրենք իշխանության մեջ են, չի՞ կարելի»:
Մասնակիցների մեջ էր նաև Երևանի պետական համալսարանի ուսանողներից կազմված խումբը, որին հաջողվեց կանխել «Զինապարտության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները:
«Նոր Հայաստան» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը ստեղծված իրավիճակի համար մեղադրեց հասարակական կազմակերպություններին:
«Հնարավոր չէ զարգացնել գիտությունն ու կրթությունը, երբ ոտնահարված է օրենքը, երբ օրենքի գերակայությունը որպես այդպիսին արժեք չէ,- ասաց նա: - Ես չեմ մեղադրում ոստիկանությանը, ես մեղադրում եմ մեզ բոլորիս: Ի՞նչ քաղաքացիական հասարակություն, մենք հարմարվող հասարակություն ենք»:
|