ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 16, 2004




Խոսել կարելի՞ է. հուզումներից հետո մեծամասնության կոալիցիան և այլք կոչ են անում երկխոսության

Այս շաբաթ Հայաստանի քաղաքական կյանքում ամենահաճախ հնչում էին «դատապարտում ենք բռնությունները», «մտահոգված ենք» և «քաղաքական երկխոսություն» արտահայտությունները: Հայտարարություններով հանդես եկան բազմաթիվ դիվանագետներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքական գործիչներ՝ մեկնաբանելով այս շաբաթվա սկզբում ընդդիմության հանրահավաքի ցրումն իշխանությունների կողմից:

Երեքշաբթի օրվա փոթորիկից հետո կոալիցիան և ընդդիմությունն անդորր են փնտրում

Մինչ երկրի ղեկավարությունը «քաղաքական ծայրահեղություն» անվանեց ընդդիմության գործողությունները և խոսում էր «կառուցողական երկխոսության» անհրաժեշտության մասին, ընդդիմադիր կուսակցություններն ապրիլի 13-ի դեպքերը որակեցին «ճնշումներ ժողովրդի դեմ» և խոստացան վերսկսել նախագահի պաշտոնանկության կոչերը:

«Արդարություն» խմբակցության և «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքը երկուշաբթի լույս երեքշաբթի առավոտյան Բաղրամյան պողոտայում վերաճեց բախման հանրահավաքի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև:

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, մոտ 10 հազար հանրահավաքի մասնակիցներ շարժվեցին վեր Բաղրամյան պողոտայով՝ մայրաքաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկով: Նրանց կանգնեցրին նախագահական նստավայրի մատույցներում և հրահանգեցին ցրվել:

Մասնակիցների մեծ մասը ցրվեց մինչև կեսգիշեր, սակայն երկու-երեք հազար հոգի մնաց՝ վերածելով հանրահավաքը տոնախմբության. նրանք պարում էին, երգում ու վանկարկելով պահանջում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանից հրաժարական տալ:

Գրեթե յոթ ժամ տևած դիմակայությունից հետո իրավապահ մարմինները ցրեցին ցույցը՝ կիրառելով ջրցան մեքենաներ և պայթուցիկ փաթեթներ: Հարյուրավոր մարդիկ վնասվածք ստացան, այդ թվում՝ ոստիկաններ, լրագրողներ և հանրահավաքի մասնակիցներ:

Գիշերային բախմանը հաջորդեցին ընդդիմության առաջնորդների կալանքները և նրանց բնակարանների և գրասենյակների խուզարկությունները: Կալանվեց 100-ից ավելի մարդ: Յոթանասունն ազատ արձակվեց 24 ժամվա ընթացքում, ի թիվս որոնց՝ ընդդիմության առաջնորդները: 12 հոգի դատապարտվեց 15-օրյա կալանքի:

Տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խիստ քննադատության ենթարկեցին երկրի ղեկավարությանը հանրահավաքը ջրցան մեքենաներով և պայթուցիչ փաթեթներով ցրելու համար և կոչ արեցին պատժել այն ոստիկաններին, ովքեր ծեծի էին ենթարկել մարդկանց:

Ի պատասխան ոստիկանությունը հայտարարեց, որ իր գործողությունները համարժեք էին բողոքավորների ագրեսիվ և անվերահսկելի վարքին, որը վտանգ էր ներկայացնում շարքային քաղաքացիների և ոստիկանների կյանքի համար:

Հասարակական կարգի պահպանման բաժնի պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարեց, որ ոստիկանության գործողությունները չեն անցել օրենքի սահմանները: Վկայակոչելով օրենքի հոդվածներից մեկը՝ նա նշեց, որ ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել կասկածյալներին կալանելու կամ հանցագործությունը կանխելու ընթացքում, սակայն ընդունեց, որ, հնարավոր է, որ մի շարք դեպքերում տուժել են անմեղ մարդիկ:

Ոստիկանության միջամտությունից հետո պարը վերածվեց վազքի

Սակայն ընդդիմադիր օրաթերթի երկու լրագրող և ռուսաստանյան «ՕԷռՏե» հեռուստակայանի օպերատորը պնդում են, որ ոստիկանները գիտակցաբար ծեծել են իրենց՝ ջարդելով նաև նրանց լուսանկարչական և տեսախցիկները: «Հայկական ժամանակ» ընդդիմադիր օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանն ասում է, որ հայտնել է ոստիկաններին, որ ինքը լրագրող է, սակայն իրեն շարունակել են ծեծել:

Մեկնաբանելով լրագրողներին ծեծելու փաստը՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել լրագրողներին համապատասխան վկայականներ կրել քաղաքական նման միջոցառումների ժամանակ: «Եթե մեկը տեսախցիկ կամ ձայնագրիչ ունի, դեռ չի նշանակում, որ նա լրագրող է»,- ասաց Սարգսյանը:

Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Քոչարյանն ասաց, որ ներկայիս քաղաքական ընդդիմության գործողությունները հասկանալի չեն հայ ժողովրդի համար:

«Անցյալ տարվա ընթացքում ընդդիմությունը յոթ երգ էր երգում, յոթն էլ իշխանությանը տիրանալու մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, եթե նման վարքագիծը շարունակվի, տեղի կունենա ընդդիմության, և ոչ թե իշխանության փոփոխություն:

«Ըստ երևույթին ընդդիմության նպատակն է արյուն թափել և մեղադրել իշխանություններին «հակաժողովրդական վարչակարգ» լինելու մեջ: Մարդիկ պետք է հասկանան, որ «դա իրենց պայքարը չէ»,- ավելացրեց Քոչարյանը:

Միավորված ընդդիմությունը, որը պնդում է, որ 2003 թվականի նախագահական ընտրությունները կեղծված էին, մեղադրում է իշխող կոալիցիային «Հայաստանում քաղաքական ճգնաժամի նկատմամբ անտարբերության» մեջ:

Կոալիցիայի անդամ կուսակցությունները հայտնում են, որ տարաձայնություններն ընդդիմության և իշխանությունների միջև ծագեցին այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվեց օրակարգ մտցնել ընդդիմության առաջարկը՝ նախագահին վստահության հանրաքվե անցկացնելու մասին:

Հինգշաբթի՝ ապրիլի 15-ին, կոալիցիայի անդամները (Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցություն) հանդես եկան առաջարկներ պարունակող համատեղ հայտարարությամբ:

Կոալիցիան հայտնեց, որ պատրաստ է քննելու սահմանադրական փոփոխությունների առանցքային հարցերը, փոփոխություններ մտցնելու Ընտրական օրենսգրքում, մշակելու հակակոռուպցիոն պայքարին ընդդիմության մասնակցության ձևեր:

Իշխանությունները միջոցներ էին ձեռնարկել, որ ցուցարարները սրանից այն կողմ չանցնեին

Հայտարարության մեջ ասված է, որ քաղաքական կոալիցիան պատրաստ է քննարկել օրակարգ մտցնելու ընդդիմության մյուս առաջարկները, որոնք կապված են երկրի առջև ծառացած խնդիրների հետ, և հրավիրում է ընդդիմության քաղաքական ուժերին սկսելու երկխոսության քաղաքական գործընթացն Ազգային ժողովում ցանկացած պահին:

Սակայն ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ երկխոսությունը մեծ արդյունք չի տա: «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը կարծում է, որ անիմաստ է երկխոսություն սկսել կոալիցիայի հետ, քանի որ կոալիցիան համարում է մի անզոր կառույց, որը դեր չի խաղում որոշումներ ընդունելու գործընթացներում:

Իսկ այդ ընթացքում մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես եկան հայտարարություններով, որոնք դատապարտում էին զանգվածային ձերբակալությունները և կոչ էին անում և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը երկխոսություն սկսել:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակը հայտարարեց, որ հատուկ ուշադրություն է դարձնելու ոստիկանության գործողությունների ընթացքում վնասվածք ստացած անձանց:

«Ոստիկանության գործողություններն ապրիլի 13-ի վաղ առավոտյան, որոնք նպատակ ունեին ուժի կիրառմամբ ցրելու քաղաքացիներին և լրագրողներին, լրջորեն մտահոգում են մեզ»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Վլադիմիր Պրյախինը:

Նրա խոսքերով առանձնապես մտահոգիչ են լրագրողների դեմ կիրառված բռնությունները:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Փիթեր Շիդերը նամակով դիմել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանին՝ խնդրելով մանրամասն տեղեկություններ տրամադրել Հայաստանում վերջին իրադարձությունների, այդ թվում՝ խորհրդարանի նիստի կանոնավոր ընթացքի խափանման վերաբերյալ:

«Վերջերս Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտականություններն ու պարտավորությունները հարգելու առումով: Սակայն Դուք նաև տեղյակ եք այլ թերությունների հետ կապված մեր մտահոգություններին, նաև այս տարվա հունվարին Վեհաժողովի ընդունած որոշմանը՝ չավարտել մոնիտորինգի ընթացակարգը, քանի դեռ հետագա առաջընթաց չի գրանցվել թերությունների վերացման առումով»,- իր նամակում նշել է Շիդերը:

Միացյալ Նահանգները կոչ է արել երկու կողմերին ձեռնպահ մնալ բռնություններից և իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև լարվածության «կտրուկ սրման» կապակցությամբ:

«Ֆիզիկական բռնությունները, քաղաքական կուսակցություների գրասենյակների վրա հարձակումները և ոստիկանության կողմից ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալություններն ու կալանքները չեն նպաստում քաղաքական երկխոսության մթնոլորտի ստեղծմանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը:


According to Agnes
 

  Inside
 

Building Credit: Experts study means for mortgages in Armenia

Full story

 
 

The Right to React: Activists call for response to civil liberties abuses

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Not Opposed to Blessing

Before all hell broke lose in the center of Yerevan the next day, His Holiness Garegin II offered blessings to worshippers attending Easter services. Roads linking Echmiadsin and the Holy See to Yerevan have been blocked, even on the Holy Day, to discourage travel to the capital for political rallies.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.