Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ
ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Հայաստանում հիպոթեկային վարկերի զարգացման ծրագիր:
«Հիպոթեկը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում տնտեսության զարգացման հիմնական խթաններից մեկն է,- ասում է նախարարության ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետ Կարեն Թամազյանը: - Գոյություն ունեն հիպոթեկի դասական մի քանի տարբերակներ: Մենք կիրառելու ենք Հայաստանին հարմարեցված տարբերակը»:
Ըստ նրա` հիպոթեկը պետք է լինի անշարժ գույքի վարկավորում: Հայաստանում կան մի քանի բանկեր, որոնք զբաղվում են հիպոթեկային վարկավորմամբ: Սկզբնական շրջանում վարկերը տրվել են մինչև 24 % տոկոսադրույքով 1-2 տարի ժամկետով: Այսօր միջինը 16 % է, ամենացածրը` 14%, 4-5 տարի միջին ժամկետով, առավելագույնը` 7 տարով: Երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ պահանջարկը մեծ է: 40000 դիմումից բավարարվել է 700-800 դիմում:
Մշակված նախագծում նախարարությունը հիպոթեկի հայկական մոդելում ավելի շատ կհետևի եվրոպական տարբերակին` հաշվի առնելով, որ Հայաստանը ձգտում է ինտեգրվելու եվրոպական ընտանիքին:
Թամազյանի հավաստմամբ հիպոթեկային շուկայի բնականոն զարգացման համար հարկավոր են նախ և առաջ օրենսդրական բարվոք դաշտ և հատուկ օրենք հիպոթեկի մասին: Հիպոթեկային վարկերը պետք է տրամադրվեն հատուկ մասնագիտացված կառույցների կամ բանկերի միջոցով:
«Մասնագիտացված կառույցը մի կազմակերպություն է, որը ներգրավում և տրամադրում է հիպոթեկային վարկեր և տրամադրած հիպոթեկային վարկերի հիման վրա վաճառում պարտատոմսեր,- ասում է Թամազյանը: - Ապահովված այդ իսկ գրավներով ու վարկերով` պարտատոմսերով ներգրավված միջոցներով այն նորից տրամադրում է հիպոթեկային վարկեր: Այլ գործունեությամբ այն չի զբաղվում»:
Հայկական մոդելի մյուս բաղադրիչ մասը շինարարական խնայողությունների համակարգն է: Ըստ Թամազյանի` անհատը որևէ բանկում շինխնայողական ավանդ է ներդնում, բանկի հետ համաձայնությամբ, մոտավորապես 3-5 տարով, շուկայականից ցածր տոկոսադրույքով: Եթե շինխնայողական ավանդի փոխարեն նա այլ ավանդ ներդնի, ավելի բարձր տոկոսադրույք կստանա:
«Այդ ցածր տոկոսը նրան հնարավորություն է տալիս հետագայում շուկայականից ցածր տոկոսով վերցնել հիպոթեկային վարկ: Հույս ունենք, որ այս պարագայում հիպոթեկային վարկերի ժամկետայնությունը կավելանա, նաև որոշակիորեն կիջնի տոկոսադրույքը: Այսօր հիպոթեկային վարկեր տրամադրում են նրանց, ովքեր բանկում գոնե մեկ տարով ավանդ են ունեցել»,- բացատրում է վարչության պետը:
Նախագծում ուշադրություն է դարձվում հատկապես բնակշինարարության խնդրին: Ըստ Թամազյանի՝ առաջնություն կտրվի նոր կառուցված շենքերում բնակարան գնողներին:
«Վարկավորվում է շենքի շինարարությունը, դրա դիմաց վաճառում են պարտատոմսեր, որոնք իրավունք են տալիս արժեթղթի տիրոջը այդ շենքում ունենալ, օրինակ` 10 քմ տարածք: Շինարարության ավարտից հետո նա արդեն կունենա իր բնակարանը»,- ասում է Թամազյանը:
Մշակված նախագծի նպատակը ցածր տոկոսադրույքով և երկար ժամկետայնությամբ վարկերն են, որոնք մատչելի կլինեն շատերին: Ըստ նախագծի` ժամկետայնությունը պետք է լինի մոտավորապես 10 տարի 12 %-ով:
«Հուսով ենք, որ աշնանը կընդունվի հիպոթեկի մասին օրենքը, և 2005 թվականի սկզբից այն կսկսի գործել»,- նշում է Թամազյանը: |