Երբ Երևանում սկսվում են ընդդիմության հանրահավաքները, հասարակական տրանսպորտը կանգնում է:
Սովորական օրերին Երևանի մերձակա քաղաքների` Էջմիածնի, Աբովյանի, Արմավիրի, Աշտարակի բնակիչները մայրաքաղաք են հասնում երթուղային տաքսիով` վճարելով 250 դրամ: Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Երևան հասնելը հաճախ կախված էր այն հանգամանքից, արդյոք քաղաքական ընդդիմությունն այդ օրը հանրահավաք ծրագրե՞լ էր, թե ոչ:
|
Կանգնեցնում են Երևան գնացող մեքենաները
|
Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ճանապարհներ փակելը թելադրված է անվտանգության ապահովմամբ: Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ դա իշխանության չարաշահում է և զրկում է ցուցարարներին իրենց դժգոհությունն արտահայտելու հնարավորությունից:
51-ամյա Միշա Խաչատրյանն ամեն օր աշխատանքի է գալիս Երևան` շաբաթական ծախսելով մոտ 3000 դրամ: Սակայն անցած շաբաթ ծախսել է ավելի քան 6000 դրամ:
«Չորսով տաքսի ենք նստում: Յուրաքանչյուրս դնում է 500 դրամ, որպեսզի հավաքվի 2000-ը, ու գալիս: Բա ի՞նչ անեմ, ստիպված եմ, հազիվ եմ աշխատանք գտել, հո դուրս չե՞մ մնա: Բայց էլ այսպես շարունակել չի լինի, ամբողջ աշխատած փողս փաստորեն կտամ տաքսիներին»,- ասում է նա:
Մայրաքաղաքի բուհերում սովորող էջմիածինցի ուսանողները Երևան են գալիս ուսանողական հատուկ ավտոբուսներով` 250-ի փոխարեն վճարելով 150 դրամ: Հանրահավաքի օրերին չեն գործում նաև այդ ավտոբուսները, և որոշ ուսանողներ բացակայում են դասերից:
«Ես ինչպե՞ս կարող եմ օրը 1000 դրամ ծախսել ճանապարհի վրա, ծնողներս հազիվ իմ ուսման վարձն են վճարում,- ասում է բժշկական ուսումնարանի ուսանող Անահիտ Առուշանյանը: - Ե՞րբ պետք է վերջանան այս հանրահավաքները, շաբաթվա սկզբին ես չկարողացա դասի գնալ»:
Անցած կիրակի վշտացած էին նաև Զատկի կապակցությամբ Էջմիածին այցելել ցանկացողները: Քաղաքականությունը խանգարել էր նրանց ուխտագնացությանը. հասարակական տրանսպորտը չէր աշխատում:
Երևանից ընտանիքով Էջմիածին եկած Աշոտ Մարգարյանն ասում է. «Այս տոնական օրը ինչո՞ւ են մարդկանց նյարդայնացնում: Որոշել էինք Էջմիածնում մոմ վառել, մասնակցել պատարագին: Բայց դա մեզ վրա շատ թանկ նստեց, միայն ճանապարհածախսը՝ 4000 դրամ»:
Անկախ քաղաքականությունից` տաքսու վարորդները թերևս չեն ուզում, որ հանրահավաքներն ավարտվեն:
«Էս մի շաբաթը կարգին փող եմ աշխատել,- ասում է էջմիածինցի մի տաքսու վարորդ, որն այդ լարված օրերին շատերի նման չցանկացավ հայտնել իր անունը: - Թե չէ մարդկանց շատ էլ պետք ա, որ տաքսիով
Երևան գնան: Ինչ ուզում են, թող անեն, վերևներում էդքան փող են ուտում, մի քիչ էլ մենք առիթից օգտվենք»:
|