ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 16, 2004




Տանը ծննդաբերելու ավանդույթը վերականգնվում է գյուղում

Երբ Ծովակ գյուղում որևէ կին ծննդաբերում է, Էվելինա Սահակյանը նրա կողքին է: Դա կարող է լինել գիշերվա երեքին կամ կիրակի՝ ճաշի ժամանակ: Երբ բռնում են երկունքի ցավերը, սկսվում է Էվելինայի գործը:
Էվելինան (ձախից) գյուղի բուժկետում

Փորձառու մանկաբարձուհի Էվելինան արդեն ութերորդ տարին է, որ Երևանից 100 կմ հյուսիս-արևելք ընկած իր հայրենի գյուղում ծնունդներ է ընդունում։

Ծովակում բնակվում է 1500 ընտանիք: Ինչպես Վարդենիսի գյուղերի մեծ մասում, Ծովակում նույնպես ծննդկանների համար ամենակարևոր պահին ապավինում են մանկաբարձուհիների հմտությանը: Դեռ երկու տարի առաջ գյուղում երկու մանկաբարձուհի կար, սակայն մեկը թոշակի անցավ, և հիմա 35-ամյա Էվելինան մնացել է մենակ։ Մոտակա հիվանդանոցը 10 կմ հեռու՝ Վարդենիսում է, և սեփական մեքենա չունեցողների համար այնտեղ հասնելը հեշտ չէ:

«Հիմա լավ է, ավտո ենք առել, որ կանչում են` ավտոյով ենք գնում,- ասում է Էվելինան, որ մանկաբարձ-բուժքրոջ մասնագիտություն է ստացել Երևանի բժշկական ուսումնարանում։ Նախկինում աշխատել է Վարդենիսի ծննդատանը, այժմ գյուղի ամբուլատորիայի վարիչն է։ - Իսկ երեք տարի առաջ շատ դժվար էր, դե արի գիշերվա կեսին ոտքով հասի ներքին թաղ»:

Ծովակը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի ամենամեծ համայնքներից է։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ծանրացավ սոցիալական վիճակը, գրեթե բոլոր ծննդաբերությունները գյուղում են լինում։ Ընդհանրապես հանրապետությունում տնային ծննդաբերությունների մեծ մասը լինում է Գեղարքունիքում, մասնավորապես Վարդենիսի շրջանում։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների` 2000 թվականին Գեղարքունիքի մարզում ծնունդների 41 %-ը եղել է տնային պայմաններում (երկրորդ տեղում Արագածոտնի մարզն է` 14 %)։

Ծովակում եկամտի հիմնական աղբյուրը ձկնորսությունն է, իսկ դրանով տուն պահելու համար ամուր ցանց է պետք

Վարդենիսի ծննդատան բժիշկ Հրանտ Մկրտչյանն ասում է, որ այս տարի ծննդատանը եղել է 75 ծնունդ:

«ԱրմենիաՆաուի» թղթակցի այցելած Վարդենիսի շրջանի միայն չորս գյուղում այս տարի արդեն 14 տնային ծննդաբերություն է եղել (շրջանում կա 39 բնակավայր)։ Ծովակում այս տարվա 17 ծնունդներից 10-ն ընդունել է Էվելինան, 7-ը եղել է ծննդատանը: Անցյալ տարի 36 ծնունդից Էվելինան ընդունել է 30-ը:

Վերջին ութ տարում նորածնի մահվան միայն մեկ դեպք է գրանցվել վեց տարի առաջ։

«Հիմա որ մարդիկ սկսել են մի քիչ լավ ապրել, ծնունդների տասը տոկոսը տանում են Վարդենիսի ծննդատուն, իսկ մի երկու տարի առաջ համարյա բոլորը գյուղում էր լինում, բացառությամբ ծանր դեպքերի»,- ասում է Էվելինան։

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և հողագործությամբ՝ կարտոֆիլի ու ցորենի մշակմամբ։ Վերջին տարիներին, ըստ Էվելինայի, ձկան և խեցգետնի որսից ստացվող եկամուտը բարձրացել է։

«Բայց հիմա էլ շատերը չեն ուզում ծննդատուն գնալ,- ասում է Էվելինան,- որ հանկարծ ասում եմ՝ տարեք Վարդենիս, նեղանում են, ասում են՝ ինչի՞ էսինչին ընդունեցիր, իմը չես ուզում»։

Վերջին ծնունդը ընդունել է մարտի 12-ին։ Նելլի Գևորգյանն աղջիկ էր ունեցել, անունը դրել են Անի։ Էվելինան ասում է, որ աղջիկ ունեցողները, հատկապես երբ դեռ տղա չունեն, կատակով քննադատում են իրեն:

«Ինձ վրա են գոռգոռում, կարծես ես եմ մեղավոր, որ էլի աղջիկ ա ծնվել,- ասում է Էվելինան,- ասում են՝ գնա, ոչ մի մաղարիչ էլ չեմ տա, բայց, մեկ ա, հետո տալիս են»։

Անին երկրորդ երեխան է, որին Նելլին ծննդաբերել է տանը

Անիի հայրը՝ Վրեժը, դժգոհ չէ, որ աղջիկ է ունեցել, քանի որ առաջնեկը տղա էր։ Այստեղ միհարկանի տանը ապրում է տասնհինգ հոգի՝ Վրեժի հայրն ու մայրը և երկու եղբայրները՝ իրենց ընտանիքներով։ Անին Վրեժի հոր՝ Լյուդվիգի՝ երեք որդիներից ունեցած յոթերորդ թոռն է, որոնք բոլորն էլ ծնվել են այս տանը:

«Էսպես ավելի լավ ա, ամեն ինչ մեր ձեռն ա, էրեխեն աչքիդ առաջ ա, իսկ որ գնում ես հիվանդանոց, ահագին պատմություն ա»,- ասում է Լյուդվիգը։ Ինքը նույնպես ծնվել է տանը։ Հիշում է 45 թվականին քրոջ ծնունդը, որ նույնպես տանն է ծնվել, երբ ինքը փոքր էր, ու իրեն էլ ուղարկել են տատմորը կանչելու։

Տարիների ընթացքում տնային ծնունդները սկսեցին նվազել։ Բժիշկ Հրանտ Մկրտչյանն ասում է, որ ութսունականներին դրանք ընդհանուր ծնունդների մեկ տոկոսն էլ չէին կազմում։ Տանը ծննդաբերում էին միայն այն կանայք, ում չէին հասցրել ծննդատուն տանել։

Լյուդվիգի երեխաները ծնվել են Վարդենիսի ծննդատանը։ Սակայն անկախացումից հետո հին ավանդույթը վերականգնվեց։ Երեխան ծնվում է տանը, ու էլ ոչ ոք չի հարցնում, թե որքան է քաշը և հասակը, քանի որ դրանք ոչ ոք չի չափում։

Վրեժն ասում է, որ կինը տանն է ծննդաբերել, քանի որ Վարդենիս հասցնելը թանկ կնստեր:

«Որ տանեմ հիվանդանոց, ավելի ապահով կզգամ։ Բայց վրաս մի հարյուր դոլար կնստեր, բենզին ա (Ծովակը Վարդենիսից 10 կիլոմետր հեռու է), պերեդաչի տանել ա, մաղարիչ բաժանել ա։ Էդ սաղ փող ա։ Փոխանակ առաջ գնանք, հիսուն տարի հետ գնացինք»,- ասում է նա։

Լյուդվիգ և Վրեժ՝ հայր և որդի

Սակայն Վարդենիսի շրջանում տնային ծնունդները կարծես ավելի շատ ավանդույթ են, քան անհրաժեշտություն:

Հարևան Ճամբարակի շրջանում բնակիչներն ավելի աղքատ են, սակայն տանը ծննդաբերում են միան ծայրահեղ դեպքում:

Ամեն ծնունդի համար Էվելինային վճարում են 10 հազար դրամ։ Մի քանի տարի առաջ նա ամուսնուց շատ փող էր աշխատում միայն ծնունդներ ընդունելով: Հիմա փոխվել է, ամուսինը խեցգետնի որսից ավելի շատ է վաստակում։

Էվելինան ասում է, որ ոչ բոլորն են վճարում, քանի որ գյուղում ազգականները շատ են, ու ոմանց անվճար է ծառայություն մատուցում։

Գյուղացիների համոզմամբ՝ եթե Վարդենիս տանեն, ծախսերը կկրկնապատկվեն։ Իսկ տղայի դեպքում կարող է նույնիսկ եռապատկվեն, քանի որ մանկաբարձուհիներն այդ ժամանակ մաղարիչի գինը բարձրացնում են։


According to Agnes
 

  Inside
 

Building Credit: Experts study means for mortgages in Armenia

Full story

 
 

The Right to React: Activists call for response to civil liberties abuses

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Not Opposed to Blessing

Before all hell broke lose in the center of Yerevan the next day, His Holiness Garegin II offered blessings to worshippers attending Easter services. Roads linking Echmiadsin and the Holy See to Yerevan have been blocked, even on the Holy Day, to discourage travel to the capital for political rallies.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.