Անցած կիրակի Արգենտինան «ժամանել» էր Հայաստան՝ տանգոյի մաեստրո Աստոր Պիացոլայի երաժշտությամբ ոգեշնչված կվինտետի կատարումներով:
Երաժիշտները նվագում էին կոմպոզիտորի ստեղծագործական ոգուն ընդգծված հավատարմությամբ, թեև բոլորն էլ հայաստանցիներ էին: Իսկ արդյունքը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքված երևանյան հանդիսատեսին ընձեռված հազվագյուտ հնարավորությունն էր վայելելու տանգոյի զարմանալի հնչյունները:
|
Կվինտետը ստեղծվեց երկու ամիս առաջ՝ Պիացոլայի երկրպագու երաժիշտներից
|
Դաշնամուրի, կիթառի, ջութակի, կոնտրաբասի և ակորդեոնի յուրահատուկ համադրությամբ ստեղծված երաժշտությունը հանդիսատեսին պարգևեց 90 րոպե տանգոյի ռիթմեր ու խելացնոր հորձանուտի տրամադրություն:
Կվինտետի համար Պիացոլայի ստեղծագործությունները Հայաստանում առաջին անգամ կատարեցին միջազգային մրցույթների դափնեկիրներ Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ), Վարազդատ Խաչումյանը (ջութակ), Խաչատուր Սավզյանը (կոնտրաբաս), ինչպես նաև Գևորգ Գասպարյանը (ակորդեոն):
Հայաստանում քչերին հայտնի այս կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարման մտահղացումը ծնվել էր դեռ վաղուց:
«Ես առաջին անգամ Պիացոլայի ստեղծագործությունները լսել եմ 1992 թվականին, ու այդ օրից նրա գործերը կատարելու ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս, բայց ինչպե՞ս, ո՞ւմ հետ»,- ասում է Արմեն Բաբախանյանը:
Հետագայում պարզվեց, որ Երևանում կան այլ երաժիշտներ, որոնք նույնպես փափագում են կատարելու Պիացոլայի փոթորկահույզ ստեղծագործությունները: Երաժիշտներն այս գաղափարով վարակեցին նաև պրոդյուսեր Նիկա Բաբայանին, և ընդամենը 2 ամիս առաջ ստեղծվեց կվինտետը:
«Անսամբլը ոչ միայն ոճական առումով է յուրահատուկ, այլ նաև անդամների խառնվածքով,- նշում է Նիկա Բաբայանը: - Այս երաժշտությունը կատարելու համար լավ, պրոֆեսիոնալ երաժիշտ լինելը քիչ է, դրանով պետք է ապրել, զգալ կողքինին ողջ մարմնով ու հոգով, նստած տեղում ներքուստ պարել»:
Ըստ Ջաղացպանյանի՝ խմբի անդամների միջև հոգևոր կապը հաջողվեց, քանզի բոլորը խանդավառված էին երաժշտությամբ ու անգամ մի քանի շաբաթ տևած փորձերը գերագույն հաճույք ու լիցք էին նրանց համար:
|
Կատարողները փոխանցում են իրենց զգացմունքներն ունկնդիրներին
|
«Այս երաժշտությունն ինձ հրապուրում է նրանով, որ լի է անակնկալներով,- ասում է կիթառահար Ջաղացպանյանը: - Ես կյանքում ոչինչ չեմ ծրագրում ու չեմ պատրաստվում որոշակի ծրագրով ապրել, նույնը՝ երաժշտության մեջ. պետք է անընդհատ նոր, անսպասելի հույզեր արթնացնես ունկնդրի հոգում»:
Երաժիշտներն ապրում էին երաժշտությամբ ու իրենց ներքին ապրումները փոխանցում ունկնդիրներին: Բաբախանյանի մատների նուրբ հպումը ստեղնաշարին տանգոյի թեթև պարային քայլեր էր հիշեցնում, իսկ Գասպարյանը կարծես ակորդեոնի փոխարեն իր պարընկերուհուն գրկած լողում էր երաժշտության ալիքների վրա: Ջաղացպանյանի կիթառը միաժամանակ կրքոտ, ռիթմիկ ու մեղեդային էր՝ լրացնելով Խաչումյանի ջութակի քնքուշ հնչյունները, որոնք մետաքսե ժապավենի նման ճախրում էին օդում:
«Ես բազմիցս լսել եմ Պիացոլային,- ասում է արգենտինացի երգիչ Խուան Պուգլիեսենոն, որն այժմ սովորում է Երևանի կոնսերվատորիայում,- մենք ապրում էինք նույն փողոցում, դեմուդեմ, բայց այս համերգի ընթացքում միանգամայն երկնային զգացողություն ունեցա, ամեն ինչ կատարյալ էր»:
Պիացոլան՝ հակասական ու հախուռն այդ կոմպոզիտորը, թողել է հարուստ ժառանգություն` տանգոներ, երգեր տանգոյի համար, կինոերաժշտություն, ստեղծագործություններ կիթառի և ֆլեյտայի, կամերային և այլ նվագախմբերի համար:
«Այն, ինչ կատարեցինք համերգի ընթացքում, Պիացոլայի ստեղծագործական ժառանգության մի փոքր մասն է: Մենք մտադիր ենք հանդիսատեսի համար բացահայտելու տանգոյի հույզերով լի աշխարհը»,- ասում է Բաբախանյանը:
Ըստ պրոդյուսեր Նիկա Բաբայանի՝ կվինտետը համերգներով հանդես կգա նաև հուլիսին և սեպտեմբերին, նոր ստեղծագործություններով ու պարային կատարումներով:
«Երաժիշտները պատրաստում են ծավալուն ու հետաքրքիր ծրագիր, որը ներառնում է տանգոյի մեղեդիներ սկզբնական շրջանից մինչև այսօր: Հյուրախաղերն ու հանդիսատեսի համար բազում անակնկալները դեռ առջևում են»,- խոստանում է Բաբայանը:
|