ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Ընտրությունների երկրորդ փուլի հանրահավաքներում գրանցվել է տնտեսության արտասովոր աճ (առնվազն մեկ ճյուղում)


Ռոբերտ Քոչարյանի նախընտրական պլատֆորմի հիմնաքարերից է այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում նրան հաջողվել է 12 տոկոս տնտեսական աճ ապահովել Հայաստանում:

Նրա հակառակորդ Ստեփան Դեմիրճյանը տնտեսական զարգացման նման նվաճումներով չէր կարող հպարտանալ, սակայն դա նրան չխանգարեց տեղ ապահովել վաղը կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Եվ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ փուլի կայացման լոկ փաստը կարծես 12 տոկոսից էլ ավելի է բարձրացրել Հայաստանի գործարար աշխարհի մի մասի եկամուտները...

«Այս հանրահավաքների շնորհիվ ես ավելի շատ փող եմ աշխատել, քան աշխատում էի մեկ շաբաթում», - ասում է արևածաղկի սերմ վաճառող 70-ամյա Ռոզան:

Նրանք, սև վերարկուների և կեղծ ժպիտների նման, դարձել են այս ընտրական գործընթացի մի մասը: Եվ այդ պատճառով Մատենադարան տանող ճանապարհը դարձել է աշխարհի ամենամեծ «թռչնավանդակահատակը», որով Մաշտոցի պողոտա իջնող քաղաքական գործիչները ճռթճռթան փոքրիկ սերմերի վրայով քայլում են դեպի իրենց երկրպագուների հոծ բազմությունը:

«ԱրմենիաՆաուի» ոչ-գիտական, սակայն հավաստի հարցման արդյունքում պարզվել է, որ հանրահավաքների վայրերում արևածաղկի սերմի վաճառքի (սերմի մեկ փոքր բաժակը վաճառվում է 25 դրամով) ծավալներն աճել են 200 տոկոսով:

Ռոզան արևածաղկի սերմ է վաճառում արդեն 15 տարի և ասում է, որ հանրահավաքների շնորհիվ փետրվարի 20-ից սկսած ամեն օր նրա գործն ավելի լավ է գնում, դա կարող է համեմատվել միայն սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա հետ:

«Երբ մարդիկ հանրահավաքների ժամանակ արևածաղկի սերմ են չրթում, դա նշանակում է, որ նրանք այդտեղ եկել են հենց այնպես, միայն ներկա ստանալու համար», - ասում է այդ բիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ 65-ամյա Հենրիկ Արամյանը: Նա հիշում է 1988 թվականի Ղարաբաղյան շարժման հանրահավաքները, երբ հարյուր հազարավոր մարդիկ ժամերով իրենց բռունցքներն էին վեր բարձրացնում:

«Ո՞վ կհամարձակվեր այդ սուրբ պահին արևածաղկի սերմ չրթել, կամ ո՞վ կհամարձակվեր արևածաղկի սերմ վաճառել», - ասում է Արամյանը:

Այդուհանդերձ, Դեմիրճյանի հինգ և Քոչարյանի մեկ հանրավաքներն արևածաղկի սերմ վաճառողների համար դարձան «ոսկու տենդ»:

Տասը տարվա վետերան վաճառողուհի 74-ամյա մեկ այլ Ռոզա Քոչարյանի երեկվա հանրահավաքի ժամանակ ռազմավարական դիրք էր գրավել Մաշտոցի վրա, սակայն հիասթափություն ապրեց, երբ տեսավ, որ քոչարյանականներն ընդդիմության համեմատ ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերում արևածաղկի սերմ չրթելու հարցում:

«Կամ նրանք (ընդդիմությունը) ավելի առատաձեռն էին, կամ էլ՝ ավելի պարապ», - նշում է վաճառողուհին:

Երևանցի փողոցի հավաքարարը համաձայնեց, որ երկուշաբթի օրը Մաշտոցի պողոտան ավելի քիչ էր աղտոտված չրթած արևածաղկի սերմերով, թեև մարդկանց բազմությունն անհամեմատ ավելի հոծ էր, քան նախորդ օրերին:

«Այսօր այստեղ անհամեմատ ավելի քիչ է արևածաղկի սերմերի աղբը, քան նախորդ հանրահավաքներից հետո, - ասաց հավաքարարը, - Գուցե այստեղ եկել են ավելի շատ պաշտոնյաներ, ովքեր ամաչում են արևածաղիկ չրթել, կամ էլ, քանի որ նրանք ավելի հարուստ են, գնում են միայն պոպոք-պնդուկ»:

Քոչարյանի հանրահավաքի ժամանակ արևածաղկի սերմ վաճառողներն ավելի քիչ էին: Եթե նախորդ հանրահավաքների ժամանակ վաճառողներ կային ամեն 100 մետրի վրա, երեկ այդ բիզնեսի մենաշնորհը տրվել էր 6-7 հոգու:

Սակայն արևածաղկի սերմ վաճառողների մոտ լուր էր տարածվել, որ ընդդիմությունը շատ է սիրում չրթել, և այդ պատճառով Հանրապետության հրապարակ էին գնացել երկու անգամ շատ վաճառողներ:

«Ոչ մի հանրահավաք օգտակար չեղավ ոչ մեկի համար, բացի մեզանից, - ասաց Արուսյակը՝ մասնագիտությամբ՝ քիմիկոս, կարիքից դրդված՝ արևածաղիկ վաճառող, - Հանրահավաքը նույնիսկ դեռ չէր սկսվել, իսկ ես արդեն 3000 դրամ աշխատել էի: Ափսոս, որ հետս միայն հինգ կիլո էի բերել, թե չէ ավելի շատ կաշխատեի»:

Երեկվա երկու հանրահավաքները քաղաքական-տնտեսական ճգնաժամ դարձան առնվազն մեկ արևածաղկի սերմ վաճառողի համար:

«Այսօր իմ գործն այդքան էլ լավ չի գնում, - ասում է Նելլի Մուրադյանը, - Ես միշտ էլ գիտեի, որ Հանրապետության հրապարակն իմ տեղը չէ, իմ արևածաղկի սերմը միշտ էլ վատ էր վաճառվում այստեղ»:

«Սակայն չէի կարող մնալ Մատենադարանի մոտ և լսել, թե ինչպես են ստում իշխանությունները, չնայած որ Դեմիրճյանի ասածներին էլ չեմ հավատում»:


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.