Փետրվարի
19-ի ընտրություններից հետո իր առաջին զանգվածային
հավաքի ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճամբարն
այսօր ցուցադրեց իր ուժը՝ առնվազն երկու անգամ ավելի
շատ մարդ հավաքելով իր ցույցին, քան ընդդիմությանը
երբևէ հաջողվել էր:
Մատենադարանի մոտ Քոչարյանի հանրահավաքին զուգահեռ՝
Հանրապետության հրապարակում հավաքվել էին Ստեփան
Դեմիրճյանը և նրա կողմնակիցները: Եվ եթե ընդդիմության
կողմնակիցները դժվարությամբ էին լցնում Հանրապետության
հրապարակը, ապա Մատենդարանի մոտ հավաքվածները բերնեբերան
լցրել էին դիմացի տարածքը և ձգվում էին մինչև Օպերայի
հրապարակ՝ խցանելով երթևեկությունը քաղաքի կենտրոնում:
Դեմիրճյանն
ուժեղ քաղաքական հենարան ունի մարզերում, և հանրահավաքի
եկածները ձգտում էին արտացոլել դա Հայաստանի գյուղական
շրջաններին հատուկ հագուստով և արտաքին տեսքով:
Ի հակադրություն՝ Քոչարյանի այսօրվա հանրահավաքի
մասնակիցների մեծ մասը, ակնհայտորեն, քաղաքաբնակներ
էին:
Այսօրվա հավաքը կազմակերպել էր Դաշնակցությունը՝
Քոչարյանի ամենահավատարիմ կողմնակիցն ու Հայաստանի
հնագույն քաղաքական կուսակցություններից մեկը: Նրա
հմտությունը հանրահավաք կազմակերպելու մեջ զգացվում
էր դրոշների քանակից և հսկայական տեսամոնիտորից,
որի վրա մի քանի հարյուր մետրից երևում էր հռետորների
հարթակը:
«Մեզ
այնպիսի հաղթանակ է պետք, որ ապացուցենք բոլոր նրանց,
ովքեր մեղադրում են մեզ կեղծիքների մեջ, որ մեր
հաղթանակն ակնհայտ է, - ասաց Քոչարյանը՝ դիմելով
հավաքվածներին, - Ընդդիմությունը փորձում էր ապակայունացնել
երկիրը և ժողովուրդը հանել ժողովրդի դեմ»:
Հետո նախագահը որպես օրինակ թվարկեց անկախ Հայաստանի
պատմության վճռորոշ այն պահերը, երբ անկայուն քաղաքական
մթնոլորտը դժվարություններ է ստեղծել երկրի համար,
որոնց թվում՝ Ղարաբաղյան պատերազմը (1991-1994 թթ.),
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պաշտոնավարման
երկրորդ ժամկետի ընթացքում (1998 թ.) և ահաբեկչությունը
խորհրդարանում 1999 թվականին:
«Միայն պատերազմը կարող է արդարացում համարվել
երկրի առջև կանգնած դժվարությունների համար, - ասաց
Քոչարյանը, - Մյուս երկուսը երկրում իրավիճակն ապակայունացնելու
արհեստական փորձեր էին»:
Նախագահն
ասաց, որ երկիրը դեռևս խնդիրներ ունի, սակայն դիմեց
հավաքվածներին՝ խնդրելով հնարավորություն տալ լուծել
դրանք՝ իրեն վերընտրելով:
Ելույթը, որ տևեց 15-20 րոպե, սկսվեց կայունության
թեմայով և ավարտվեց դրանով:
«Մեր ծրագրերի միակ նպատակը մարդկանց կյանքը բարելավելն
է», - եզրափակեց նախագահը:
Դաշնակցության գերագույն խորհրդի անդամ Վահան
Հովհաննիսյանը հայտարարեց, որ Քոչարյանի վերընտրության
դեպքում երկիրը «կմաքրվի» բոլոր նրանցից, ովքեր
Դեմիրճյանին սատարելով՝ փորձում են խուսափել քրեական
պատասխանատվությունից:
«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ապացուցենք
աշխարհին, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելու համար
կեղծիքների ու խաբեության կարիք չունի, - ասաց Հովհաննիսյանը,
- Այստեղ են մարդիկ այն 700000-ից, ովքեր քվեարկել
են նրա օգտին: Մենք այստեղ ենք եկել մեր սեփական
կամքով»:
Սակայն ներկաներից ոմանք հայտնեցին «ԱրմենիաՆաուին»,
որ իրենց մասնակցությունն այնքան էլ կամավոր չի
եղել:
Գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողները, որոնք
երկուշաբթի ցերեկը սովորաբար դասախոսություններ
են ունենում, ասացին, որ դասախոսներից մեկը ստիպել
է իրենց գնալ հանրահավաքի՝ ասելով, որ եթե չգնան,
«իրենց համար վատ կլինի»:
Իսկ որոշ բանվորներ, այդ թվում՝ «Գրանդ սան» և
«Գրանդ քենդի» գործարաններից, հայտնեցին, որ իրենց
նստեցրել են ավտոբուսներ և բերել են հանրահավաքի՝
առանց ասելու, թե ուր են տանում:
Որոշ բանվորներ ասացին, որ ավտոբուս նստեցնելիս
վերցրել են իրենց աշխատանքային քարտերը՝ խոստանալով
վերադարձնել հանրահավաքից վերադառնալուց հետո: Իսկ
ոմանք ավելացրին, որ իրենց ասել են. - «Եթե հանրահավաքի
չգնաք, կարող եք վաղն աշխատանքի չգալ»:
Էջմիածնի քաղաքապետարանի մի աշխատակից հայտնեց,
որ իրեն հրամայել են իր աշխատակիցներին տանել հանրահավաքի:
Նա ասաց, որ ինքը շատ անհանգստացած է, թե ինչ է
պատահելու իր հետ, որովհետև իր պատասխանատվության
տակ գտնվող 60 հոգուց հանրահավաքը սկսվելու պահին
մնացել են ընդամենը հինգը:
Ընտրարշավ 2003-ի այլ լուրերից.
- Երեկ Հանրային հեռուստատեսությունը հայտարարեց,
որ այսօր երկու թեկնածուներն ուղիղ եթերում մասնակցելու
են երկու-ժամանոց հեռուստատեսային բանավեճի և
պատասխանելու են վեց լրագրողների հարցերին: Սակայն
մինչ ընթանում էին հանրահավաքները, արդեն հայտարարվել
էր, որ Դեմիրճյանը հրաժարվել է մասնակցելուց՝
պատճառաբալեով, որ իրեն չի բավարարում բանավեճի
ֆորմատը:
Այսօր երեկոյան Դեմիրճյանի մամլո քարտուղար Ռուզաննա
Խաչատրյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ Հանրային
հեռուստատեսության առաջարկած ֆորմատը ոչ թե բանավեճ
է, այլ ավելի շատ հիշեցնում է Քոչարյանի մամլո
ասուլիսը:
Դեմիրճյանի շտաբը հայտարարել է, որ իրենց թեկնածուն
կմասնակցի բանավեճին, եթե իրենք համոզված լինեն,
որ մասնակիցների թվում կլինեն «ընդդիմադիր» լրագրողներ
և կընդգրկվեն հարցեր կառավարության լեգիտիմության
և փետրվարի 19-ի ընտրությունների օրինականության
մասին:
- Շաբաթ օրը Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել
ազատ արձակել Դեմիրճյանի նախորդ հանրահավաքներից
հետո կալանվածներին: Ըստ Արդարադատության նախարարության,
155 կալանվածներից 70-ին ազատ են արձակել:
(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի»
թղթակիցներ Ժաննա
Ալեքսանյանի, Սուրեն
Դեհերյանի, Մարիաննա
Գրիգորյանի, Վահան Իշխանյանի և Գայանե Մկրտչյանի
նյութերը:)
|