Եվրոպայի
խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ
Պիտեր Շայդերը կոչ է արել «անմիջապես ազատ արձակել
ձերբակալված ընդդիմության ակտիվիստներին»:
Շայդերը նաև կոչ է արել ընդդիմությանը գործել
օրենքի սահմաններում:
Վերոհիշյալ կոչերից և ոչ մեկը չի հարգվել, քանի
որ այսօր արձանագրվել են նոր ձերբակալություններ
և դեմիրճյանամետ ցուցարաների կողմից սպառնալիքների
առնվազն մեկ դեպք:
Ըստ Արդարադատության նախարարության տվյալների,
երեկվանից հետո առնվազն 15 ձերբակալություն է արվել՝
շաբաթ օրվանից կատարված ձերբակալությունների ընդհանուր
թիվը հասցնելով 149-ի: Նրանցից 87-ը դատապարտվել
են 15-օրյա կալանքի, մյուսները տուգանվել են:
Դեմիրճյանի շտաբից հայտնում են, որ իրենց վստահված
անձանցից ոմանք տանը չեն քնում և տեղից տեղ են գնում
ձերբակալումներից խուսափելու համար: Իրականում ասում
են, որ նրանց մի մասը քնում է Դեմիրճյանի նախընտրական
շտաբերում:
Դեմիրճյանի Էջմիածնի նախընտրական շտաբի պետ Մանվել
Մուրադյանն ասում է, որ իրեն երկու օր հետապնդում
են ոստիկանության աշխատակիցները:
«Գալիս են տուն, բայց չեն կարողանում բռնացնել:
Այսօր առավոտյան նորից են եկել, իբր ինձ հրավիրում
են վարչության պետի հետ զրույցի: Բայց իրականում
ուզում են պատասխանատվության ենթարկել», - ասում
է Մուրադյանը:
Մուրադյանը «փախուստից» դուրս է եկել չորեքշաբթի
օրը՝ միանալով Մատենադարանի մոտ հավաքված ընդդիմության
հազարավոր կողմնակիցներին: Մուրադյանի ծանոթներից
մեկն ասել է մեր թղթակցին. - «Նրա հետ այսօր խոսեք,
վաղը կարող է չգտնեք»:
Ըստ
Դեմիրճյանի մամլո քարտուղար Դուստրիկ Մխիթարյանի,
ոստիկանության աշխատակիցներն այսօր առավոտյան կալանել
են Երևանի Նորքի զանգվածում բնակվող մի հղի կնոջ
այն բանից հետո, երբ նա հրաժարվել է հայտնել, թե
որտեղ է իր հայրը՝ Աբրահամ Կիրակոսյանը: Երբ Կիրակոսյանը
տեղեկացել է, որ կալանել են դստերը, ներկայացել
է ոստիկանություն:
Դեմիրճյանի վստահված անձ Ֆելիքս Խաչատրյանը հայտնում
է, որ իր դուռը թակել են այսօր առավոտյան ժամը 8-ին:
«Մենք հարցրեցինք՝ ո՞վ է, ասեցին՝ ՆԳ քրեական
բաժնից: Ես դուռը չբացեցի: Նրանք 30 րոպե շարունակ
թակում էին դուռը: Ես նրանց ասում էի, որ մինչև
փաստաբանս չգա, դուռը չեմ բացելու»:
Խաչատրյանը կանչել է «Հայ փաստաբանների միջազգային
միության» նախագահ Տիգրան Տեր-Եսայանին և ասում
է, որ ոստիկաները հեռացան, երբ եկան Տեր-Եսայանը
և ԵԱԽՀ դիտորդական խմբի մի ներկայացուցիչ:
Դեմիրճյանի վստահված անձ Ջոն Սարգսյանի կինը՝
Հասմիկը, ասում է, որ «հիմարի պես» բացել է դուռը
շաբաթ օրն առավոտյան, բայց ամուսինն է ասել. - «Ինչու՞
չբացել, ի՞նչ եմ արել: Ի՞նչ է, Դեմիրճյանի վստահված
անձ լինելը հանցագործությու՞ն է»:
Ջոն Սարգսյանն այժմ իր 15 օրն է անցկացնում կալանքի
տակ:
Աբովյանում Դեմիրճյանի շտաբի աշխատակիցները մեղադրում
են Քոչարյանի կողմնակիցներին Կոտայքի իրենց շրջանային
շտաբը հրդեհելու մեջ:
Ազգային Ժողովի պատգամավոր Սմբատ Եղիազարյանը,
որը Դեմիրճյանի շրջանային շտաբի ղեկավարն է, պնդում
է, որ շենքում կային ընտրակեղծիքները հաստատող փաստաթղթեր:
Հրդեհի ժամանակ շենքում ոչ ոք չի եղել:
Սակայն երբ Դեմիրճյանի կողմնակիցները եկել են
«Տաթև ՏՏՏ» ճամփորդական գործակալություն, պոկել
են Քոչարյանի պաստառները և սպառնացել են աշխատակիցներին,
այնտեղ մարդ եղել է:
Երեսնամյա Բելլա Գևորգյանը հայտնում է, որ անցյալ
հինգշաբթի օրվա ընդդիմության հանրահավաքից հետո
չորս հոգի ձողերով մտել են Նալբանդյան փողոցի վրա
գտնվող գրասենյակը և պահանջել, որ պոկի Քոչարյանի
քարոզարշավի պաստառները:
Երբ
կինը փորձել է պաշտպանել պաստառները, տղամարդկանցից
մեկը սպառնալից շարժում է արել՝ ասես հարվածելու
համար, հետո մյուսների հետ պոկել է պաստառները պատուհանների
և պատերի վրայից և նետել է փողոց:
Գևորգյանը հայտնում է, որ այդ մարդիկ ասել են,
որ քանի որ գործակալությունը «քոչարյանական» է,
իրենք պետք է մի վնաս հասցնեն և սկսել են իրենց
ձեռքի ձողերով հարվածել դռանը:
Գևորգյանն ասում է, որ իրենք շատ են վախեցել,
և ի վերջո, այդ տղամարդկանցից մեկն ինչ-որ բան է
ասել այն մասին, որ այդտեղ միայն կանայք են և նրանց
պաշտպանող չկա, և հարձակվողները հեռացել են:
«Մենք անմիջապես զանգահարեցինք ոստիկանություն,
բայց ոչ մեկը չեկավ, - ասում է Գևորգյանը, - Պաշտպանելով
մեր նախագահին՝ մենք ինքներս նրանից ոչ մի պաշտպանություն
չստացանք: Միգուցե ոստիկաններն արդեն մեկ այլ տեղ
էին գնացել (ցույցերի ժամանակ կարգը պահպանելու
համար)»:
Գործակալության աշխատակիցներն ասում են, որ իրենք
աջակցելու են Քոչարյանին: Նրանց պատուհանին այլևս
պաստառներ չկան, բայց միայն այն պատճառով, որ նորերը
չեն տվել:
Բացի հանգստություն պահպանելու կոչից, Շայդերն
ասում է, որ ԵԽԽՎ-ն «լրջորեն մտահոգված է նախագահական
ընտրությունների առաջին փուլում արձանագրված բացթողումներով
ու խախտումներով: Եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել
իր ժողովրդավարական պարտավորությունները Եվրոպայի
խորհրդի առաջ, ապա այդ խախտումները չպետք է կրկնվեն
երկրորդ փուլում»:
Որպես սյուռռեալիստական հավելում քարոզարշավին,
նախագահ Քոչարյանն այսօր հրավիրեց երեք լրագրողների
այցելել այն մեկուսարանը, որտեղ պահվում է հոկտեմբերի
27-ի գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը:
Մի քանի շաբաթ լուրեր էին շրջում, որ Հունանյանը
կենդանի չէ, հիմք դառնալով ասեկոսեների համար, իբր
նրան սպանել են, որպեսզի թույլ չտան, որ կարևոր
վկայություններ տա, որոնք կարող են ցույց տալ որոշ
պաշտոնյաների առնչությունը լրագրող Տիգրան Նաղդալյանի
դեկտեմբերյան սպանությանը:
Լրագրողներին, այդ թվում «ընդդիմադիր» մամուլից,
թույլատրել են նայել խցի դռան անցքից և հաստատել
Հունանյանի ողջությունը:
Այդ այցից հետո Արդարադատության նախարարության
մամլո քարտուղար Արա Սաղաթելյանն ամերիկացի գրող
Մարկ Տվենի խոսքերով հայտնել է, որ Հունանյանի մահվան
մասին տեղեկությունները «մեծապես չափազանցված են»:
|