ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Ամեն ինչ՝ սկզբից. երկրորդ փուլի քարոզարշավը սկսվում է մեղադրանքներով և հակամեղադրանքներով


Երեքշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, որոնք քիչ են տարբերվում նախնական արդյունքներից. Ռոբերտ Քոչարյան՝ 700808 քվե (49,4 տոկոս), Ստեփան Դեմիրճյան՝ 399757 քվե (28,2 տոկոս) և Արտաշես Գեղամյան՝ 250145 քվե (17,8 տոկոս):

Հաջորդ չորեքշաբթի կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը պաշտոնապես սկսվեց այսօր Քոչարյանի մամլո ասուլիսով և Դեմիրճյանի կողմնակիցների զանգվածային ցույցով:

Նախագահն ասաց լրագրողներին, որ չի ենթարկվելու ընդդիմության ճնշմանը: Ի պատասխան երրորդ տեղը գրաված թեկնածու Արտաշես Գեղամյանի հայտարարությանը, որ Դեմիրճյանը պետք է հրաժարվի մասնակցել «անօրինական» երկրորդ փուլին, Քոչարյանն ասաց.

«Կարող են մասնակցել կամ չմասնակցել: Ամեն դեպքում կլինի երկրորդ փուլ, և ես համոզված եմ, որ երկրորդ փուլում վստահ հաղթանակ կտանեմ»:

Քոչարյանը մեղադրեց ընդդիմությանը «հիստերիկ դրսևորումների» մեջ և քննադատեց նրանց, ովքեր սադրիչ հայտարարություններ են անում, մասնավորապես՝ «իշխանությունն ուժով վերցնելու» մասին:

Նախագահն ասաց, որ հանրապետության բարձրագույն պաշտոնը ենթարկվում է հարձակումների այն մարդկանց կողմից, «ովքեր սուտ լուրեր են տարածում և հակասահմանադրական կոչեր են անում: Ո՞վ է պատասխան տալու հնարավոր հետևանքների համար»:

Այսօրվա հանրահավաքը քաղաքապետարանի արտոնության կարիքը չուներ, քանի որ այն համարվում է պաշտոնական քարոզարշավի մի մասը:

«Սակայն չի բացառվում, որ կրկին ձերբակալություններ լինեն, - ասաց Դեմիրճյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը, - Կարող են անունը դնել հասարակական կարգի խախտում և բռնել»:

Դեմիրճյանի հանրահավաքը սկսվեց ժամը 4-ին Մատենադարանի մոտ:

«Մինչև այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել ընտրական խախտումների համար, - ասաց Դեմիրճյանը՝ դիմելով հավաքվածներին, որոնց թիվը գրեթե այնքան էր, որքան կիրակի օրվա հանրահավաքի ժամանակ, (ըստ հաշվարկների՝ առնվազն 40 հազար), - Միևնույն ժամանակ կալանավորվել են իմ վստահված անձինք, ովքեր պայքարել են ընտրակեղծիքների դեմ: Ես պահանջում եմ, որ վերջ տրվի քաղաքական հետապնդումներին: Քոչարյանի «Աշխատենք միասին» կարգախոսը նշանակում է «Խախտենք միասին, կեղծենք միասին»»:

Ցույցին ներկայացված էին 13 կուսակցություններ, որոնք հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին և Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին:

Հայտարարության մեջ նաև կոչ էր արվում ազատ արձակել նախորդ հանրահավաքներից հետո կալանված Դեմիրճյանի կողմնակիցներին, ինչպես նաև առաջարկվում էր Արդարադատության խորհրդին քննարկել այն դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, ովքեր կալանավորման վճիռներ են կայացրել:

Ընդդիմությունը նաև կոչ էր անում պաշտոնանկ անել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին և քրեական գործ հարուցել նրա դեմ: Պահանջվում էր նաև Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հրաժարականը (ընդդիմությունը մեղադրում է, որ իշխանությունների արտոնած հաղորդումները ճիշտ չեն ներկայացնում իրենց գործողությունները):

Մատենադարանից Բաղրամյան պողոտայով դեպի նախագահական նստավայր շարժվելուց առաջ, Դեմիրճյանն իր կանխատեսումն արեց հնարավոր հեռուստատեսային բանավեճի արդյունքների մասին: Սակայն նա պայմաններ առաջադրեց նման բանավեճին մասնակցելու համար.

«Ես վստահ եմ, որ բանավեճում հաղթելու եմ, ինչպես հաղթեցի ընտրություններում, - ասաց Դեմիրճյանը, - Բայց ես չեմ կարող բանավեճի գնալ մի մարդու հետ, որը հովանավորում է հանցագործներին, կեղծարարներին: Երբ պատժի նրանց, խնդրեմ, գնանք բանավիճենք»:

Երեկ Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ փետրվարի 19-ի ընտրությունների խախտումների կապացությամբ ստացել է յոթ փաստ, որոնցից երեքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն կալանավորվածներ այդ գործերով չկան:

Բացի այդ երեկ Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ 125 քաղաքացիներ մեղադրվել են փողոցային ցույցերի 3 օրերի ընթացքում կատարված գործողությունների կապակցությամբ: Նրանցից 70-ը դատապարտվել են 15-օրյա կալանքի, իսկ 55-ը տուգանվել են 500-ից 1500 դրամ (մոտ 85 սենթից մինչև 2,5 դոլար):

Արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը հայտնել է, որ կալանվածների մի մասը քրեական անցյալ ունեն և դատապարտված են եղել, մասնավորապես, հարձակումների և ապօրինի զենք պահելու համար:

Սաղաթելյանը հայտնել է, որ կալանավորվածների սոցիալական պատկանելությունը հստակորեն ցույց է տալիս, որ սովորական մարդկանց հետ միասին բողոքարարների թվում կային նաև քրեական տարրեր, որոնք սովորաբար իրենց նպատակներին են հասնում հակաօրինական միջոցներով:

Կալանքի տակ դեռևս պահվող մարդկանցից շատերը Դեմիրճյանի վստահված անձինք են, որոնք մասնակցել են ցույցերին, սակայն կան նաև մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն նախընտրական շտաբերի հետ:

Արսեն Հովհաննիսյանը Երևանից ասում է, որ իրեն կալանավորել են Դեմիրճյանի օգտին քվեարկելու համար:

«Ընտրությունների հաջորդ օրը հարևանին ասել է, որ Դեմիրճյանին է ձայնը տվել, - ասում է Հովհաննիսյանի մորաքույր Անահիտը, - Մյուս օրը երեք հոգի տուն են եկել, ասել են՝ բան չկա, գնում ենք ու գանք, ու տարել են: Հետո իմացանք, որ 15 օր են տվել: Արսենը լուր էր ուղարկել, որ չանհանգստանանք, որ ինքը շուտով կազատվի»:

Կալանավորումների իրականացման վայրերից ստացված տեղեկությունների համաձայն, որոնք հաստատվում են նաև այլ տվյալներով, մարդկանց կալանում են մինչև մեղադրանք ներկայացնելը և դատում են դռնփակ դատավարություններով:

(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի» թղթակից Մարիաննա Գրիգորյանի նյութերը:)


«Ինտերնյուս» լրատվական գործակալության ինտերնետային էջում տեղադրված է մի կարճ տեսանյութ, որտեղ ընտրողները (հայերեն) ներկայացնում են իրենց ականատես եղած ընտրական խախտումները: Այդ տեսանյութը տեսնելու համար սեղմեք այստեղ:

  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.