ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Երկուսից և ոչ մեկին. Գեղամյանը հրաժարվում է սատարել թեկնածուներից որևէ մեկին և հայտարարում է, որ միայն ինքը կարող է փրկել երկիրն արյունահեղությունից


Geghamyan, left, says nobody gets his votes.Երրորդ տեղը գրաված թեկնածու Արտաշես Գեղամյանը հրաժարվել է հաջորդ չորեքշաբթի կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին որևէ մասնակցությունից: Սակայն փորձառու քաղաքական գործիչը բոլորովին էլ խաղաղ չթողեց մարտի դաշտը:

Երկուշաբթի երեկոյան Գեղամյանը, որի հավաքած քվեների 17 տոկոսը կարող էր ազդել նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների վրա, հանդես եկավ հայտարարություններով, որոնք զարմացրին և, ամենայն հավանականությամբ, հուսախաբ արեցին ընդդիմության նրա գործընկերներին:

Գեղամյանը հայտարարեց, որ չի աջակցելու թեկնածուներից և ոչ մեկին՝ պնդելով, որ նախագահը կեղծել է ընտրությունների առաջին փուլի արդյունքները, որպեսզի երկրորդ փուլում մնա Դեմիրճյանի դեմ, քանի որ գիտեր, որ եթե Գեղամյանը դուրս գար երկրորդ փուլ, իրեն սպասում էր «անխուսափելի պարտություն»:

Սակայն ընդդիմության տարակուսանքն առաջ բերեց Գեղամյանի մեկ այլ՝ ավելի սադրիչ մեկնաբանությունը:

«Գործող իշխանությունները գիտակցում են, որ եթե ընդդիմադիր ուժերը հաղթանակ տանեն, իրենց գնդակահարելու են, - ասաց Գեղամյանը՝ ավելացնելով. - Ամեն ինչ արվել է, որպեսզի ես չանցնեմ ընտրությունների երկրորդ փուլ, թեև միակ երաշխավորողը, որ Հայաստանում արյուն չի թափվի, Արտաշես Գեղամյանն էր»:

Վերջին արտահայտությունն արժանացավ Դեմիրճյանի կողմնակիցների կտրուկ արձագանքին:

«Մեր թեկնածուն ֆիզիկական հաշվեհարդարի մասին երբեք որևէ հայտարարություն չի արել», - ասաց Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը, որը Գեղամյանի մեկնաբանությունն անվանեց «անհասկանալի»:

«Ես կիսում եմ պրն Գեղամյանի տեսակետը զանգվածային խախտումների մասին, - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին հայտնել է Արամ Սարգսյանը դեմիրճյանամետ «Հանրապետություն» կուսակցությունից (www.armenialiberty.org), - Այս հարցում (հնարավոր բռնությունների մասին) Արտաշես Գեղամյանը չափն անցել է: Ինձ դուր չեն գալիս նրա ակնարկներն ինչ-որ երկկողմանի կլանների մասին: Դա չափազանց զգացմունքային է»:

Tanik's director says protestors held illegally.Այսօր Գեղամյանը հայտարարել է, որ ընտրություններն անվավեր հայտարարելու պահանջով դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) և, եթե ԿԸՀ-ի պատասխանն իրեն չբավարարի, դիմելու է Սահմանադրական դատարան:

Իսկ այդ ընթացքում նվազ հանրահայտ թեկնածու Արամ Հարությունյանը, որը 1 տոկոսից պակաս քվեներ է ստացել, հայտարարեց, որ չի սատարելու Դեմիրճյանին:

Երկուշաբթի և երեքշաբթի ուշադրության կենտրոնում էին Դեմիրճյանի մի քանի տասնյակ կողմնակիցների ձերբակալությունների հանգամանքները:

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Երևանում և հարակից շրջաններում ձերբակալվել է 99 մարդ: Դեմիրճյանի շտաբը պնդում է, որ վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 130 հոգի և որ նրանց թվում կան նաև Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամներ: Ըստ իրավական և մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Տանիք» հասարակական կազմակերպության, ոմանց ձերբակալել ու հետո ազատ են արձակել, իսկ 33 հոգի մնում են կալանքի տակ:

Ձերբակալությունները կատարվել են «խուլիգանական արարքների», ոստիկանությանը վիրավորելու և չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: (Երևանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ քաղաքային իշխանությունների թույլտվության համար պետք է դիմել միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունը ցանկանում է փակել փողոցները կամ կարգուկանոն ապահովելու համար դիմել ոստիկանությանը):

Ձերբակալվածներին սպառնում է մինչև 15 օրվա կալանք, և նրանց թույլ չեն տալու մասնակցել հաջորդ չորեքշաբթի կայանալիք ընտրություններին:

Ասում են, որ ձերբակալվածների մեծ մասը Դեմիրճյանի վստահված անձինք են:

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Տանիքի» տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ ձերբակալվածներին անօրինական կերպով են կալանքի տակ պահում, քանի որ ոմանց թույլ չեն տվել ներկա լինել սեփական դատավարություններին, իսկ մյուսներին զրկել են փաստաբան ունենալու իրավունքից:

«Դատավորը բոլորին ցույց տվեց, որ ինքն է խախտում օրենքը՝ անցկացնելով դռնփակ դատական նիստեր և հայտարարելով, որ ինչ կուզի՝ կանի», - ասաց խորհրդարանի անդամ Արշակ Սադոյանը՝ կալանվածների անունից դիմելով դատը վարող դատավորին:

Արաբկիրի ընտրական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ կիրակի օրը վաղ առավոտյան ոստիկանությունը եկել է իրեն ձերբակալելու, սակայն նա լրագրողներ է կանչել, և երբ հայտնվել են հեռուստալրագրողները, ոստիկանները հեռացել են:

«Այն, ինչ կատարվում է հետընտրական շրջանում, կարելի է բնորոշել որպես պետական ահաբեկչություն», - ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, որն այս օրերին փորձում է պաշտպանել մարդկանց իրավունքները՝ մասնակցելով դատական գործընթացներին:

«Երբեմն նրանց տանում են ոստիկանության բաժանմունքներ, ահաբեկում և բաց են թողնում: Երբեմն ձերբակալում են կամ վարչական տուգանքների են ենթարկում: Շատ են դեպքերը, երբ մարդիկ տանը չեն քնում, ուղղակի փախած են: Կան նաև դեպքեր, երբ հարազատները տեղյակ չեն, թե որտեղ են իրենց որդիները: Երեկ ինձ էր դիմել Վեդիից եկած մի գյուղացի՝ ասելով, որ 3 օր է չգիտի, թե որտեղ է իր որդին: Ոստիկանությունը տարել է նրան, իսկ թե ուր՝ անհայտ է»:

Արդարադատության նախարարության խոսնակ Արա Սաղաթելյանը ժխտում է ձերբակալությունների որևէ քաղաքական շարժառիթ և վկայակոչում է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 180 հոդվածը:

Ընտրությունների առնչությամբ երեքշաբթի օրն ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը հայտարարեց, որ ընտրական խախտումների հարցում համամիտ է ԵԱՀԿ զեկույցում արտահայտված տեսակետին: Միաժամանակ Օրդուեյը ժխտեց, որ ԱՄՆ-ը հայտարարել է, որ հինգ տոկոս խախտումների դեպքում չի ճանաչի ընտրությունները օրինականությունը:

(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի» թղթակից Ժաննա Ալեքսանյանի նյութերը:)


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.