Անցյալ
շաբաթվա ավարտը նշանավորվեց նրանով, որ իշխանության
բարձրաստիճան ներկայացուցիչները դուրս եկան եթեր,
իսկ ընդդիմության համակիրները դուրս եկան փողոցներ:
Եվ մինչև մարտի 5-ի նախագահական ընտրությունների
երկրորդ փուլը, Երևանին սպասում է զգացմունքներով
լիցքավորված քարոզարշավի ևս ութ օր:
Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կալանվել
են հասարակական կարգը խախտելու համար: Կոտրել են
նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրական շտաբի պատուհանները:
Ռազմավարական վայրերում փշալար են անցկացրել, սակայն
չհաշված խոսքակռիվը՝ իրավիճակը հիմնականում մնում
է հանգիստ:
Շաբաթ օրը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում
Քոչարյանն ասաց, որ քաղաքական կայունությունն իր
պաշտոնավարման արդյունքն է, և որ ինքը թույլ չի
տա, որ կայունությունը որևէ կերպ խախտվի:
«Մենք շատ լուրջ ու խիստ ձևով արձագանքելու ենք
այն բոլոր փորձերին, որոնք կարող են ուղղված լինել
հասարակական կարգի խախտմանը և, հատկապես, պետական
մարմինների աշխատանքի խափանմանը, - ասաց նախագահը,
- Սա միանշանակ դիրքորոշում է, և դրա մասին, կարծում
եմ, բոլորը պետք է իմանան»:
Նախագահի վճռական դիրքորոշման մասին արդեն գիտեն
մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք կալանվել են
առանց քաղաքային իշխանությունների թույլտվության
անցկացված հանրահավաքներին մասնակցելու համար:
Ըստ Ստեփան Դեմիրճյանի ընտրական շտաբի տվյալների,
վերջին երեք օրերի ընթացքում կալանվել է առնվազն
130 մարդ: Մամլո խոսնակ Ռուզաննա Խաչատրյանն ասաց,
որ դրանց մեջ կան կանայք, երեխաներ և Դեմիրճյանի
ընտրական շտաբի անդամներ: Նրանց սպասում է 15-օրյա
կալանք հասարակական կարգը խախտելու համար:
Երևանի
քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ Դեմիրճյանը
և նրա դաշնակիցները պետք է դիմեն քաղաքապետարան
իրենց բոլոր ցույցերի համար պաշտոնական թույլտվություն
ստանալու համար: Կիրակի օրը կայացած հանրահավաքի
ընթացքում ցույցեր կազմակերպվեցին նախագահի նստավայրի
մոտ և քաղաքի կենտրոնում՝ նրա ընտրական շտաբի շրջակայքում:
Լրատվության մի աղբյուր նշում է, որ մասնակիցների
թիվը հասնում էր 60 հազարի:
Հանրահավաքի ժամանակ, որը սկսվեց ցերեկվա ժամը
2-ին և տևեց մոտ երեք ժամ, Դեմիրճյանն ասաց իր կողմնակիցներին.
- «Ես շատ հպարտ եմ իմ շրջապատով, և մենք միասին
մեր երկիրն այս վիճակից դուրս ենք բերելու»:
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը նաև
նախագահի ընտրարշավի ղեկավարն է, հանդես է եկել
մի հայտարարությամբ, որը կապում է ներկա քաղաքական
իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության
հետ:
«Եկեք չմոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել,
և զինված ուժերը չեն հանդուրժի, որ ընդդիմության
գործողությունները վտանգեն երկրի կայունությունը»:
Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Սարգսյանը
մեղադրեց Քոչարյանի հակառակորդներին «իրենց գործողություններով
և կոչերով երկրի ներքին քաղաքական հավասարակշռությունը
խախտելու» մեջ:
«Ընդդիմությունը պետք է հասկանա, որ երկրի ներքին
քաղաքական կայունությունը խախտելու փորձերը վտանգում
են սահմանադրական կարգն ու պետության անվտանգությունը»:
Իր
հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում Քոչարյանը
հիշեցրեց հեռուստադիտողներին, որ առաջին անգամը
չէ, որ «քաղաքական գործիչները, թաքնվելով ժողովրդի
թիկունքում, փորձում են վիճակը երկրում ապակայունացնել»:
Քոչարյանը նշեց, որ բավարարված է առաջին փուլի
քվեարկության արդյունքներով՝ ավելացնելով, որ իր
49,8 տոկոսը բավական է երկրորդ փուլում համոզիչ
հաղթանակի համար:
Նախագահը նաև ասաց, որ ընդդիմությունը շատ ավելի
ուժեղ է, երբ գործում է օրինականության շրջանակներում,
իսկ այն, ինչ ընդդիմությունն անում է այժմ, տակտիկապես
սխալ է:
Պատասխանելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության
կազմակերպության զեկույցին վերաբերող հարցին այն
մասին, որ անցյալ շաբաթ կայացած ընտրությունները
չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, Քոչարյանը
շեշտեց, որ նախորդ ընտրություններն արժանացել էին
օտարերկրյա ներկայացուցիչների ավելի կոշտ գնահատականին,
քան ներկա ընտրությունները:
«ԱրմենիաՆաուին» տված իր հարցազրույցում ԵԱՀԿ
պատվիրակության ղեկավար Պիտեր Այքերը նշեց, որ 35
երկրներ ներկայացնող շուրջ 200 դիտորդներ զույգերով
այցելել են ընտրատեղամասերը՝ զեկույցի համար տվյալներ
հավաքելու համար: Նա ասաց, որ ԵԱՀԿ հիմնական խմբի
մոտ 25 անդամներ մնալու են Երևանում, իսկ ամբողջ
կազմը վերադառնալու է հաջորդ չորեքշաբթի կայանալիք
ընտրությունների երկրորդ փուլին:
Կիրակի օրը Հանրային հեռուստատեսությունը հայտարարել
է, որ նախատեսում է իր «Օրակարգ» ծրագրում երկու
բանավեճ կազմակերպել թեկնածուների միջև, որոնց ընթացքում
Քոչարյանին և Դեմիրճյանին հարցեր կտրվեն երկրի ներքին
և արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Երրորդ տեղը գրաված թեկնածու Արտաշես Գեղամյանը,
որը ստացել էր քվեների 17 տոկոսը, դեռևս չի հայտարարել,
թե ում է աջակցելու երկրորդ փուլում:
Վետերան քաղաքական գործիչն անցյալ շաբաթ կայացած
ընտրություններն անվանել է անօրինական և նշել է,
որ ընդդիմության մասնակցությունը երկրորդ փուլին
կնշանակի, որ այն ընդունում է ընտրությունների առաջին
փուլի օրինականությունը:
(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի»
թղթակից Սուրեն Դեհերյանի նյութերը:)
|