 |
Սարգիս
Սարգսյանը պարտության մատնեց 6-րդ ցանվածին,
սակայն զիջեց երկրորդ փուլում: |
Հինգ տարբեր երկրներ ներկայացնող հինգ հայ թենիսիստներ
էին ընդգրկված այս շաբաթ Փարիզում սկսված Ֆրանսիայի
բաց առաջնության 128 մասնակիցների թվում: Եվ միայն
երկուսը դուրս եկան երրորդ փուլ:
ԱՄՆ-ը ներկայացնող Անդրե Ագասին, որը ցանված է
2-րդ համարի տակ, հեշտությամբ հաղթեց Կարոլ Բեկին
Սլովակիայից (չցանված)՝ 6-2, 6-3, 6-3: Արգենտինան
ներկայացնող Դավիթ Նալբանդյանը (8-րդ ցանված) պարտության
մատնեց իսպանացի Ալբերտ Մոնտանեսին (չցանված)՝ 6-4,
6-3, 3-6, 7-5:
Սակայն առաջին փուլում հայ թենիսիստներից ամենամեծ
հաջողության հասավ Սարգիս Սարգսյանը (չցանված) Երևանից,
որը պարտության մատնեց 6 համարի տակ ցանված Էնդի
Ռոդիքին ԱՄՆ-ից 6-7 (3), 6-1, 6-2, 6-4:
Երկու հայազգի թենիսիստուհիներ նույնպես դուրս
եկան Ռոլան Գառոսի երկրորդ փուլ:
Մարի-Գայանե Միքայելյանը Շվեյցարիայից (չցանված)
հաղթեց չցանված Անժելիք Վիդջաջային Ինդոնեզիայից՝
6-3, 4-6, 7-5, իսկ Մագդալենա Մալեևան Բուլղարիայից,
որը ցանված էր 15 համարի տակ, 6-3, 3-6, 6-1 հաշվով
հաղթեց չցանված ավստրալուհի Ալիսիա Մոլիկին:
Ագասին շարունակում է հաղթողի տիտղոսի համար իր
պայքարը: Երկրորդ փուլի հինգ սեթից բաղկացած խաղում
նա պարտության մատնեց չցանված խորվաթ Մարիո Անչիչին՝
5-7, 1-6, 6-4, 6-2, 7-5:
Երրորդ փուլում Ագասին կխաղա բելգիացի Քսավյե
Մալիսի հետ (26-րդ ցանված):
Մալեևան անցել է հաջորդ փուլ պարտության մատնելով
չցանված Եվգենիա Կուլիկովսկային Ռուսաստանից՝ 6-3,
6-2:
Երրորդ փուլում Մալեևան կհանդիպի չցանված Ռիտա
Գրանդեին Իտալիայից:
Չցանված Նիկոլա Կուտելոն Ֆրանսիային դուրս է մղել
Նալբանդյանին՝ 6-3, 6-3, 4-6, 2-6, 6-1: Սարգսյանը
զիջել է չցանված Վիկտոր Հանեսկուին Ռումինիայից՝
3-6, 5-7, 6-3, 2-6:
Նալբանդյանը և Սարգսյանը վաստակել են յուրաքանչյուրը
20800 եվրո և 7 միավոր:
Երկրորդ փուլն անհաջող դասավորվեց նաև Մարի-Գայանե
Միքայելյանի համար, քանի որ նա պետք է հանդիպեր
ներկայիս ուժեղագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին
ԱՄՆ-ից: Ուիլյամսի հաղթանակը կանխատեսելի էր՝ 6-3,
6-2:
Առանց Ֆրանսիայի բաց առաջնության արդյունքների
հաշվարկի Ագասին 372 միավորով շարունակում է գլխավորել
ՊԹԱ-ի աղյուսակը: Նրան հաջորդում է Ռոժե Ֆեդերերը
311 միավորով: Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 17-րդ
տեղը 134 միավորով, իսկ Սարգիս Սարգսյանը 44-րդն
է 74 միավորով:
ԿԹԱ-ի աղյուսակում Մագդալենա Մալեևան 1600 միավորով
զբաղեցնում 15-րդ տեղը, իսկ Մարի-Գայանե Միքայելյանը
գտնվում է 38-րդ տեղում 880 միավորով:
|