Կան մտքեր, որոնք
արտահայտելու համար շատ բառեր չեն պահանջվում...
Երկուշաբթի օրը ես էլեկտրոնային նամակ ստացա մի
աղջնակից, որում նա հարցնում էր, կարող է արդյոք
որևէ գործ անել «ԱրմենիաՆաուի» համար, որպեսզի 500
դոլար ստանա: Դա այն գումարն է, որը պահանջում են
դպրոցում գերազանցությամբ ատեստատ տալու համար:
Ավելի քիչ գումարի դեպքում նա հինգեր չի ստանա,
անկախ նրանից, թե որքան լավ կհանձնի քննությունները:
Աղջիկը գերազանցիկ աշակերտ է, այնքան լավ է սովորում,
որ ԱՄՆ-ում սովորելու թոշակ է շահել:
Աղջկա ծնողները չեն կարող այդպիսի գումար տալ,
որովհետև նրա եղբայրը զորակոչվել է բանակ, և ընտանիքն
իր ունեցած դրամը ծախսում է սպաների կաշառքների
վրա, որպեսզի տղային Ղարաբաղ չուղարկեն:
Երեքշաբթի օրը ես տեսա, թե ինչպես է մի մարդ ուտում
փողոցի աղբամանից: Ոչ թե փորփրում է աղբը և ուտելիք
է հավաքում, այլ տառացիորեն ուտում է գտած ուտելիքի
մնացորդները:
Հինգշաբթի օրը մեր գրասենյակ էր եկել մի կին մի
փոքրիկ աղջկա հետ: Նա ասաց, որ աղջիկն իր թոռն է,
որի մայրը տուբերկուլյոզով ընկել է հիվանդանոց,
իսկ ընտանիքը փող չունի: Նա հարցրեց, արդյո՞ք ես
չեմ կարող աղջկա համար ուտելիք գնել:
Ուրբաթ օրը ես կարդացի այսօրվա «ԱրմենիաՆաուի»
առաջնորդող հոդվածը, որտեղ նշվում է, որ խորհրդարանի
նորընտիր անդամների կեսը Հայաստանի առավել հարուստ՝
հետևաբար, առավել զորեղ քաղաքացիների թվում են:
Արդար չէր լինի ենթադրել, թե երկուշաբթին, երեքշաբթին
և հինգշաբթին ինչ-որ կերպ կապված են ուրբաթ օրվա
հետ: Սակայն ի՞նչ կապ ունի արդարությունն ընդհանրապես
որևէ բանի հետ:
|