Հայաստանում ծխում է ամեն երկրորդ չափահաս:
Առողջապահության նախարարության այս և նման այլ
տեղեկությունները վկայում են այն մասին, որ մոտ
ապագայում շնչուղիների հիվանդությունները հանրապետությունում
լայն տարածում են ստանալու:
 |
Ամեն
երկրորդ հայաստանցի ծխող է: |
Վիճակագրության համաձայն, հանրապետությունում ծխող
կանանց թիվը վերջին տարիներին աճել է ավելի քան
35 տոկոսով: Սա մտահոգիչ միտում է, սակայն ավելի
մտահոգիչ է ցուցանիշների գրեթե նույն աճը 12-17
տարեկան անչափահասների շրջանում: Առողջապահության
մասնագետների հավաստմամբ, արձանագրվում են նաև դեպքեր,
երբ ծխողը մինչև 12 տարեկան երեխա է:
Այս և նման տվյալների վրա է հիմնվում Հայաստանում
ծխելու դեմ ուղղված պայքարը, որի դրսևորումներից
մեկը մասնակցությունն է վաղը՝ մայիսի 31-ին, կայանալիք
չծխելու համաշխարհային օրվան:
Հարություն Մինասյանը 17 տարեկան է և արդեն 3
տարի է, ինչ ծխում է:
«Ես չգիտեմ, թե ինչից սկսվեց հետաքրքրությունս
ծխախոտի հանդեպ, - մոխրամանում հերթական ծխախոտի
մնացորդը մարելով ասում է երիտասարդը: - Իմ շրջապատում
գրեթե բոլորը ծխում են, և՛ ծնողներս, և՛ ընկերներս,
միգուցե դա էլ է ինչ-որ ազդեցություն թողել է իմ
ընտրության վրա»:
Հոգեբանների հավաստմամբ, ծխելու կամ չծխելու ընտրության
վրա մեծ ազդեցություն է թողնում շրջապատը: Իսկ այստեղ,
որտեղ միայն վերջերս են սահմանափակումներ մտցվել
գովազդի հանդեպ, ծխելու ցանկությունը խրախուսվում
է:
«Գովազդները և հասարակությունը համոզում են, որ
տղամարդը պետք է ծխի իր տղամարդկությունն ապացուցելու
համար, իսկ կինը՝ խորհրդավոր երևալու համար, - ասում
է հոգեբան Սոնա Մարկոսյանը: - Ինչ խոսք, այս ամենը
մեծ ազդեցություն է ունենում հատկապես երիտասարդների
վրա, որի արդյունքը մենք բոլորս ենք տեսնում»:
Անցյալ տարվա օգոստոսին ընդունված նոր օրենսդրությունը
լուրջ սահմանափակումներ է դնում ծխախոտի հեռուստա
և ռադիոգովազդի ոլորտում: Այն նաև արգելում է նման
գովազդը թերթերի և ամսագրերի շապիկների վրա:
Ծխախոտ արտադրող ձեռնարկությունները լրացրեցին
գովազդի պակասը փողոցային գովազդային վահանակներով:
Ալեքսանդր Բազարջյանը համակարգում է առողջապահության
նախարարության հակածխախոտային ծրագիրը և ասում է,
որ գովազդատուներն օրենքը շրջանցելու ուղիներ են
գտնում: «Երբեմն լինում են դեպքեր, երբ հեռուստատեսությամբ
ինչ-որ կերպ թաքնված ծխախոտի գովազդ է հեռարձակվում»,
- ասում է նա՝ ավելացնելով, որ պատժամիջոցներ կիրառելն
արդեն հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի
և օրինապահ մարմինների գործն է:
Չնայած վիճակագրական տվյալներին, մասնագետները
հավաստում են, որ ծխելու դեմ վերջին քարոզարշավները
տվել են իրենց արդյունքը: Որոշ ծխողներ թողնում
են այդ սովորությունը, իսկ դեռահասներին սովորեցնում
են չսկսել ծխել:
«Ինչ խոսք, ոչ մի հակածխախոտային ծրագիր չի կարող
մեկ տարում իրականացվել, - ասում է Ալեքսանդր Բազարջյանը,
- սակայն աշխատանքները կատարվում են, և փոփոխություններն
ակնհայտ կդառնան ժամանակի հետ»:
|