 |
Խորհրդարանում
նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը
պնդում է, որ փոփոխություններն ուղղված էին
իշխանության բաժանմանը: |
Կիրակի օրը կայացած հանրաքվեում նախագահ Ռոբերտ
Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների
նախագիծը չհավաքեց քվեների անհրաժեշտ քանակությունը:
Ըստ նախնական տվյալների, կողմ է քվեարկել 563205
հոգի, դեմ` 555663: Հանրաքվեով անցնելու համար անհրաժեշտ
էր հավաքել ձայների առնվազն երկու-երրորդը: Կիրակի
օրը կայացած քվեարկությունում անհրաժեշտ էր 778000
ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական արդյունքների
մասին իր հայտարարությունն արեց 12 ժամ ուշացումով:
Սահմանադրությամբ որոշված նրա հաջորդ ժամկետը լրանում
է վաղը: Ընտրողների մասնակցությունն ամենացածրն
էր (51 տոկոս) անկախ Հայաստանի պատմության մեջ և,
այդուհանդերձ, ԿԸՀ-ը հայտարարում է, որ տարբեր ընտրատարածքներից
ստացվող քվեները հաշվարկելիս բախվել է դժվարությունների
հետ դրանց մեծ քանակի պատճառով:
Արդյունքերի հրապարակման ուշացումն առաջ է բերել
ընդդիմադիր կուսակցությունների քննադատությունը,
որոնք պնդում են, որ Քոչարյանի վերահսկողության
տակ գտնվող ԿԸՀ-ը փորձում է ուռճացնել ցուցանիշները:
Քոչարյանն ինքը հայտարարել էր, որ իր համար դժվար
կլինի ստանալ սահմանադրական փոփոխություններն ընդունելու
համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ:
Առաջարկվող հիմնական փոփոխությունները շատերը
մեկնաբանում են որպես նախագահի լիազորությունների
ընդլայնում:
Սակայն Քոչարյանն ասում է, որ ուղղումները կսահմանափակեն
իր սահմանադրական մեծ իրավունքները և կամրապնդեն
օրենսդիր մարմիններն ու կառավարությունը: Նախագահը,
օրինակ, իրավունք կունենա ցրել խորհրդարանը միայն
վերջինիս «անգործունակության» դեպքում և ոչ թե իր
հայեցողությամբ, ինչպես նախատեսված է ներկայումս:
Համատարած են դեպքերը, երբ ընտրողները չեն մասնակցել
հանրաքվեին, որովհետև ծանոթ չեն առաջարկված նախագծին:
«Սրանք ոչ թե հանրաքվեի ներկայացված սահմանադրական
փոփոխություններ էին, այլ սահմանադրության մեջ արդեն
մտցված փոփոխություններ, և հասարակ մարդիկ չեն կարողանում
հասկանալ, թե ինչն է փոփոխվել», - ասում է քաղաքագետ
և սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը:
Ազգային ժողովի նախկին խոսնակ և ընդդիմադիր «Հայոց
համազգային շարժում» կուսակցության անդամ Բաբկեն
Արարքցյանն ասում է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը
չկար, պարզապես Քոչարյանն ուզում էր «ունենալ իր
սահմանադրությունը»:
«Այս նախագիծն այնպես է ամրապնդում նախագահի դիրքերը,
որ նա դառնում է ոչ թե անձեռնմխելի, այլ գերանձեռնմխելի`
օժտված գերիշխանությամբ և պատասխանատվությունից
խուսափելու բոլոր հնարավորություններով», - ասաց
Արարքցյանը:
Սակայն Ազգային ժողովում Քոչարյանի ներկայացուցիչ
Արմեն Հարությունյանը պնդում է հակառակը:
«Ինձ զարմացնում են տեսակետները նախագահի լիազորությունների
մեծացման առթիվ, - ասում է նա: - Սահմանադրության
նախագծի նվաճումներից մեկն այն է, որ իշխանության
բոլոր երեք ճյուղերը հավասարակշռված են»:
Գործող սահմանադրությամբ գլխավոր դատախազին նշանակում
է նախագահը և ազատում է նրան վարչապետի առաջարկությամբ:
Առաջարկված տարբերակով նախագահը կարող է նշանակել
և ազատել գլխավոր դատախազին սեփական հայեցողությամբ:
Ազգային ժողովը լուծարելու նախագահի բացառիկ իրավունքը
վերացնելու դիմաց Քոչարյանի առաջարկները նախատեսում
են նախագահին լիազորություն տալ ազատել արտաքին
գործերի և պաշտպանության նախարարներին, եթե նրանց
առաջադրել է Ազգային ժողովը և նշանակել է վարչապետը:
«Այս փոփոխություններով կառավարության դերը կարող
է զրոյացվել», - ասում է Պողոսյանը:
Հանրաքվեով քվեարկության էր դրվել նաև երկքաղաքացիության
հարցը:
Նոր սահմանադրության նախագծով վերացվում է արգելքը
երկքաղաքացիության վրա, ինչին դեմ է ՀՀՇ-ն, որի
իշխանության օրոք 1995 թվականին ընդունվել է գործող
սահմանադրությունը:
«Եթե Հայաստանի քաղաքացիները ստանան երկքաղաքացիության
իրավունք, ապա նրանք կգերադասեն ծառայել այլ երկրների
բանակում, և մի քանի տարի հետո Հայաստանը կզրկվի
իր բանակից», - ասվում է ՀՀՇ-ի մի հայտարարության
մեջ:
«Այսպիսի մեծ Սփյուռք ունեցող երկիրը, գոնե հոգեբանական
առումով, չի կարող ունենալ սահմանադրություն, որն
արգելում է երկքաղաքացիությունը», - հակաճառում
է Հարությունյանը` ավելացնելով, որ երկքաղաքացիությունը
ոչ մի կերպ չի վտանգում ազգային անվտանգությունը:
Այս հոդվածում օգտագործվել են նաև www.armenialiberty.org-ից
քաղված տեղեկություններ:
|