 |
ԵԱՀԿ-ի,
ԵԽԽՎ-ի և ԱԺԻ ներկայացուցիչների հավաստմամբ
նրանց այցելած ընտրատեղամասերի 90 տոկոսն արժանացել
են դրական գնահատականի: |
Անցյալ կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները
առաջընթաց էին վերջերս անցած նախագահական ընտրությունների
համեմատ, սակայն դրանք չբավարարեցին միջազգային
չափանիշները մի քանի հիմնական բնագավառներում՝ ասվում
է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության
(ԵԱՀԿ) զեկույցում:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու
իրավունքների գրասենյակի դիտորդներն արձանագրել
են խախտումներ քվեների հաշվարկում, դիտորդների և
վստահված անձանց ահաբեկում և քվեարկության գաղտնիության
սկզբունքի խախտում զինվորականների քվեարկության
ընթացքում:
Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում Եվրոպայի
խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ
Ռասել Ջոնսթոնը հայտնեց լրագրողներին. - «Առկա էր
անկասկած առաջընթաց միջազգային ստանդարտների բավարարման
գործում՝ չնայած արձանագրված սահմանափակ թվով շատ
լուրջ բնույթի միջադեպերի»:
Միջազգային դիտորդների այցելած ընտրատեղամասերի
90 տոկոսում ընտրական գործընթացն արժանացել է դրական
գնահատականի կամ այնտեղ գրանցվել են ոչ էական խնդիրներ:
Ի տարբերություն փետրվարին և մարտին կայացած նախագահական
ընտրությունների լարված մթնոլորտի, կիրակի օրվա
ընտրությունները, ընդհանուր առմամբ, խաղաղ էին:
Տպավորությունը փչացրել է Երևանից 30 կմ հեռավորության
վրա գտնվող Շահումյան գյուղում տեղի ունեցած հրաձգությունը,
որի արդյունքն է մեկ սպանված և մի քանի վիրավոր:
«Մենք բոլորս ցնցված էինք այդ միջադեպից, - ասաց
լորդ Ջոնսթոնը: - Մի քանի դիտորդներ ներկա են եղել
կատարվածին: Մեղավորները պետք է բացահայտվեն»:
Քվեարկությանը մասնակցել են գրանցված ընտրողների
մոտ 51 տոկոսը, որն ամենացածր ցուցանիշն է անկախ
Հայաստանի պատմության մեջ:
«Ընտրողների ցածր ակտիվությունն ակնառու կերպով
ցույց է տալիս նրանց անվստահությունն ընտրական գործընթացի
և երկրի քաղաքական հաստատությունների հանդեպ, -
ասաց ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության
ղեկավար Ջիովանի Կեսլերը: - Նման վստահության ապահովումը
Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջնային խնդիրն
է»:
Վերջերս կայացած նախագահական ընտրությունների
համեմատ միջազգային դիտորդները նշել են բարելավումներ
մի քանի բնագավառներում, մասնավորապես՝ նախընտրական
քարոզարշավի և լուսաբանման:
Եթե նախագահական ընտրությունների ժամանակ հնչեցին
գործող նախագահի օգտին կողմնապահության մեղադրանքներ,
ապա դիտորդների հավաստմամբ այս անգամ հանրային հեռուստատեսությունը
մրցակիցների համար ապահովել էր հավասար պայմաններ
և հավասարակշռված լուսաբանում: Ակտիվ և հիմնականում
խաղաղ քարոզարշավին նպաստել են նաև պետական պաշտոնյաների
հանդուրժողականության կոչ անող և ընտրական խախտումները
դատապարտող ելույթները:
Առաջին անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
հրահանգ էր տվել տարածքային ընտրական հանձնաժողովներին
հրապարակել նախնական արդյունքներն ըստ տեղամասերի:
Լորդ Ջոնսթոնի կասկածն է հարուցել ընտրողների
քանակը, որը ԿԸՀ-ի տվյալներով կտրուկ աճել է վերջին
ժամվա ընթացքում:
«Ինձ համար գաղտնիք է մնում, որ ընտրողների քանակը
տեղամասերի փակվելուց մեկ ժամ առաջ 43 տոկոս էր,
իսկ հետո հասավ 51 տոկոսի, - ասաց նա: - Իմ փորձը
ցույց է տալիս, որ հայերը քվեարկում են ցերեկը:
«Երբ մարդիկ հրաշալի արևոտ օրով չեն գնում քվեարկության,
ուրեմն նրանք կամ կարծում են, որ դրանից ոչ մի բան
չի փոխվի, կամ էլ չեն վստահում քվեների հաշվարկին»,
- ասաց նա:
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ընտրությունների
դիտորդների պատվիրակությունը հրապարակել է նախնական
զեկույց, որում ասվում է, որ չնայած վերջին երկու
ամսում ընտրական գործընթացի որոշ ասպարեզներում
տեղ գտած բարելավումներին, կիրակի օրը կայացած ընտրությունները
և հանրաքվեն չկարողացան հաղթահարել ժողովրդավարական
ընտրությունների շեմը:
«Հայաստանի ընտրական գործընթացներն ուղեկցվում
են ցինիզմի, հուսախաբության և մտահոգության մթնոլորտով,
որի վկայությունն են ընտրողների ցածր մասնակցությունը,
անվստահությունն ընտրական մարմինների անկողմնակալ
գործելու ունակության նկատմամբ և ընտրական վիճաբանությունները
լուծելու արդյունավետ մեխանիզմի բացակայությունը,
- նշվում է զեկույցում: - Այդուհանդերձ, քաղաքական
կուսակցություններն ակտիվ մասնակցություն են բերել
այս ընտրություններին, տեղական քաղաքացիական կազմակերպությունները
մոբիլիզացրել են իրենց ուժերը ընտրական գործընթացը
վերահսկելու համար, և քվեարկությունն ընթացել է
ավելի քիչ միջադեպերով, քան նախորդ ընտրություններում»:
Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունները
չորրորդն էին 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանի
անկախացումից հետո և առաջինը 2001 թվականի հունվարին
Հայաստանի Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց հետո:
|