 |
Կոզետա
Հարությունյանը լավ է հիշում Սարդարապատի կռիվը: |
Մայիսի 28-ին առաջին հանրապետության հռչակման տարեդարձը
տոնելիս Հայաստանը հիշում է նաև այն ճակատամարտը,
որը հնարավոր դարձրեց առաջին հանրապետության գոյությունը:
Շատերը գիտեն Սարդարապատի մեծ ճակատամարտի մասին:
Սակայն քչերն են մնացել, որ կարող են պատմել դրա
մասին որպես մասնակիցներ:
«Այդ օրը ծեր թե ջահել գնում էին Սարդարապատ,
կին թե տղամարդ մի սուր զենք էին գտնում ու վազում
ճակատամարտի դաշտ, - մտաբերում է 93-ամյա Կոզետա
Հարությունյանը: - Անկախությունը ձեռք բերվեց միայն
արյան ու սրի միջոցով»:
Երևանից 50 կիլոմետր դեպի արևմուտք ընկած մարտադաշտ
վազողները գնում էին դիմագրավելու Հայաստան ներխուժած
թուրքերին, որոնք արդեն հայաթափ էին արել Արևմտյան
Հայաստանը:
Կոզետան 9 տարեկան էր, երբ մորաքրոջ ամուսինը
մի հին, մաշված սուր ձեռքին մտավ սենյակ ու հայտարարեց,
որ գնում է Սարդարապատ կռվելու:
Կոզետայի ընտանիքը եղեռնի ժամանակ փոխել էր Վանից:
«Մենք 15 օր քայլում էինք Մասիսի փեշերով, Արարատյան
դաշտավայրի թեժ արևից ուժասպառ եղած քայլում էինք
ու թվում էր, թե անծայր է այս մոլորակը, - վերհիշում
է նա: - Մենք կենդանի մնացինք մորս խելամտության
շնորհիվ, նա հասցրել էր վերցնել ջուր և շաքարավազ,
փաստորեն մեր մի ամսվա կերակուրը շաքարաջուրն էր»:
Կոզետայի մայրը փոքրիկ աղջիկ էր, երբ թուրքերը
ներխուժեցին նրանց գյուղ: Առավոտյան վարդի թփերի
տակ գտավ իր հոր և հինգ հորեղբայրների մորթած գլուխները:
Կոզետայի հայրը փախուստի էր դիմել, որպեսզի խուսափի
թուրքական բանակ զորակոչվելուց:
«Հորս հետ փախածներին բռնել ու կախաղան էին հանել,
- ասում է Կոզետան: - Ավելի ուշ իմացանք , որ հայրս
փրկվել ու մեկնել է Արգենտինա, բայց արդեն սովետական
կարգեր էին և նրան անգամ նամակ գրել չէինք կարող»:
Իսկ երբ հայկական բնակավայրերում մնում էին միայն
կանայք ու երեխաները, թուրքերի համար հեշտ էր նրանց
տեղահան անել: Կոզետան մոր, մորաքրոջը և քրոջ հետ
սկսեց իր ճամփան դեպի Սարդարապատ:
Գաղթի ճանապարհն ամենասարսափելի հիշողությունն
է, որ 6 տարեկանից առ այսօր դրոշմվել է նրա ուղեղում,
մնացել նրա աչքերում, իսկ երեխաների ու կանանց մահվան
ճիչերը հավերժ մնացել են նրա ականջներում:
Սարդարապատը ոչ միայն անկախության, այլև վրեժի
հնարավորություն էր:
«Սարդարապատի ճակատամարտը ուղղեց մեր մեջքը, մենք
հասկացանք, որ կարող ենք կռվել ու պաշտպանել մեր
պատիվը, - ասում է գաղթի սարսափելի ճանապարհն անցած
Հայկ պապիկը: - Ես ընդամենը 8 տարեկան էի, բայց
ասօրվա նման հիշում եմ, որ գաղթի ճանապարհին մի
խորը, փոթորկոտ գետ էինք անցնում, գետի ափին մի
կին կանգնած բղավում ու մազերն էր պոկում, ինքն
իրեն հարցնում էր՝ երկու երեխա ունեմ, որին թողնեմ,
որին անցկացնեմ, մի քանի րոպե լացելուց հետո աչքերն
ու ականջները փակեց, որ չտեսնի ու չլսի երեխայի
ճիչն ու աղերսող հայացքը, ու թողեց նրան գետի հոսանքի
հույսին»:
Նույնիսկ այսօր արցունքի գետ է հոսում Հայկ պապիկի
աչքերից, երբ նա հիշում է այդ օրերը:
«Առ այսօր հիշում եմ այդ կնոջ լացն ու ողբը»:
Այս ճանապարհն անցած ու Հայաստան հասած մարդիկ
ընդամենը 3 տարի հետո նորից բախվում են իրենց թշնամու
հետ Սարդարապատում:
«Ոչ ոք չէր ասում գնացեք կռվեք, մենք արյան կանչով
էինք վազում դեպի Սարդարապատ, մեկը՝ սայլով, մեկը՝
ձիով կամ ոտքով, միայն թե հասնեինք ու մեր վրեժը
լուծեինք, - ասում է Կոզետան: - Վեց օր տևեցին այդ
հերոսական կռիվները, անգամ կանայք ու երեխաներն
էին կռվում կամ էլ տղամարդկանց ջուր ու հաց տանում:
«Այն ժամանակ ես կարծում էի, որ Սարդարապատն ազատագրելով
մենք կարող ենք վերադառնալ մեր հարազատ Վան, և ես
էլ պատրաստ էի մի դանակ վերցնել ու գնալ կռվի դաշտ»:
Սարդարապատի հաղթանակը չվերադարձրեց Վանը: Սակայն
դրանից հետո ամեն տարի Կոզետան նշում է հաղթանակի
օրը:
Նա սիրով է հիշում անկախության առաջին տոնակատարությունը:
«Այդ տոնը մենք նշեցինք շատ համեստ, հրապարակից
դեպի Շահումյանի արձան տանող փողոցում մեծ բազմություն
էր հավաքվել, Առաջին հանրապետության ղեկավարները,
որոնք իսկապես փրկեցին ու անձնվեր գործ արեցին իրենց
ժողովրդի համար, կանգնել էին ու ձեռքով ողջունում
էին բոլորին: Չկային այսօրվա նման ճոխ ծաղիկներ
կամ ելույթներ, բայց կար անկոտրում ոգի, հաղթանակած
ժպիտներ ու արցունքներ»:
Նա վերհիշում է այդ տոնակատարության ամենանշանավոր
պահը, երբ ձիու վրա հայկական տարազով ու երկար ծամերով
մի գեղեցիկ կին նստեցրին ու պտտեցրին փողոցով: Կինը
խորհրդանշում էր Մայր Հայաստանը՝ ազատ ու շրջապատված
իր ժողովրդով:
|