 |
Ղարաբաղ կատարած իր այցից հետո Էլդար Զեյնալովին
սպառնում են և մեղադրում են հայրենիքի դավաճանության
մեջ: |
Ադրբեջանցի իրավապաշտպանը Լեռնային Ղարաբաղ այցելելուց
հետո անցյալ շաբաթ վերադարձել է Բաքու և տեղեկացել
է, որ իր գրասենյակը ենթարկվել է բարբարոսական հարձակման:
Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ
Էլդար Զեյնալովն ասել է, որ մի քանի տասնյակ բողոքավորներ
աղբ ու ձվեր են նետել գրասենյակի վրա, կոտրել են
պատուհանների ապակիները: Ադրբեջանական մամուլը և
ինքը՝ Զեյնալովը, այդ հարձակման մեջ մեղադրում են
«Ժողովրդական ճակատ-3» և «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը»
քաղաքական կազմակերպություններին:
Զեյնալովը կնոջ հետ միասին Ստեփանակերտ էր մեկնել
մարդու իրավունքներին նվիրված Կովկասյան ֆորումին
մասնակցելու նպատակով: Զեյնալովը հերքել է տեղեկություններն
այն մասին, թե ինքը հանդիպում է ունեցել Ղարաբաղի
նախագահի հետ:
Ղարաբաղում գտնվելու ժամանակ Բաքվի հեռուստակայաններից
մեկով Զեյնալովը ենթարկվել է այլ իրավապաշտպանների
սուր քննադատությանը: Եթերում հայտարարվել է Զեյնալովի
հեռախոսահամարը և, ինչպես ինքն է ասում, «հնչել
են կոչեր այնպես անել, որ նա չկարողանա հանգիստ
անցնել փողոցով»:
Բողոքողները գրասենյակի առաջ այրել են փայտե խաչի
վրա փակցված Զեյնալովի և Ղուկասյանի լուսանկարները:
«Ապրիլի 25-ին Բաքվի «Լիդեր-TV»-ն հայտարարել
է, որ ես հայ եմ և առաջարկել է ձերբակալել ինձ»,
- ասում է Զեյնալովը, որն այդ սպառնալիքների մասին
տեղեկացրել է Բաքվում գործող դիվանագիտական կորպուսներին:
«Նրանք սպառնում էին պայթեցնել ինձ և իմ գրասենյակը,
պահանջում էին ինձ պատասխանատվության ենթարկել հայրենիքի
դավաճանության հոդվածով»:
Զեյնալովը տեղի ունեցածը կապում է Ադրբեջանում
կայանալիք նախագահական ընտրությունների հետ, սակայն
ասում է, որ իր այցը Ղարաբաղ քաղաքականության հետ
որևէ կապ չուներ:
«Ինձ հրավիրել էին Խանքենդի (ադրբեջանցիներն այդպես
են անվանում Ստեփանակերտը) դասախոսություններ կարդալու
տարբեր երկրներից (Աբխազիա, Չեչնիա, Հյուսիսային
և Հարավային Օսեթիա, Լեռնային Ղարաբաղ) ժամանած
իմ կոլեգաների առաջ», - ասում է Զեյնալովը:
Զեյնալովին մեղադրում էին հակաադրբեջանական գործունեության
մեջ: Բողոքի ակցիաները՝ անցյալ շաբաթվա վերջում
նրա վերադարձից հետո, տևեցին մի քանի օր: Իրավապաշտպանն
ասում է, որ միջադեպերի մասին հայտնել է ոստիկանությանը,
սակայն նրան պատասխանել են, որ իր հակառակորդներն
օբյեկտիվ հիմքեր են ունեցել այդպես վարվելու համար:
Կովկասյան ֆորումի համակարգող խորհուրդը դեպքերի
կապակցությամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Հեյդար
Ալիևին, որտեղ նշվում է, որ Կովկասյան ֆորումի կողմից
անցկացվող սեմինարում քննարկվել են քաղաքացիական
հասարակության զարգացման հարցեր, և ոչ թե հակամարտող
երկրների քաղաքական կարգավիճակները:
Այս շաբաթ Երևանում էր գտնվում ադրբեջանցի մեկ
այլ իրավապաշտպան, գերիների, պատանդների և անհայտ
կորածների հարցերով «Միջազգային աշխատանքային խումբ»
կազմակերպության Ադրբեջանի համակարգող Ավազ Հասանովը,
որը նույնպես այցելել է Լեռնային Ղարաբաղ:
 |
Ավազ Հասանովը՝ «Միջազգային աշխատանքային խումբ»
կազմակերպության Ադրբեջանի համակարգողն է: Կազմակերպությունը
զբաղվում է պատերազմի ժամանակ գերի ընկածների,
պատանդների և անհայտ կորածների հարցերով: |
«Չեմ կարծում, որ ինձ հետ էլ այդպես կվարվեն, -
ասում է Հասանովը: - Ես միջազգային կազմակերպություն
եմ ներկայացնում, բայց հնարավոր է, որ լրագրողներն
իմ դեմ գրելով թունավորեն մթնոլորտը: Ամեն դեպքում
վտանգը կա: Հնարավոր է, ստիպված լինեմ բացատրություններ
տալ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանը», թե
ինչու եմ հաճախ լինում Հայաստանում»:
Զեյնալովի հետ տեղի ունեցածը Հասանովը գնահատում
է որպես սադրանք նախագահական ընտրություններից առաջ:
«Սա միջոց է ընտրություններից առաջ մարդկանց ինչ-որ
բանով զբաղեցնելու համար: Էլդար Զեյնալովը շատ բան
է արել մարդկանց հարգանքը վայելելու համար: Հասկանալի
է, որ Ադրբեջանում չեն ուզում, որ հասարակական կազմակերպությունները,
հատկապես իրավապաշտպանները, համագործակցեն Հայաստանի
իրավապաշտպանների հետ», - ասում է նա:
«Այն, ինչ կատարվել է Զեյնալովի հետ, բնական է
այն երկրների համար, որտեղ ժողովրդավարությունն
ընդամենը պատրանք է միջազգային կառույցներում ընդգրկվելու
համար: Այսօր Ադրբեջանում ազգայնական ուժերն անհամեմատ
ավելի զորեղ են, և սա է կատարվածի պատճառը»:
Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ
Միքայել Դանիելյանն ասում է, որ չնայած Զեյնալովն
ապաքաղաքական մարդ է, նա իր շատ որոշակի տեսակետն
ունի Ղարաբաղի հարցում:
«Երբ Էլդարը հայտարարել է, թե Ղարաբաղում կառուցվում
է քաղաքացիական հասարակություն, դրանով նա նկատի
չունի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասը չէ: Էլդարը,
ինչպես և բոլոր ադրբեջանցիները, համարում է, որ
Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է»:
|