 |
Նշանը
ցույց է տալիս ճանապարհը դեպի Հայաստանի համար
նոր պանդոկը: |
Կեսգիշերն անց է, և պարզվում է, որ Գորիսի միակ
հյուրանոցում տաք ջուր չկա: Դրսում հորդառատ անձրև
է, և չկա մեկը, որ ասի, թե որտեղ կարելի է սենյակ
գտնել գիշերելու համար: Մեքենայից դուրս գալը մեծ
սխալ էր: Ոտքից գլուխ թրջված ու մրսած՝ միակ բանը,
որ ուզում ես, տաք ցնցուղն է:
Զարմանքով պարզում եմ, որ Գորիսն այնքան էլ անհույս
չէ: Հյուրանոցի որոնումները պսակվում են նույնիսկ
տաք լոգանքով: Նեղլիկ չսալարկված ճանապարհը տանում
է դեպի եռահարկ տունը՝ փոքրիկ «B&B» ցուցանակով:
Մեծ ժպիտը դեպքին մի մարդ բացում է դարպասը և «համեցեք»
ասելով՝ փակում մեքենայի հետևից:
«Սա ինչ է, իսկապե՞ս, «Bed and Breakfast» է (մահճակալ
և նախաճաշ)», - մտածում եմ տարակուսանքով և, մինչ
դարպասը բացած մարդը կանչում է իր կնոջը, որպեսզի
դիմավորի հյուրերին, ուշադրությունս գրավում են
պատին փակցված երկու վկայականները, որոնք փաստում
են, որ Կարինե և Խաչիկ Միրաքյանները հաճախել են
«B&B»-ի վերապատրաստման դասընթացները և այժմ ինքնուրույն
վարում են իրենց գործը:
Նրանց ունեցած միակ կապիտալն իրենց տունն էր,
և 40-ամյա Խաչիկը (նկարիչ և նախկին դասախոս) ու
նրա 31-ամյա կինը՝ Կարինեն, մտածեցին, որ գյուղական
տուրիզմը չյուրացված ոլորտ է և իրենք պետք է փորձեն
եկամուտ քաղել դրանից:
Տունը, որտեղ ապրում են նաև Խաչիկի ծնողները և
Միրաքյանների երկու երեխաները, բավականաչափ մեծ
է հյուրեր ընդունելու համար: Այն ունի վեց սենյակ,
որոնցից չորսը, ավտոտնակի և պարտեզի հետ, հատկացված
են «B&B» ծրագրին: Իրենց գործը սկսելուց առաջ Խաչիկն
ու Կարինեն սենյակներից հանեցին ամբողջ ավելորդ
կահույքը, համեստ վերանորոգում արեցին, գնեցին նոր
հեռուստացույց, սրբիչներ և անկողնային սպիտակեղեն:
 |
Խաչիկը
և Կարինեն իրենց գործն են բացել Գորիսում: |
«Ես երկար ժամանակ մտածում էի սեփական տուրիստական
գործ բացելու մասին, սակայն գումար չունեի, - ասում
է Խաչիկը: - Ես էլ որոշեցի օգտագործել այն, ինչ
ունեմ՝ իմ տուն և իմ ընտանիքի աշխատանքը»:
Աշխատանք ասելով՝ Խաչիկը նկատի ունի կնոջն ու
իրեն: Կարինեն հավաքում է, լվացք է անում և եփում
է, իսկ Խաչիկը վարում է իրենց գործը՝ զբաղվում է
գովազդով, ընդունում է հյուրերին, բանակցում է գների
մասին և ապագայի ծրագրեր է կազմում:
Իսկ այսօր Հայաստանում «B&B» գովազդելը նույնը
չէ, ինչ, ասենք, անվադող գովազդելը: Պետք է ջանք
ու եռանդ ներդնես, որ բացատրես, թե ինչ է իրենից
ներկայացնում «B&B»-ն: Միրաքյան ամուսիններն ասում
են, որ մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին, երբ առաջին
անգամ տեսան «B&B»-ի ցուցանակը: «Ոմանք նույնիսկ
կարծեցին, թե Խաչիկի մայրը, որը ակնաբույժ է, ակնաբուժական
կենտրոն է բացել և անունը դրել է «B&B»», - ծիծաղում
է Կարինեն:
Սակայն Խաչիկին և Կարինեին իրենց նույնպես ժամանակ
պետք եկավ, որպեսզի պատկերացնեն, թե ինչպես է աշխատում
«B&B»-ն: Նրանք երկուսն էլ հաճախել են «B&B»-ի մի
քանի սեմինարների, որոնք Կրթական զարգացման ակադեմիայի
ֆինանսական օժանդակությամբ կազմակերպել էր Հայաստանում
Էստոնիայի պատվավոր հյուպատոսը: Նրանք նաև կարծիքներ
են փոխանակել ԱՄՆ-ի Մեյն նահանգի ամերիկացի մի զույգի
հետ, որոնք ավելի քան 15 տարի զբաղվում են նման
բիզնեսով:
«Ամենակարևոր բանը, որ սովորել ենք «B&B»-ից,
այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ են ուզում
մեր հաճախորդները, և այնպես անենք, որ նրանք իրենց
լավ զգան»:
Սովորական հյուրանոցից «B&B»-ն տարբերվում է իր
տնական միջավայրով: Ինչպես Միրաքյաններն են ասում,
«այն թույլ է տալիս քեզ զգալ տանը, երբ տանը չես»:
 |
Թարմ
կաթը մտնում է Միրաքյանների «B&B» պանդոկի առաջարկած
ծառայությունների մեջ: |
Սակայն Միրաքյանները միակը չեն, որ Հայաստանում
զբաղվում են «B&B»-ի բիզնեսով: Հայաստանում Էստոնիայի
պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը փորձում է
«B&B»-ի մի ամբողջ ցանց հիմնել: Նա ինքն այցելել
է գյուղական շրջաններում բիզնեսի զարգացման դասընթացներ
Իսրայելում և եկել է այն համոզման, որ ցանկացած
զբոսաշրջիկի նախ և առաջ հետաքրքրում են օթևանը և
ուտելիքը:
«Իմանալով, թե Հայաստանն ինչ գեղեցիկ է և որքան
զբոսաշրջիկներ կարող է հրապուրել, ես որոշեցի ներդրում
անել «B&B»-ի բիզնեսում և ինչ-որ բան անել գյուղացիների
համար: Իմ նպատակն էր ցույց տալ նրանց, թե ինչպես
կարող են օգտագործել իրենց սեփական կապիտալը՝ իրենց
տները»:
Ղուկասյանը սկսել է այս ծրագիրը 2001 թվականին՝
անցկացնելով մարքեթինգային հետազոտություն: Նա պարզել
է, որ գյուղական տուրիզմը նախընտրող զբոսաշրջիկների
70 տոկոսը տեղացիներ են, և միայն մնացած 30 տոկոսն
են օտարերկրացիներ, ինչը նրան բերել է այն եզրահանգման,
որ իր հաճախորդներն ի վիճակի չեն մեծ գումարներ
վճարել օթևանի և ուտելիքի համար:
Երևանյան մի խորհրդատվական ընկերության հետ նա
սկսել է սեմինարներ անցկացնել, և շուտով հավաքվել
են «B&B»-ի 60 պոտենցիալ օպերատորներ: Նա տուն է
գնել Սիսիանում և վերածել է այն «B&B»-ի օրինակելի
մոդելի սեմինարի մասնակիցների համար:
Գները տատանվում են 10-ից 30 դոլարի սահմաններում՝
կախված ծառայությունների որակից, որոնք ներառում
են հենց այն, ինչ «B&B»-ն ներկայացնում է իրենից՝
օթևան, նախաճաշ և ապահովություն:
Ավետիքը, որը նախատեսում է այս զբոսաշրջանը սկսել
10 գործող պանդոկներով, ասում է, որ իր երազանքն
է, որ ամեն գյուղում առնվազն երկու «B&B» պանդոկ
լինի:
|