 |
Արամ
Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ թանգարանի
տնօրենի պատրաստած և հրատարակած նամականին: |
Երբ 1978 թվականին դիրիժոր Գոհար Հարությունյանին
առաջարկեցին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բացվող
տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը, նրա զարմանքը մեծ
էր:
«Երբ առաջին անգամ ոտք դրեցի այստեղ, միայն հուշատունն
էր: Դուռը ջարդված էր, այգու ծառերը՝ չորացած: Մինչև
թանգարանի շենքի շինարարությունը սկսելը, այստեղից
40 մեքենա աղբ հանեցինք», - ասում է 80-ամյա Հարությունյանը:
Սակայն Հարությունյանի աչքերը փայլում են, իսկ
ձայնը զրնգում է, երբ խոսում է մեծ կոմպոզիտորի
մասին:
«Ես ամբողջ կյանքս եմ նվիրել այս աշխատանքին,
- ասում է նա: - Ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես
եմ այս ամենը հասցրել: Բայց մեկ է, չեմ հոգնել:
Գիշեր-ցերեկ մտածում եմ, էլ ինչ պետք է անեմ, որ
ոչ մի պակաս բան չթողնեմ»:
Նա 25 տարի է նվիրել նյութերի հավաքմանը:
«25 տարվա մեջ 1500 նամակ եմ գրել, - ասում է
նա: - Արամ Խաչատրյանը եղել էր 50-55 երկրներում,
և ինձ սկսեցին պատասխանել: Այն տարիներին, հատկապես
նամակների հավաքման գործում, մեծ օգնություն ստացա
սփյուռքահայության կոմիտեից»:
Հարությունյանը հավաքել է 1978 թվականին մահացած
Արամ Խաչատրյանի 1450 լուսանկարներ, նրա մասին պատմող
7000 հոդվածներ և 18000 նյութեր:
1983 և 1993 թվականներին Հարությունյանը հրատարակել
էր երաժշտի նամակները:
Այս տարի նույնպես Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի
կապակցությամբ Հարությունյանը հրատարակել է նրա
նամակները, ինչպես նաև թանգարանի կատալոգները անգլերեն,
հայերեն և ռուսերեն լեզուներով: Պետական կազմակերպությունների
կողմից որևէ օգնություն չստանալով՝ Հարությունյանը
hրատարակել է այդ նյութերն իր սեփական միջոցներով:
Թանգարանի աշխատակազմն անհանգստացած է, որ արդեն
հինգերորդ ամիսն է սկսվել, իսկ Հայաստանը դեռ ոչնչով
չի նշանավորվել մեծ երաժշտի 100-ամյակը:
«Եթե մեր պետական այրերին հարցնեք, թե իրենք ինչ
են արել 20-րդ դարի մեր հրաշալի կոմպոզիտորի համար,
պատասխան չեք ստանա, - ասում է տնօրենը, - իսկ ես
կարող եմ ասել, որ ստեղծել եմ թանգարան համաշխարհային
անունով»:
 |
Գոհար
Հարությունյանն ասում է, որ անցած 25 տարիների
ամեն օրը լի է եղել իրադարձություններով: |
Տիկին Հարությունյանին մտահոգում է նաև այն փաստը,
որ Հայաստանի սահմաններից դուրս Խաչատրյանի 100-ամյակին
նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս փետրվարից,
իսկ Հայաստանում դեռ չեն սկսվել: Հուլիսին նա պատրաստվում
է մեկնել Բոստոն՝ մասնակցելու Խաչատրյանին նվիրված
տոնակատարությանը:
Հարությունյանն ինքը պարգևատրվել է թանգարանում
կատարած իր աշխատանքի համար, այդ թվում՝ Մովսես
Խորենացու մեդալով թանգարանի գործունեության 20-ամյակի
կապակցությամբ:
Եվ չնայած հարյուրամյակի առանձնակի նշանակությանը,
նա ասում է, որ անցած 25 տարիների յուրաքանչյուր
օրը լի է եղել իրադարձություններով: Թանգարանի համերգային
դահլիճում շաբաթը երկու-երեք անգամ կազմակերպվում
են համերգներ, մրցույթներ, ինչպես նաև հանդիպումներ
անվանի երաժիշտների հետ: Թանգարանն ամեն տարի ունենում
է շուրջ 15000 այցելու:
«Մենք անընդհատ գործի մեջ ենք, չենք սպասում,
թե վերևից ինչ կանեն, - ասում է Հարությունյանը,
- մենք միշտ արել ենք ու կանենք»:
Թանգարանի ձայնադարանը բավականին հարուստ է: Այն
համալրվել է 2500 լազերային սկավառակներով, որ նվիրել
է կանադահայ Լաթելյե Գրիգորյանը: Եվս 350 երիզներ
է նվիրել ֆրանսիական դեսպանատունը:
Թանգարանի տնօրենն իրեն համարում է հերոսուհի,
երբ պատմում է, թե ինչպես է Սան Պաուլոյից թանգարան
հասցրել «Փլեյեր» մակնիշի դաշնամուրը Արամ Խաչատրյանի
ստորագրությամբ:
«Այդ դաշնամուրը պատկանում էր արգենտինահայ Տիգրան
Մոստիջյանին: 1958 թվականին նա կոմպոզիտորի պատվին
մեծ ընդունելություն է կազմակերպում իր տանը: Այնտեղ
Խաչատրյանը նրա խնդրանքով նվագում է, իսկ հետո Մոստիջյանի
խնդրանքով մեխով ստորագրում իր ազգանունը», - պատմում
է Հարությունյանը:
 |
Արգենտինայում
կայացած համերգից հետո կոմպոզիտորը «ստորագրել»
է դաշնամուրի վրա: Այժմ այն հանգրվանել է թանգարանում: |
Այսօր դաշնամուրը համեստորեն կանգնած է թանգարանի
համերգային դահլիճում և լռում է: Նրա փոխարեն խոսում
են պատերի լուսանկարները: Արամ խաչատրյանը Չառլի
Չապլինի, Մաքսիմ Գորկու, Սոֆի Լորենի, Բելգիայի
թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, Էռնեստ Հեմինգուեյի,
Մարկ Շագալի և շատ այլ հայտնի մարդկանց հետ:
Խաչատրյանի որդին՝ Կարենը, թանգարանին է հանձնել
հոր անձնական իրերի մեծ մասը՝ ննջարանի, աշխատասենյակի,
ճաշասենյակի կահավորանքը, դաշնամուրը, դիրիժորական
ֆրակը, փայտիկը, բազմաթիվ այլ իրեր:
Վերջին 25 տարիների ընթացքում թանգարանը չի վերանորոգվել:
Առաջարկել են վերանորոգել շենքը Հայաստանում «Լինսի»
հիմնադրամի մշակույթային ծրագրի շրջանակներում,
սակայն Հարությունյանն ասում է, որ չի կարող վերանորոգման
պատճառով ընդհատել հարույրամյա հոբելյանը, չնայած
վերանորոգումն անհրաժեշտ է:
Ձմռանը ջերմաստիճանը թանգարանում հասնում է -12-ի,
իսկ գարնանը, երբ սկսվում են անձրևները, առաստաղի
սալիկները թափվում են:
«Թանգարանի ստեղծման նախաձեռնողն ինքը՝ Արամ Խաչատրյանն
էր, - ասում է Հարությունյանը: - Նա գտնում էր,
որ իր թանգարանը պետք է լինի Հայաստանում: Նա երազում
էր, ինչպես ինքն էր ասում, «իր ժողովրդին» հանձնել
իր ձեռագրերը, նամակները, հիշարժան իրերը, որոնք
պետք է վկայեին նրա կյանքի, ստեղծագործության, երաժշտական
համաշխարհային ճանաչման մասին»:
|