 |
«Արամ»
ֆիլմի գովազդային պաստառը: |
Ղարաբաղյան պատերազմ... ռումբերի ահեղ ձայնից ու
մահացու հարվածներից գետնահորերում ծվարել են երեխաները:
Վախով ու կարոտով լի նրանց աչքերը սարսափահար նայում
են իրենց սգացող մայրերին:
Մի ծեր կին կանգնած է իր տան փլատակների մեջ.
«Խաղաղություն ենք ուզում, միայն խաղաղություն տվեք
մեզ»:
Այսպես է սկսվում «Արամ»-ը՝ կինոռեժիսոր Ռոբեր
Քեշիշյանի առաջին լիամետրաժ ֆիլմը: Այն արդեն 3
ամիս ամեն օր ցուցադրվում է Փարիզի 5 կինոթատրոններում,
իսկ ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում սկսվեց
ֆիլմի հայաստանյան ցուցադրումը:
Ֆիլմի գործողութունները ծավալվում են Փարիզում,
ուր գաղտնի ժամանում է Արամը (դերակատար՝ Սիմոն
Աբգարյան), որին ընտանիքը համարում է Ղարաբաղում
անհայտ կորած: Նա պատրաստվում է վրեժ լուծել եղեռնի
զոհերի և հաշմանդամ եղբոր համար՝ սպանելով թուրք
գեներալի:
Թեև եղեռնը ֆիլմում բացահայտ չի ներկայացվում,
հանդիսատեսն անմիջպես ըմբռնում է տողերի արանքում
դրված իմաստը:
 |
Ռոբեր
Քեշիշյանը և Սերժ Ավեդիքյանը մամլո ասուլիսում: |
«Իր «Արամ» ֆիլմով Քեշիշյանն ընդգծում է իր անհատականությունը,
ընտանեկան ողբերգության և ահաբեկչության միջոցով
առաջ քաշելով հայոց եղեռնի չսպիացած վերքերը, -
գրել է «Լը Մարսեյ» թերթը: - Ֆիլմի գիշերային մի
տեսարանում Ռոբեր Քեշիշյանը Փարիզը ներկայացրել
է որպես մի անհայտ քաղաք, որը թաքցնում է իր գաղտնիքները
վտարանդուն հատուկ զգուշությամբ, անվերջանալի միալար,
մելամաղձոտ երաժշտությամբ, որը հիշեցնում է 1915-16
թվականների հայոց եղեռնը»:
«Ֆիլմում բազմաթիվ են գիշերային Փարիզի տեսարանները,
ուր սև ու սպիտակի ներդաշնակությունը վերածվում
է տարբեր երանգների, հայկական երգերը, որոնք տառապանքի
ձայն են կարծես, որ հնչում են որպես բողոք, և խորիմաստ
հայացքները, որոնք ավելի շատ են, քան երկխոսությունները»:
Մի մարդ գիշերային մթության մեջ լուռ, սևեռուն
հայացքով քայլում ու միևնույն ժամանակ ամրագրում
է իր թշնամիների և համախոհների հայացքները: Աչքերը
հոգնած են, տանջված, բայց կրակով լի, հոգին լի է
սիրով ու վրեժով: Արամն է, որ և՛ մարդասպան է, և՛
արդարություն ու հատուցում փնտրող որդի, որն արցունքոտ
աչքերով կարող է ծնկի իջնել հոր առջև ու ներողամտություն
հայցել:
 |
Անցյալ
շաբաթվանից «Արամը» ցուցադրվում է «Մոսկվա»
կինոթատրոնում: |
«Արամն այն հերոսն է, որ կուզենայի լինել, բայց
չեմ, որովհետև խոսք եմ տվել ծնողներիս, որոնք արդեն
կորցրել էին իրենց 3 որդիներին», - ասում է Քեշիշյանը:
Փարիզում ծնված 63-ամյա արվեստագետն առաջին անգամ
է Հայաստանում, քանզի ինքն իրեն և ծնողների հիշատակին
խոսք էր տվել, որ չի գա Հայաստան, մինչև չստեղծի
այս ֆիլմը:
«Ես ուզում էի ոտք դնել հայրենիք նրա իսկական
զավակը դարձած, ուզում էի ասել այդ հողին, որ արել
եմ այն, ինչ կարող էի և պետք է անեի»:
Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է 1988-1989 թթ.
հայ ազատագրական շարժման ծավալման և ղարաբաղյան
պատերազմի հետ:
Արամի կերպարը հիմնված է Սողոմոն Թեհլերյանի կենսագրության
վրա, որը սպանել է թուրք դեսպանի: Այն ունի նաև
պատերազմում զոհված Ղարաբաղի հերոս սփյուռքահայ
Մոնթե Մելքոնյանի բնորոշ գծերը:
Քեշիշյանն անվանել է ֆիլմն իր հոր անունով, որը
որբացել և վտարանդի է դարձել 14 տարեկանում:
«Արամն իմ որդիական սիրո և մարդկայնության կատարյալ
համակցությունն է, նա ազատագրական պայքարի ելած
մարտիկի ընդհանրացված կերպար է: Ես հարգանքի իմ
տուրքն եմ տալիս Ղարաբաղի հերոսներին ու փորձում
անմահացնել նրանց Արամի կերպարով», - ասում է Քեշիշյանը:
|