ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ամերիկայի իրաքատյացության վիրուսով մի քիչ վարակված՝ ես վերջերս մտա մոտակա տնտեսական խանութը, որպեսզի տնտղեմ Հայրենիքի անվտանգության բաժինը:

Որքան գիտեմ, հայերենում «duct tape»-ին համարժեք արտահայտություն չկա, սակայն ես պարզել էի, որ «Սադդամ», «Ամերիկա» և «բում» բառերն իրար կպցնելով, կարելի է արտահայտել մի շատ ընդհանուր՝ վեր թռած թավ ունքերի զարմանքը հարուցող, իմաստ:

Բնակարանս զմռսելու անհրաժեշտությունը՝ զանգվածային ոչնչացման զենքերից (ԶՈԶ) պաշտպանելու նպատակով, ինձ ներշնչել էր նախախնամությունը՝ ի դեմս 128 էջի վրա ինքն իրեն բացված Աշխարհի ատլասի, որից տեղեկացա, որ ես ապրում եմ Բաղդադից ընդամենն 800 կմ հեռավորության վրա:

Երկու տարի առաջ, երբ տեղափոխվում էի Հայաստան, դա իմ մտքով անգամ չէր անցնում, ինչպես նաև այն, որ տեխասցի լոթին, որը «միջուկային» բառն արտաբերում է «միչըկա՛յին», կարող է դառնալ Համայն աշխարհի ամենահզոր երկրի (ՀԱԱԵ) գլուխը:

Մի փոքր պատմական էքսկուրս սեպտեմբեր 11-ին հաջորդած ժամանակաշրջան նրանց համար, ում բախտ է վիճակվել ապրել մի աշխարհում, որը դեռ լրիվ չի խենթացել...

«Duct tape»-ն այն լայն, մետաղագույն կպչուն ժապավենն է, որ ամերիկացիներն օգտագործում են ամեն ինչի համար՝ ջրի խողովակներն իրար կապելուց մինչև ճչացող պատանդների բերաննները փակելու համար:

Մի երկու ամիս առաջ կենսաքիմիական պատերազմի մի կարկառուն փորձագետ (թե՞ նա պարզապես այդ ժապավենն արտադրող «3M» ընկերության փայատեր էր), տեղեկացրեց ամերիկացիներին, որ նրանք պետք է պատրասը լինեն զմռսել իրենց բնակարանները կպչուն ժապավենով և պոլիէթիլենե թաղանթով:

Եվ ըստ իմ ստացած տեղեկությունների, այս տարի Սուրբ Վալենտինի օրն Ամերիկայում կպչուն ժապավենի վաճառքը գերազանցել է վարդերի վաճառքը:

Արտասահմանից ստացված այս լուրն ու 128-րդ էջի աշխարհագրական հայտնությունն էին, որ ինձ տարան «1000 ու 1 մանրուք» խանութը: Եվ եթե շփոթված վաճառողները չկարողացան իրենց պահեստներում գտնել Ամերիկայի ամենասիրած ապոկալիպսիսյան ապրանքը, ինչ-որ չափով գոնե մխիթարական էր իմանալ, որ չարիքի էպիկենտրոնին այսքան մոտ՝ «Սկադ հրթիռ» բառակապակցությունը հեշտությամբ թարգմանվում է հայերեն:

Զավեշտական է, սակայն տպավորությունը բոլորովին էլ այնպիսինը չէ, որ մենք ապրում ենք մի երկրում, որի վրա կարող են տարածվել պատերազմի կողմնակի հետևանքները:

Ես տնից նամակներ եմ ստանում, որոնք ասում են, որ պետք է Նահանգներ վերադառնամ մինչև պատերազմի սկսվելը: Ես պատասխանում եմ, որ գերադասում եմ քնել բաց դռներով իմ տանը Բաղդադից 800 կիլոմետրի վրա, քան թե կպչուն ժապավենով զմռսեմ ինքս ինձ արվարձարանային մի տան մեջ մի երկրում, որտեղ երկնաքերները խենթերի ու մոլագարների թիրախն են դարձել:

Սրանք անհայտության մեջ ապրելու հրաշալի օրեր են: Թեև երբեմն ինձ մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը չի հետաքրքրում աշխարհի մեծ մասին, այս օրերին մխիթարական է իմանալ, որ աշխարհի մեծ մասը չի նկատում Հայաստանի գոյությունը:

Առնվազն մեկ անգամ ես գրել եմ «ՍիԷնԷն»-ին՝ հարցնելով, թե ինչու Երևանն ընդգրկված չէ աշխարհի եղանակի տեսության քաղաքների ցանկում: Սակայն իմ մի քանի մեղմ ակնարկներն այն մասին, որ մենք առնվազն նույնքան կարևոր ենք, որքան, ասենք, Մալթան, արժանացան միայն հերթապահ պաշտոնական պատասխանի:

Սակայն երկուշաբթի երեկոյան ինձ զանգահարեց մեկ այլ ամերիկացի և շատ հուզված ասաց, որ «ՍիԷնԷն»-ի եղանակի տեսությունն անձրև է խոստացել «այնպիսի շրջաններում, ինչպես Հայաստանը»:

Գրողը տանի՛: Հենց այն ժամանակ, երբ մոռացությունը մեզ կարծես անվտանգություն պիտի ապահովեր, համաշխարհային եղանակային քարտեզի այդ խելոքները պիտի գային ու բացահայտեին մեզ: (Թեև ես առարկում եմ «այնպիսի շրջաններում, ինչպես Հայաստանը» արտահայտության դեմ: Այդ ի՞նչ շրջանների մասին է խոսք գնում:)

Եթե բանի տեղ չդնենք թուրքերի և ազերիների հայտարարությունները, Հայաստանը որևէ մեկի Որևէ բանի առանցքը չէ:

Այնպես որ, թեև իմ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան հայրը մերթ ընդ մերթ զանգահարում ու հարցնում է, թե երբ եմ «պատրաստվում վերադառնալ հին բարի Ամերիկայի ՄՆ», ես երևի հետաձգեմ իմ վերադարձը:

Եվ մինչ Կապիտոլյան բլրի սրճարաններն իրենց ճաշացուցակներում ջնջում են «ֆրանսիական» բառը (ի նշան բողոքի պատերազմի խելահեղությանը միանալուն Ֆրանսիայի մերժման դեմ), ես մածունը ձեռքիս կկծկվեմ Նալբանդյան փողոցի վրա գտնվող իմ տանը և ռետինն առած կբացեմ 128 էջը: Եվ կքնեմ կուշտ մանկան նման, անկախ նրանից, թե արշալույսն ինձ ինչ է բերելու՝ արևի առաջին շողերը, թե հրթիռների կարմիր բոցը:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.