Նախագահ
Ռոբերտ Քոչարյանը վերջնական արդյունքերի պաշտոնական
հայտարարումից հետո իր առաջին հրապարակային ելույթի
ժամանակ ասաց, որ ընտրական խախտումները չեն անդրադարձել
ընտրությունների արդյունքի վրա:
«Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, - ասաց նա,
- Կա գործընթաց՝ կապված ընտրությունների հետ»:
Չորեքշաբթի օրն իր նստավայրում լրագրողների հետ
հանդիպման ժամանակ Քոչարյանն ասաց, որ ընդդիմության
կեցվածքը կանխատեսելի էր և ուղղված էր ավելի շատ
մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում
առավելություն ապահովելուն: Քոչարյանն ասաց, որ
իր հակառակորդները քարոզչություն են վարել՝ հասարակության
դժգոհությունը բորբոքելու նպատակով:
«Նման մոտեցումը կարելի է հասկանալ զուտ տակտիկական
տեսանկյունից, սակայն որևէ մեկը չպետք է վտանգի
սեփական երկրի վարկանիշը՝ հանուն սեփական շահերի»,
- ասաց նա:
Այդուհանդերձ, նախագահն ասաց, որ ընտրություններն
իդեալական չի համարում:
Նա ասաց, որ հարցրել է օտարերկրյա դիտորդներին
այն չափանիշների մասին, որոնցով նրանք գնահատում
են ընտրությունները, և հետաքրքրվել է, արդյոք նրանք
հաշվի են առել այն փաստը, որ Հայաստանը նորաստեղծ
պետություն է: Ըստ նրա, պատասխանը հետևյալն էր.
ընտրությունների ընթացքը գնահատվել է ըստ բոլոր
երկրներում կիրառվող չափանիշների:
Քոչարյանն ասաց, որ ցավում է Եվրոպայի անվտանգության
և համագործակցության կազմակերպության քննադատական
զեկույցի կապակցությամբ, սակայն նշեց, որ դիտորդները
չեն կարող հարցականի տակ դնել ընտրությունների օրինականությունը:
«Միջազգային դիտորդներն ավելի խիստ էին, քան 1998-ին:
Դիտորդների սպասելիքներն ավելի մեծ էին, քան մենք
ենթադրում էինք, - ասաց նա, - Եթե ընտրությունները
համեմատենք Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի ընտրությունների
հետ, ապա դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
«Սակայն մենք ընտրություններ անում ենք մեր երկրի,
այլ ոչ թե հաշվետվություն տալու համար: Իհարկե,
կուզենայինք, որ ընտրությունները դրական գնահատվեին:
Սակայն մենք անկախ երկիր ենք, և մեր անկախությունը
պետք է հարգել»:
Ինչ վերաբերում է Անկախ պետությունների համագործակցության
և ԵԱՀԿ-ի դիտորդների գնահատականների տարբերությանը,
նախագահն ասաց, որ դա պետք չէ վերագրել աշխարհաքաղաքական
տարբեր շահերին:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ Քոչարյանը
նշեց, որ դիտորդների գնահատականը չի կարող ազդել
Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խնդրի կարգավորման վրա:
«Հայաստանի դիրքորոշումը միջազգային բանակցություններում
կլինի նույնը՝ հստակ և կոնկրետ»:
Քոչարյանն ասաց, որ իր կառավարությունը տեր է
լինելու այդ դիրքորոշմանն առնվազն առաջիկա հինգ
տարիների ընթացքում և վստահեցրեց, որ իր վարչակազմն
ի վիճակի է հարթել լարված քարոզարշավի և ընտրությունների
հետևանքով ստեղծված ցանկացած անկարգություն:
«Մենք շատ անելիքներ ունենք: Անձամբ ես ունեմ
ծրագիր, որը ներկայացրել եմ հասարակությանը, - ասաց
նախագահը, - Եվս 30-40 հազար աշխատատեղ պետք է ստեղծենք:
Կարևորը, որ այս ծրագրի իրականացման գործում ինձ
չխանգարեն»:
|