Երևանի
Բաղրամյան պողոտայի վրա գտնվող շենքերից մեկի բնակիչները
մտահոգված են, որ շենքի վրա «Արմենտելի» տեղադրած
արբանյակային ափսեները կարող են վնասակար լինել
իրենց առողջության համար:
Հեռախոսային ընկերությունը վերջերս բարձր հզորության
երեք անտենա է տեղադրել շենքի տանիքին՝ բջջային
հեռախոսակապի որակը բարելավելու համար:
Սակայն Բաղրամյան 25 հասցեում գտնվող 16-հարկանի
շենքի 200 բնակիչներին իրենց առողջությանը սպառնացող
վտանգն ավելի է մտահոգում, քան բարձրորակ կապը:
Շենքի լիազոր Գայանե Մկրտչյանը հայտնում է, որ
նոյեմբերին գնվել է վերջին հարկում գտնվող համար
63 բնակարանը, և այնտեղ վերանորոգման աշխատանքներ
են սկսվել:
Սեփականաշնորհված շենքի բնակիչները մեկ շաբաթ
առաջ հնարավորություն ստացան տեսնել վերանորոգված
բնակարանը, որն իրենից ներկայացնում էր առանց պատուհանների
ու դռների մի տարածք, որի պատերը հաստացված էին
քարի շարվածքի մի քանի շերտերով: Բնակիչներն ասում
են, որ այդ տարօրինակ բունկերն այնքան ծանր է, որ
կարող է վնասել շենքի կոնստրուկցիան:
Սակայն բնակիչներին ամենից շատ անհանգստացնում
է վախն անտեսանելիի նկատմամբ:
Բնակիչներից մեկը՝ տիկին Մերին, ասում է, որ իրեն
անհանգստացնում են անտենաների ճառագած ռադիոակտիվ
մասնիկները:
«Դա անհոտ, անտես, անգույն մահ է, որն ազդում
է ժամանակի ընթացքում՝ տարիներ անց», - ասում է
նա:
Բնակիչների մտահոգությունը կիսում է Երևանի Ռադիոֆիզիկայի
գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, գիտությունների
դոկտոր, Բնապահպանության և կենսագործունեության
անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս
Սուրեն Մարտիրոսյանը:
Նա ասում է, որ նման անտենաները, որոնք միացվում
են հատուկ գեներատորների և ճառագում են մեծ հզորության
կարճալիք ազդանշաններ, չի կարելի տեղադրել բնակելի
շենքերի վրա:
Բնակիչները նաև պնդում են, որ «Արմենտելի» սարքավորումները
ժամկետանց են (դրանց օգտագործման ժամկետը լրացել
է ավելի քան մեկ տարի առաջ), իսկ ներկայացված վկայականը
հայերեն չէ, ինչը Հայաստանի օրենսդրության խախտում
է:
«Կան
երկրներ, որոնց հետ վկայականների փոխճանաչման պայմանագիր
ունենք, սակայն միևնույն է, այդ վկայականները պետք
է հաստատվեն Հայաստանում, - ասում է ՀՀ կապի և տրանսպորտի
նախարարության տեսչական և լիցենզավորման վարչության
պետ Հայկանդուխտ Բարոյանը, - Իսկ եթե վկայականի
ժամկետն անցել է, օրինականության մասին ուղղակի
խոսքի չի կարող լինել»:
Իր հերթին, «Արմենտելի» ներկայացուցիչ Հասմիկ
Չութիլյանն անհիմն է համարում բնակիչների վախը՝
ասելով, որ «ժողովուրդն անտեղի է խուճապի մատնվում»:
Համար 25 շենքի բնակիչները դիմել են առողջապահության
նախարարություն, որպեսզի վերջինս եզրակացություն
ներկայացնի՝ արդյոք ափսեները սպառնում են իրենց
առողջությանը: Վաղը՝ մարտի 15-ին, պետք է նիստ հրավիրվի,
որը և պետք է որոշում ընդունի:
Սակայն եթե անգամ նախարարության մասնագետները
որոշեն, որ անտենաները վտանգ չեն ներկայացնում,
շենքի բնակիչներն ասում են, որ չեն համակերպվի «Արմենտելի»
անտենաների տեղադրման հետ:
«Եթե անգամ այդ անտենաները վնասակար չլինեին,
լինեին շոկոլադից, միևնույն է, մենք իրավունք ունենք
թույլ չտալ դրանց տեղադրումը», - ասում է տիկին
Մերին:
|